Բաժիններ՝

Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը

Lufthansa ավիաընկերությունը երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը։ Այդ մասին ասված է ավիափոխադրողի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Բացի այդ, Lufthansa-ն Իրանի օդային տարածքը չի օգտագործի մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը՝ երեքշաբթի օրը ներառյալ», – նշված է հաղորդագրության մեջ։

Ավիաընկերությունում ընդգծել են, որ մշտապես հետևում և գնահատում են Մերձավոր Արևելքի անվտանգության իրադրությունը և սերտ կապի մեջ են իշխանությունների հետ։

Ավելի վաղ Lufthansa-ն մինչև ապրիլի 18-ը դադարեցրել էր թռիչքները դեպի Թեհրան: Այդ որոշումն ընդունվել էր Մերձավոր Արևելքում իրադրության սրման ֆոնին:

Ապրիլի 13-ի գիշերը և 14-ի առավոտյան Իրանը շուրջ 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ էր արձակել Իսրայելի վրա, որին մեղադրում է Դամասկոսում իր հյուպատոսարանի վրա հարձակման մեջ։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան գեներալներ։

Իսրայելի պաշտպանության բանակում նշել են, որ կալանել են հրեական պետության ուղղությամբ թռչող մոտ 300 իրանական արկերի 99 %-ը, աննշան վնաս է հասցվել Նևաթիմ ավիաբազային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս