Զախարովան ճի՞շտ էր․ ինչո՞ւ ՆԱՏՕ-ի անդամ Կանադան միացավ ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելությանը
Կանադան պաշտոնապես միացավ Հայաստանում ԵՄ առաքելությանը։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության X-ի էջը՝ նշելով, որ երեկ ընդունել են կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն։
«Շնորհակալություն, Կանադա, արժեքավոր համագործակցության համար։ Կանադան առաջին երրորդ պետությունն է, որն աջակցում է առաքելությանը»,- ասված է գրառման մեջ։ Կանադան ԵՄ-ում X-ի էջն էլ տեղեկացնում է․ «Ուրախ ենք, որ կանադացի փորձագետը միանում է Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ շարունակելով ԵՄ առաքելություններին մասնակցելու Կանադայի երկարամյա ավանդույթը»։ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին X-ի իր հարթակում գրառում է արել Հայաստանի մասին․ «Անցյալ տարվա իմ այցից վերադառնալուց հետո գլխավոր առաջնահերթություններից մեկը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրումն էր, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը»։ Ջոլին այդպիսով ողջունել է կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկու նշանակումը՝ որպես Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության անդամ։
Դեռ 2023-ի հուլիսին Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին էր հայտարարել, որ Կանադան մասնակցելու է Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ նշելով, որ Կանադան ԵՄ-ի կողմից ընդունվել է՝ որպես առաքելության երրորդ կողմ։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ սա առաջին հայացքից է միայն այս առաքելությանն աջակցող պետության մասնակցություն դիտորդական առաքելությանը։
Նա հիշեցրեց, որ Կանադան ՆԱՏՕ-ի առանցքային անդամ-երկրներից մեկն է, ուստի սա ամենևին էլ պատահական իրադարձություն չէ։
«Առաքելությունը, որը ներկայացվում էր՝ որպես ԵՄ քաղաքացիական առաքելություն, իր ձևաչափը փոփոխում է, սա համակարգային իրադարձություն է, քանի որ դրան միանում է ռազմական կառույցի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Սրանք շատ վաղուց որոշված գործընթացներ են, որևէ մեկի համար գաղտնիք չէր, առավել ևս՝ Ռուսաստանի համար։
Դեռևս շաբաթներ է առաջ է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել, որ առաքելությունը փաստացիորեն վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Դա, իհարկե, որակեցին՝ որպես ծայրահեղական գնահատական, քարոզչություն և այլն։ Իրականում ամեն ինչ չափազանց պարզ է։ Կարծում եմ նաև, որ Կանադան այդպիսի միակ երկիրը չի լինելու»,- ասաց վերլուծաբանը։ Նա գտնում է, որ այս հարցերը լրջորեն քննարկվել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ ՀՀ կատարած այցի ընթացքում։
«Քաղաքացիական դիտորդների անվան տակ, ինչպես կարելի էր սպասել, ՆԱՏՕ-ի դիտորդները ներթափանցեցին ռեգիոն։ Եվ սա, կարծում եմ՝ կունենա արձագանք ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի կողմից, քանի որ Իրանը չի կարող հանդուրժել նման զարգացում իր հարևանությամբ»,- ասաց Ստանիսլավ Տարասովը։
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ իր ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, թե Արևմուտքի ջանքերով ԵՄ առաքելությունը Հայաստանում էապես վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։
«Հանուն դաշինքի նկատմամբ որոշակի պահանջ դրսևորելու, նրա անդամ երկրների ղեկավարները հակառուսական հիստերիա են հրահրում, կոչ են անում նախապատրաստվել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական հակամարտության՝ հսկայական գումարներ ներդնելով ռազմարդյունաբերական համալիրում՝ ակնհայտ տնտեսական խնդիրների ֆոնին: Միայն թե իրենք գումար չեն ներդնում, այլ Հայաստանին են կոչ անում ներդրումներ կատարել ռազմարդյունաբերական համալիրում:
Նրանք բոլորին շատ բան են խոստացել, սակայն այն երկրները, որոնք կարողացան կանխել կեղծ ուղերձները, գոյատևեցին, նրանք, ովքեր չկարողացան կամ չուզեցին, ինչպես, օրինակ՝ Ուկրաինան, փլուզվեցին»,- նշել էր Զախարովան։