Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերության դռները տոտալ փակել է Մայր Աթոռի առաջ. յուրայիններով հավաքվում ու հանրության փողերով լուտանք են թափում Եկեղեցու հասցեին

Շուրջ 10 օր առաջ՝ ապրիլի 9-ին, Մայր աթոռը Տավուշից տարածքներ հանձնելու վերաբերյալ հայտարարություն տարածեց՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով հրաժարվել պարտվողական գործելաոճից:

«Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, ըստ էության, հաչս միջազգային հանրության լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները»,- մասնավորապես նշված էր Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ:

Ակնկալելի կերպով Մայր Աթոռի հայտարարությունից հետո իշխանական ու մերձիշխանական տարբեր տրամաչափերի գործիչներ, հատելով բարոյականության՝ իրենց թերևս չունեցած սահմաններն ու կարմիր գծերը, սկսեցին լուտանքներ թափել, կեղծիք ու սուտ տարածել Մայր եկեղեցու հասցեին:

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր գրառման մեջ Մայր Աթոռն անվանեց Կաթողիկոսի կուսակցություն, Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ ավելի հեռուն գնաց:

Կարդացեք նաև

«Օրինակ, կլինի՞ մի օր Մայր Աթոռը վեր կենա ու կուսակրոնությունից խոսի, թե չէ մեկ քաղաքական հարցերից է խոսում, մեկ ռազմական հարցերից է խոսում, մեկ «ֆեյք նյուզ» տարածում, մարդ չի իմանում դա ինչ-որ «ֆեյք նյուզ»-երով լեցուն ընդդիմադիր թե՞րթ է, թե՞ Մայր Աթոռի պաշտոնական կայքն է»,- գրել էր նա:

Նույն խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ, ով ուղիղ եթերում բռնության կոչ էր հնչեցնում՝ սպառնալով կտրել Էդգար Ղազարյանի լեզուն ու ականջները, դասեր էր տալիս Մայր եկեղեցուն, խոսում Աստծո անունից՝ գրելով.

«Վերջին շրջանում ամենատարածված կեղծ լուրը կապված է այս տարածքների հետ, որոնք գտնվում են ՀՀ սուվերեն տարածքից դուրս: Ցավալի է, որ այս կեղծ լուրերին միացել է Մայր Աթոռը, որն այսօր հայտարարություն է տարածել առ այն, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են հող հանձնել։ Սա ևս մեկ անգամ ամբողջությամբ անհեթեթություն է, կեղծ տեղեկատվություն է, իսկ կեղծ տեղեկություն տարածելու համար կարծում եմ՝ մի օր ժողովուրդը ձեզ կների, մնում է՝ Աստված ների»։

Սա դեռ ամբողջական ցանկը չէ: Մայր Աթոռի հայտարարությունից հետո 6 օրվա ընթացքում նույն զազրելի բառապաշարով Հայ Առաքելական եկեղեցու ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ արդեն հեռուստատեսային եթերից հանդես եկան Հանրային հեռուստատեսության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանն ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը իրենց համատեղ փոդքասթի ժամանակ, ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսը՝ հեռուստաբանավեճի ժամանակ, ինչպես նաև նույն Տարոն Չախոյանը՝ Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցի ընթացքում:

Եվ այդ ընթացքում Մայր եկեղեցու որևէ ներկայացուցիչ այդպես էլ չհրավիրվեց Հանրային հեռուստաընկերություն՝ իր դիրքորոշումը ներկայացնելու համար, Պետրոս Ղազարյանը հարկ չհամարեց Մայր Աթոռից հրավիրել որևէ մեկին, տալ նրան, ասենք, այն նույն հարցերը, ինչ տալիս էր, օրինակ՝ Տարոն Չախոյանին: Բայց այս մասին՝ քիչ անց:

Հատուկ տարոնչախոյանների նմանների համար՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կուսակցություն չէ, այլ հայ ժողովրդի գոյության խարիսխը և հայ ժողովրդի միակ ազգային, դարավոր եկեղեցին։ Այն հավաքական հայ ժողովրդի միակ հին պատմական կառույց-ինստիտուտն է։

Հոգևոր հայրերը ոչ թե ահաբեկում են, մոլորեցնում ու ապատեղեկատվություն տարածում, ինչպես իրենք իրենց սանձարձակ երևակայությամբ են պնդում, այլ բարձրաձայնում են հայ ժողովրդի հետագա գոյության վրա կախված դամոկլյան սրերի մասին, որոնց անմիջական մեղավորները ներկայիս ազգադավ և աստվածուրաց իշխանություններն են։ Ժողովրդին մոլորեցնելով կեղծ հույսերով՝ ներկայիս վարչակարգն օգտագործում է ազդեցություն թողնելու հնարավոր ամեն մանիպուլյատիվ եղանակ՝ արդարացնելու իր դատապարտելի գործելակերպը։

Հայաստանին նոր պատերազմի մեջ ներքաշելու մեջ Մայր Աթոռին դավադրորեն և ստորաբար մեղադրելու փոխարեն՝ պետք է գիտակցել թշնամու հետագա այն քայլերը, որոնք պետականության կործանման և հայ ժողովրդի՝ հերթական ցեղասպանական ողբերգության մեջ հայտնվելու պատճառ կդառնան։

Իհարկե, Հայաստանը չունի տարածքային նկրտումներ և չի էլ կարող ունենալ, բայց ցավալին այն է, որ հրաժարվողական դիրքորոշում է ցուցաբերվում անգամ սեփական տարածքների նկատմամբ։

Մայր Աթոռը գիտի, թե ըստ անհրաժեշտության, ինչից խոսի։ Եթե գոյաբանական սպառնալիքներն այժմ առաջնային են և համազգային նշանակություն ունեն, ապա դարավոր ավանդապահ մեր Սուրբ Եկեղեցին չի կարող չանդրադառնալ դժբախտ իրականություն կերտող իշխանության աննահանջ զիջողական գործելակերպից բխող աղետալի հետևանքների կանխատեսմանը և կանխմանը միտված պահանջներին։

Մայր Աթոռը եկեղեցական թեմաներով միշտ է խոսում և ն իր առաքելությունն իրականացնում ամենօրյա համայնքային ու ծիսական կենցաղով։ Նրան ճիշտ ուղու վրա դնելու փոխարեն՝ լավ կլինի նախ ճշգրտել՝ որպես հայի, ապա՝ նաև քրիստոնյայի սեփական անձնական համոզումներև և ապա փորձել ճշմարտացի դատողություններ անել։ Եվ, ի վերջո, որտեղի՞ց ձեզ Աստծո անունից խոսելու համարձակություն։

Վերադառնանք Հանրային հեռուստաընկերության դռները Մայր Աթոռի դեմ փակելու ստորագույն փաստին:

168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից այս ընթացքում մի քանի անգամ դիմել են Հանրայինին՝ ի դեմս նույն Պետրոս Ղազարյանի, ասել, որ ցանկանում են իրենց դիրքորոշումը հայտնել, հորդորել են պահել հավասարության սկզբունքը ու իրենց ևս արտահայտվելու իրավունք տալ, սակայն նրանց, շատ մեղմ ասած, «ցրել են», ապա առհասարակ զանգերին ու հաղորդագրություններին չեն պատասխանել, վերջում էլ արգելափակել են առհասարակ:

Այսինքն՝ կա՛մ Հանրային հեռուստաընկերությունը՝ իր ղեկավար Հովհաննես Մովսիսյանով, կա՛մ Պետրոս Ղազարյանը միանձնյա՝ իհարկե, վստահաբար ունենալով Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի հրահանգը կամ առնվազն «դաբրոն», Հանրայինի դռները փակել են Մայր Աթոռի համար:

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին՝ Ամանորի գիշերը, Վեհափառ Հայրապետի ամանորյա ավանդական ուղերձն առաջին անգամ չհեռարձակվեց Հանրային հեռուստաընկերությամբ: Հայաստանի Հանրապետության ողջ պատմության մեջ նման խայտառակություն առաջին անգամ տեղի ունեցավ, որ Հանրային հեռուստաընկերությունը չհեռարձակի Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը։

Թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները Հանրայինում, փաստորեն, սրբորեն ու անշեղորեն են կատարվում:

Տեսանյութեր

Լրահոս