Ի՞նչ ռիսկեր է պարունակում ԵՄ առաքելության վերաճումը ՆԱՏՕ-ի առաքելության
Օրերս հայտնի դարձավ, որ Կանադան պաշտոնապես միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը։ Այս մասին տեղեկացրել էր ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության X-ի էջը՝ նշելով, որ ընդունել են կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն։
«Շնորհակալություն, Կանադա, արժեքավոր համագործակցության համար։ Կանադան առաջին երրորդ պետությունն է, որն աջակցում է առաքելությանը»,- ասված էր գրառման մեջ։ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին X-ի իր հարթակում գրառում էր արել Հայաստանի մասին․ «Անցյալ տարվա իմ այցից վերադառնալուց հետո գլխավոր առաջնահերթություններից մեկը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրումն էր, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը»։
Ջոլին այդպիսով ողջունել էր կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկու նշանակումը՝ որպես Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության անդամ։ Դեռ 2023-ի հուլիսին Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին էր հայտարարել, որ Կանադան մասնակցելու է Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ նշելով, որ Կանադան ԵՄ-ի կողմից ընդունվել է՝ որպես առաքելության երրորդ կողմ։
Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուշադրություն հրավիրեց ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը ՆԱՏՕ-ական Կանադայի դիտորդների մասնակցության փաստին։
Նա նշեց, որ այլ ՆԱՏՕ-ական երկրներ ևս միանալու են առաքելությանը՝ փաստացիորեն ԵՄ առաքելությունը վերածելով ՀՀ-ում ՆԱՏՕ-ի առաքելության։ Առաջին անգամը չէ, որ ՌԴ ԱԳ նախարարությունն ուշադրություն է հրավիրում ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության վրա, մեղադրում ՀՀ-ում դիտորդություն իրականացնող եվրոպացիներին մինչև անգամ Ռուսաստանի ու Իրանի վերաբերյալ ՀՀ-ից հետախուզական տվյալներ հավաքագրելու մեջ։ Թվում է՝ ՌԴ-Արևմուտք սուր առճակատման պայմաններում, ռուսական դիվանագիտությունը բնականորեն թիրախավորում է ՀՀ-ում հաստատված քաղաքացիական դիտորդներին, հատկապես, որ նրանք ՀՀ ժամանեցին կարծես ՀԱՊԿ մերժված դիտորդների փոխարեն։
Սակայն ձևակերպումը, թե «ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության», վտանգավոր է թվում, հաշվի առնելով Հայաստանի հարևանությունը, մասնավորապես՝ Իրանի ներկայությունը ռեգիոնում, ինչպես նաև Ռուսաստանի հետ այնուամենայնիվ դեռևս չխզված ռազմավարական դաշնակցությունը ու ՌԴ-ի ու Իրանի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի նկատմամբ։
168․am–ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ եթե ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշում է, որ այլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են միանալու առաքելությանը, նշանակում է՝ կան նման տվյալներ, և կա մոտավոր պատկերացում, թե ինչպիսին է Արևմուտքի տեսլականն ու այդ առաքելության առջև դրված խնդիրները։
Նրա որակմամբ, ԵՄ քաղաքացիական դիտորդները, բնականաբար, այլ բան է, իսկ դրա կազմի, մասնակցող երկրների ցանկի ընդլայնումն ու, առավել ևս, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից դիտորդների ներգրավումը լիովին այլ իրավիճակ է, քանի որ ՌԴ-ն ու Իրանը թշնամական հարաբերություններ ունեն ՆԱՏՕ-ի հետ։
«Դա, բնականաբար, ավելի խնդրահարույց կարգավիճակ է, քան միմիայն Եվրոպական դիտորդների ներկայությունը։ Ինչպես տեսնում ենք, ոչ Իրանը, ոչ ՌԴ-ն չեն փորձում դա վերածել հարաբերություններում լուրջ խնդրի, սակայն Ռուսաստանը հարցն արդեն իսկ բարձրացնում է, ուշադրություն հրավիրում դրա նկատմամբ։
Կարևոր է փաթեթավորումը, այս դեպքում՝ այնուամենայնիվ, այն անվանում են ԵՄ քաղաքացիական դիտորդներ, պարզապես երևի թե ցանկանում են որոշ ՆԱՏՕ երկրների ներկայություն ևս ապահովել տարատեսակ երկրների մասնակցության տեսքով։ Իրանական դիվանագիտության ավանդույթներն այլ են, դիվանագիտության հանրային մասը չափազանց քիչ է, ուստի բարդ է նաև կանխատեսել, թե Իրանն ինչպես կարձագանքի ու ինչպիսի հարցեր կբարձրացնի։
Այն, որ սա մտահոգելու է իրանական կողմին, այն, որ հարցը բարձրացվելու է, միանշանակ է։ Իրանի մեկնաբանությունները՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության անթույլատրելիության մասին, վերաբերում են նաև սրան»,- ասաց վերլուծաբանը։
Վերջինս գտնում է, որ հիմնական ռիսկն այն է, որ մրցակցությունը ռեգիոնում սրվում է, քանի որ ռեգիոնում ավելանում է ՆԱՏՕ-ի ներկայություն թշնամի երկրների կողքին։
«Դատելով ՌԴ ԱԳՆ մեկնաբանություններից և հայ-ռուսական հարաբերությունների վիճակից, ՀՀ-ն որևէ աշխատանք այս մասով ռուսական կողմի հետ չի իրականացրել, սակայն չի բացառվում, որ Իրանի հետ աշխատել են, այդպիսով որոշ սուր արձագանքներ չեզոքացնելով։ Սա ենթադրություն է։ Բայց, բնականաբար, եզրափակելով՝ ՆԱՏՕ անդամ երկրների ներգրավումը առաքելության կազմ էլ ավելի է սրում աշխարհաքաղաքական մրցակցությունը ռեգիոնում, սա ամենամեղմ որակումն է ստեղծված իրավիճակի համար»,- ասաց նա։