Ֆրեզնոյում 6-րդ անգամ հրկիզել են հայկական գերեզմանատունը․ «Զարթոնք»
Անհայտ անձինք 6-րդ անգամ հրկիզել են ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը: Վեց միջադեպերի հետևանքով այրվել է 19 հին նոճի։ Այս մասին գրում է «Զարթոնքը»։
«Ուրբաթ երեկոյան ութ ծառ է այրվել հայկական գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ։ Ֆրեզնոյի ոստիկաններն ու հրշեջները շտապ ժամանել են, սակայն ձերբակալություններ չեն եղել»,- նշում է պարբերականը։
Գերեզմանատան ղեկավարությունը մտահոգված է միջադեպերով, քանի որ դրանք համարում է նպատակային հարձակումներ։ Նրանք հիշեցրել են, որ գերեզմանատանը հանգչում են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում ՝ Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլք։
«Այս գերեզմանատան առաքելությունն է պահպանել բոլոր նրանց հիշատակը, ովքեր թաղված են այստեղ: Անհնար է նկարագրել, թե որքան լուրջ ենք մենք մտահոգված տեղի ունեցածով»,- ասել է գերեզմանատան տնօրեն Շերի Մենինգ-Քարթրայթը։
Նա նշել է, որ հրդեհները գրանցվել են 1885 թվականին հիմնադրված գերեզմանատան ամենահին հատվածում։
Տնօրենը չի բացառել, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ:
Նախնական տվյալներով՝ ծառերի փոխարինումը 25 հազար դոլար կարժենա։ Ադմինիստրացիան վստահ չէ, որ ապահովագրությունը կփակի ծախսերը։