Բաժիններ՝

Բայդենը քննադատել է Նեթանյահուին՝ Գազայում նրա մոտեցումն անվանելով «սխալ»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գազայի հատվածում պատերազմի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթայահուի մոտեցումն անվանել է «սխալ»՝ քննադատելով Իսրայելին հակամարտության ընթացքում ձեռնարկած քայլերի համար։ Թեմայի շուրջ Բայդենը խոսել է ամերիկյան իսպանալեզու Univision հեռուստաալիքի հետ։

«Կարծում եմ՝ այն, ինչ նա անում է, սխալ է։ Ես նրա մոտեցման հետ համաձայն չեմ», – ասել է Բայդենը:

ԱՄՆ նախագահը դարձյալ իր վրդովմունքն է հայտնել Իսրայելի կողմից հումանիտար աշխատողների ավտոշարասյանը հասցրած հարվածի առնչությամբ, որի հետևանքով բարեգործական կազմակերպության 7 աշխատող էր զոհվել։

«Ես հորդորում եմ, որ իսրայելցիները պարզապես հրադադարի կոչ անեն, թույլ տան հաջորդ վեց, ութ շաբաթվա ընթացքում սննդամթերքի և դեղորայքի ամբողջական հասանելիություն», – ասել է Բայդենը հարցազրույցի ընթացքում:

ԱՄՆ նախագահն ապրիլի 1-ին տեղի ունեցած հարվածից օրեր անց Նեթանյահուի հետ զրույցում սպառնացել էր, որ Վաշինգտոնի հետագա աջակցությունն Իսրայելին կարող է կախված լինել հումանիտար աշխատողներին և քաղաքացիական անձանց պաշտպանելու ուղղությամբ Իսրայելի ձեռնարկած կոնկրետ քայլերից։

Ըստ Reuters գործակալության՝ Երկրորդ աշխարհամարտից ի վեր Իսրայելն ավելի շատ ամերիկյան արտաքին օգնություն է ստացել, քան որևէ այլ երկիր՝ չնայած վերջին երկու տարիների ընթացքում տարեկան օգնության քանակը նվազել է Ուկրաինային ուղարկվող ռազմական օգնության պատճառով։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 33 200-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս