Բրյուսելի հանդիպումը նոր փուլ է դառնալու ռեգիոնի համար՝ հանգեցնելով մի շարք զարգացումների․ Տարասով
«Ապրիլի 5-ին Բրյուսելում հրապարակայնացված որոշումներով պարզ դարձավ, որ Արևմուտքն այս փուլում Հայաստանի հանդեպ իրականացնում է նվազագույն պլան, սակայն դա կարող է փոխվել»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-դեր Լայեն հանդիպման արդյունքներին։
Տարասովը գտնում է, որ Ռուսաստանից շրջադարձ կատարող և նման ծանր կորուստներ կրած երկրի համար Արևմուտքը հանդես եկավ նվազագույն աջակցության փաթեթով։
Ըստ նրա, Արևմուտքը, բնականաբար, Հարավային Կովկասի համար տարբեր սցենարներ ունի, որոնք կախված են աշխարհաքաղաքական զարգացումների ուղղությունից, ուստի այս փուլում Արևմուտքն ամենայն հավանականությամբ դեռ նպատակահարմար չի համարում կամ վստահություն չունի, որ հարկավոր է առավելագույն ծրագիրը ներդնել Հայաստանի համար, քանի որ ՀՀ-ն այնուամենայնիվ դեռ ՀԱՊԿ անդամ է և ՌԴ ռազմավարական գործընկերը, որը փոխելը ոչ միայն քաղաքական որոշում է ենթադրում, այլև բավականին երկար ժամանակ ու ջանքեր։
«Չի բացառվում, որ հաջորդ փուլում Արևմուտքն իրականացնի առավելագույն ծրագիրը։ Սակայն այն, ինչ ներկայումս ակնհայտ է, ՀՀ-ին ԵՄ անդամակցության հեռանկար դեռ ԵՄ-ում որևէ մեկը չի նախատեսում տրամադրել, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար գուցե ամրապնդվի ԵՄ-ԱՄՆ այս ձևաչափը։ Սա իր հերթին՝ նշանակում է, որ ՀՀ-ն, իրականում չունենալով լուրջ արևմտյան երաշխիքներ, շարունակելու է հակառուսական գիծը, սակայն չի լքելու ռուսական պրոյեկտները և չի խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարթությանը, ապա այստեղ ամեն բան ներկայումս ավելի բարդ է, քանի որ Ադրբեջանը չի դադարեցնում սուր հայտարարությունները, դեմ գնալով այս ծրագրին, որին դեմ են թե ՌԴ-ն, թե Իրանը, թե Թուրքիան, թե Ադրբեջանը։ Ուշագրավ էր, որ այս թեմայով արտահայտվեց նաև Թուրքիայի ԱԳ նախարարությունը՝ մեղադրելով Արևմուտքին, ինչպես Ադրբեջանը՝ բաժանարար գծեր առաջացնելու մեջ։ Բավականին սուր հայտարարություններ արեց Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Չավուշօղլուն»,- ասաց Տարասովը։
Նրա կարծիքով, ապրիլի 5-ը, որպես ՀՀ-Արևմուտք հարաբերությունների նոր փուլն ամրագրող իրադարձություն, մի շարք զարգացումների պատճառ կդառնա նաև Անդրկովկասում։
«Ակնհայտ է նաև, որ Արևմուտքն Անդրկովկասում իր այս ներկայությամբ դեստաբիլիզացնող գործոն է դառնալու, քանի որ այստեղ առկա բոլոր կենտրոններն ամեն եղանակով պայքարելու են այդ ազդեցության դեմ, իսկ դրանից տուժելու է ռեգիոնը։ Այսինքն՝ սա դեստաբիլիզացիոն նոր փուլ է լինելու։ Դրա ապացույց է նաև այն, որ վերջին օրերին Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են սահմանին շարժերի վերաբերյալ ապատեղեկատվության մեջ։ Դա, իհարկե, պատահական բան չէ։ Սակայն ուշագրավն այն է, որ էսկալացիայի պայմաններում ի՞նչ կարող են անել ՀՀ արևմտյան գործընկերները, կարող են միայն անօգուտ զանգեր անել ու հայտարարություններ տարածել, քանի որ դրանից ավելին անելու պարտավորություններ չեն ստանձնել»,- նկատեց նա։ Ուստի, նրա խոսքով, այս իրավիճակում ինչպես բանակցել, ինչպես առաջ գնալ դեպի խաղաղության համաձայնագրի կնքման գործընթաց, ավելի քան բարդ է թվում։
Վրացի փորձագետ Իրակլի Մենաղարիշվիլին իր հերթին՝ մեզ հետ զրույցում ասաց, որ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ երկրի համար Արևմուտքից փոխանցված աջակցության նման չափը վատ չէ։
Ըստ նրա, Արևմուտքը սովորաբար լուրջ միջոցներ տրամադրում է այն դեպքում, երբ վերջնական որոշումը կայացված է։
«Կարծում եմ՝ Արևմուտքում ՀՀ իշխանությունների կայացրած որոշման հարցում որևէ մեկը չի կասկածում, սակայն կան բազմաթիվ նուրբ հարցեր անվտանգային, որոնք թույլ չեն տալիս ավելին անել։ Բացի այդ, խնդիրներից մեկն էլ այն է, որ Արևմուտքն արդեն իսկ մեծ միջոցներ է ծախսում ՈւկրաինայումՆ և դեռ հայտնի չէ, թե պատերազմը որքան կշարունակվի, որի համար հարկավոր է անընդհատ ֆինանսական ներարկումներ անել դեպի Ուկրաինա։ Ուստի Հայաստանի դեպքում տրվում է կայացված որոշումներին համահունչ աջակցություն, սակայն այդ որոշումները կարծես լիովին հասկանալի ու ընկալելի են Արևմուտքում, քանի որ, ինչպես տեսնում ենք, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն արագ ու լուրջ փոփոխություններ չեն ցանկանում։ Տեսեք, թե որքան է Վրաստանը պայքարել և ինչ կարգավիճակում է այժմ։ Յուրաքանչյուր հետսովետական երկրի ճանապարհ էլ առանձնահատուկ է եղել, սակայն բարդ»,- ասաց Մենաղարիշվիլին։
Նրա կարծիքով, Հայաստանի դեպքում էլ այս փուլում չի խոսվում ԵՄ անդամակցության մասին, սակայն այս ձևաչափով Արևմուտքը կփորձի հետագայում ևս աշխատել Հայաստանի հետ, քանի դեռ ՀՀ-ն շարունակում է մնալ ՀԱՊԿ և ԵԱՏՄ կազմում։