Գումարի դիմաց նման գործարք առաջարկելով՝ Հայաստանը բերում-հավասարեցնում են երրորդ աշխարհի երկրներին. Արմեն Մանվելյան

Մեծ Բրիտանիան չորս երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ բանակցում է ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ. այս մասին տեղեկություն էր տարածել The Times-ը՝ տեղեկացնելով նաև, որ այս «գործարքի» դիմաց Երևանն ակնկալում է ստանալ առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ:

«Մեծ Բրիտանիան Հայաստանի, Կոտ դ’ Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցում է միգրանտներին Ռուանդա արտաքսելու սխեման կրկնելու շուրջ»,- ասվում է հրապարակման մեջ, որում հղում է արվում բրիտանական ԱԳՆ-ի արտահոսած փաստաթղթերին:

Արդյոք Մեծ Բրիտանիայից Հայաստանին նման առաջարկ եղե՞լ է և ի՞նչ փուլում է երկխոսությունը՝ լրատվամիջոցների հարցին ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարությունը ըստ էության չի հերքել նման օրինագծի առկայությունը.

«ՀՀ և ՄԹ-ն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, իսկ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»:

Կարդացեք նաև

Միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը 168.am-ի հետ զրույցում Հայաստանին արված այս առաջարկը համարում է ռիսկային ՀՀ անվտանգության համար։

«Թույլ տալ մեծ թվով ներգաղթյալների մուտքը Հայաստան՝ անկախ հանգամանքից՝ դրա դիմաց վճարելու են, կամ՝ ոչ, խնդրահարույց է ՀՀ-ի պես պետության համար՝ նախ բնակչության առումով։ Մենք փոքր բնակչությամբ երկիր ենք, և ներգաղթյալների թվի ավելացումը՝ մանավանդ արդեն իսկ Հայաստան եկած մեծաթիվ հնդիկ ներգաղթյալների ֆոնի վրա, լուրջ ռիսկեր է ստեղծում:

Ռիսկեր է ստեղծում նաև ԵԱՏՄ երկրների համար, որոնց հետ ունենք առանց վիզային ռեժիմ. ՀՀ-ում գրանցվելու և անձնագիր ձեռք բերելու դեպքում այդ միգրանտների համար ևս ճանապարհ է բացվում:

Այս գործարքը հատուկ է երրորդ երկրներին, այսինքն՝ Հայաստանին նման գործարք առաջարկելով, Հայաստանը բերում-հավասարեցնում են երրորդ աշխարհի երկրներին, որոնք ինչ-որ գումարի դիմաց պատրաստ են իրենց մոտ միգրանտների պահել»,- մանրամասնեց Արմեն Մանվելյանը:

Ի դեպ, անվտանգության հարցերով փորձագետն այս համատեքստում ուշադրություն հրավիրեց այս իշխանությունների քաղաքականության վրա բրիտանական ազդեցությանը՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարին:

«Այս հարցը ևս այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել, քանի որ երրորդ երկիր ենք, դրսից են թելադրում, թե մենք ինչ պայմաններ պետք է ընդունենք և ում պիտի ընդունենք: Սա նաև մեր գնահատականն է, մեր նկատմամբ իրենց գնահատման արդյունքը»,- ամփոփեց Արմեն Մանվելյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ օրինագիծը, որ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ներկայացվել է 2023 թվականի մարտին, ըստ պաշտոնական պարզաբանումների, նպատակ ունի լուծել զանգվածային անօրինական միգրացիայի խնդիրը, որը տարեցտարի ավելանում է։

Այդ օրենքը ՆԳՆ-ին իրավունք է տալիս կալանավորել անօրինական ներգաղթյալներին, չդիտարկել նրանց ապաստանի դիմումները և արտաքսել անվտանգ երրորդ երկրներ, այդ թվում՝ Ռուանդա, որի հետ Մեծ Բրիտանիան այդ նպատակով պայմանագիր է կնքել։

Տեսանյութեր

Լրահոս