Արևմուտքը ողջունում է ՀՀ իշխանությունների միակողմանի զիջումը
Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ Պետքարտուղարությունն ու ԵՄ-ն, ողջունում են ըստ էության ապրիլի 5-ի հանդիպմանը հաջորդած ՀՀ իշխանությունների միակողմանի զիջումն Ադրբեջանին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Վաշինգտոնը ողջունում է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը, որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք։ Ըստ Բլինքենի՝ սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարն էլ հայտարարել է, թե հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովների աշխատանքի, իրավական փաստաթղթերի և 1991թ. Ալմաթիի համաձայնագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ։ Եվրամիությունը լիովին աջակցում է բանակցային գործընթացին, ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Նախօրեին՝ մինչ այս «պայմանավորվածության» կայացումը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացից, հայտարարեց․ «Ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Տավուշի մարզում չորս ոչ անկլավային գյուղերի մասին, որոնք պատրաստ է փոխանցել։ Նա այժմ այդ շրջանում համոզում է բնակչությանը, որ այլ կերպ վարվելը սխալ կլինի։ Իսկ 1991 թվականի սահմանը, որը Փաշինյանը ցանկանում էր, որ ՀԱՊԿ-ը հաստատեր ու պաշտպաներ, հաշվի չի առնվում»։ Այս սահմանները, ըստ նրա, սահմանազատման և միակողմանի քայլերի մասին խոսելու գործընթացում դառնում են «շարժական»։
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին էլ նախօրեին մեկնաբանելով ՀՀ Տավուշի մարզի գյուղերի շուրջ տեղի ունեցող գործընթացները, խուսափեց որակումներ տալ, այլ նշեց, որ Հայաստանի իշխանություններն Իրանին տեղեկացրել են, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները ձեռք են բերվում Ալմա Աթայի հռչակագրով, այսինքն՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա։ Դեսպան Սոբհանին ասաց նաև, որ տարածքները, որոնցով անցնում է ճանապարհը (Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը), որքանով տեղեկացել է, ներառված չեն պայմանավորվածություններում։
Ուշագրավ է, որ ներկայումս ՀՀ իշխանությունների հիմնական գործընկեր հավաքական Արևմուտքը ողջունում է, որ սահմանազատման հանձնաժողովները նախնական համաձայնեցրել են սահմանագծի 4 առանձին հատվածները, ինչպես նշում են հաղորդագրությունում՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Արևմտյան կենտրոններին ըստ էության քիչ է հուզում, որ Հարավային Կովկասում շարունակվում է ՀՀ միակողմանի զիջումների շղթան, ավելին՝ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն ողջունում են ամեն գնով Ադրբեջանի հետ իբրև թե համաձայնության գալու՝ ՀՀ իշխանությունների ցանկությունը։
Հատկանշական է, որ ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումից հետո մի շարք վերլուծաբաններ կարծիք էին հայտնում, որ Արևմուտքը Հայաստանի շուրջ արհեստական կոնսոլիդացիայի և ֆինանսական աջակցության դեմոնստրացիայով իրականում նպատակ ունի Հայաստանին ոգևորել դեպի նոր զիջումներ։
Եթե դիտարկենք հենց այս վերլուծությունը, ապա բնական են դառնում նաև արևմտյան վերոնշյալ ողջույնները՝ ուղղված փաշինյանական միակողմանի զիջումներին։
Ի դեպ, այս 4 հատվածներն իբրև թե չսահմանազատված այն հատվածներն են, որոնցում փոխանցող կողմը միմիայն Հայաստանն է, ավելին, սա այն հատվածն է, որը Ադրբեջանը ցանկանում էր իբրև թե սահմանազատել ամենաառաջինը։ Նույնիսկ քարտեզի հարցում Ադրբեջանը չի ընդունել ՀՀ առաջարկած տարբերակը, և այս դեպքում ևս հայկական կողմը համաձայնել է ադրբեջանական թելադրանքին։ Նախօրեի՝ ՀՀ-ի միակողմանի զիջումներով պայմանավորվածությունները, Արևմուտքից բացի, լուծում են համարում միայն Փաշինյանն ու ՔՊ-ականները։