Լիցենզավորված պետականաքանդություն․ սմոքինգով օրանգուտանները՝ Հայաստանում

Հայաստանում ներդրվում է բժիշկների լիցենզավորման ինստիտուտ, և հնարավոր է՝ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից բոլոր բժիշկներից պահանջվի անհատական լիցենզիա։

Իշխանությունները դա ներկայացնում են՝ որպես առողջապահական ոլորտի բարեփոխումների շրջանակներում կատարվող քայլ, որը պետք է բարձրացնի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։ Տեսականորեն դա այդպես է, թեև, իհարկե, կանխատեսելի է նաև, որ այդ փոփոխությունները նաև զգալի կոռուպցիոն հնարավորություններ են ստեղծելու։ Բայց խնդիրը դա չէ։ Ընդհանրապես որևէ մասնագիտության լիցենզավորումը պետական վերահսկողության կարևոր գործառույթներից է, որի միջոցով պետությունը վերահսկում է, թե որքանով են այս կամ այն ոլորտում պահպանվում պահանջվող մասնագիտական չափանիշները։

Տրամաբանությունը պարզ է․ եթե հասարակությունը ցանկանում է ստանալ որակյալ ծառայություններ, սպառել բարձրորակ ապրանքներ և այլն, ապա պետությունը՝ որպես հանրության կողմից պատվիրակված գործակալ, պետք է այդ թվում՝ լիցենզավորման և այլ գործիքների միջոցով ապահովի որակի համապատասխանությունը չափանիշներին։

Բայց այստեղ կա չափազանց կարևոր մի նրբություն հասարակությունն այդ լիազորությունները պատվիրակում է ոչ թե պետությանը, որը տվյալ դեպքում ապրիորի սուբստանտ է, այլ տվյալ պահի իշխանությանը, պաշտոնյաներին, որոնք ավելի քան հասցեական են, ունեն անուններ ու ազգանուններ, պաշտոններ ու քարտուղարուհիներ։

Կարդացեք նաև

Այդ դեպքում, սակայն, հարց է առաջանում՝ որքանով է տարբեր մասնագիտություններ լիցենզավորող իշխանությունն՝ ինքը, պատկերավոր ասած՝ լիցենզավորված, կամ որքանով է իշխանությունը համապատասխանում նվազագույն պարտադիր չափանիշներին։ Այդ հարցի պատասխանը ստանալու համար բավական է հպանցիկ հայացք գցել կառավարության ու Ազգային ժողովի նիստերին։

Պատասխանը, սակայն, չի լինի այնքան զվարճալի, որքան վերջին նիստերից մեկի ժամանակ ստանդարտների թեմայով խոսող Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնյաների չափանիշները հավասարեցնում էր չստիկի ու կոստյումի տարբերությանը՝ դրանից բխեցնելով, թե որակյալ պետություն ունենալու համար ամեն ինչ պետք է համապատասխանի ժամանակակից չափորոշիչներին։ Դա այն եզակի հարցերից էր, որում Նիկոլ Փաշինյանն իրավացի է, բայց այն սկզբունքային վերապահմամբ, որ իր իսկ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում՝ Հայաստանի պետական կառավարման համակարգը՝ իր գլխավորությամբ, ժամ առաջ պետք է փոփոխության ենթարկվի։

Եթե պաշտոնյաները լիցենզավորվեն այն նույն տրամաբանությամբ, որով առողջապահության նախարարությունն է լիցենզավորելու բժիշկներին, նրանց գերակշիռ մեծամասնությունն անգամ մեղսունակության թեստը կարող է չհաղթահարել։

Խնդիրն այն է, սակայն, որ հասարակությունն արդարացիորեն կարող է վրդովվել չլիցենզավորված բժշկի մոտ բուժվելու պարտադրանքից կամ երեխայի՝ չատեստավորված ուսուցչի կրթությունից, բայց միանգամայն հանգիստ է վերաբերվում, երբ իր համար կենսական որոշումներ են կայացնում մարդիկ, որոնք պետական պաշտոնյային ներկայացվող չափանիշներից հեռու են այնքան, որքան չստիկը՝ դիվանագիտական արարողակարգից։

Իրականում պետական պաշտոնյաների լիցենզավորման ինստիտուտը՝ այդ հասկացության ընդգրկուն իմաստով, ընտրություններն են, որոնք մեր նման հասարակություններում կարող են հանգեցնել իրականության, երբ իշխանության լիցենզիա չունեցողները լիցենզավորում են բժիշկներին, զինվորականներին, ուսուցիչներին․․․ բոլորին։

Որովհետև ընտրություն կատարելու համար նույնպես հասարակությունը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների, այլ խոսքով՝ լիցենզավորված լինի։ Բայց քանի որ դա ինստիտուցիոնալ ու գերատեսչական գործ չէ, չլիցենզավորված հասարակությունն ընտրում է չլիցենզավորված ղեկավարների, որոնք բավարարում են միայն պետությունը քանդելու չափանիշներին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս