«Ակադեմիական քաղաք» կոչվածը բուհական ոլորտը ապականելու և արանքում մեծ փող աշխատելու հերթական ավանտյուրան է. Արմեն Աշոտյան

«5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակազրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Ռոզա Բելգարյանը նրան հարցրել է.

«Ակադեմիական քաղաքի նախագիծը, ասում են, այլևս չեղարկվում է: Հիմա էլ խոսում են նոր նախագծերի մասին, կրթական բարեփոխումների, կրթական հիմնարկների միավորումների: Ձեր կարծիքը»։

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Չեմ հանդիպել նման տեղեկատվությանը պաշտոնական մակարդակով: Ավելին, կարծում եմ` նման շշուկները տարածում է հենց իշխանությունը` սառեցնելու համար հանրային ընդվզումը և ուսանողական ցասումն այս խայտառակության դեմ:

Իրականում կրթության բնագավառն այնպիսին է, որ մշտական, շարունակվող, դինամիկ բարեփոխումների կարիք ունի, սակայն քանիցս ապացուցել եմ, որ «Ակադեմիական քաղաք» կոչված նախագիծը ոչ մի կապ չունի կրթական բարեփոխումների հետ, այլ բուհական ոլորտը ապականելու և արանքում մեծ փող աշխատելու հերթական ավանտյուրան է։

Նիկոլի կառավարությունն ամբողջությամբ, պետական գերատեսչությունները առանձին-առանձին չունեն իրական բարեփոխումներ իրականացնելու ոչ ցանկություն, ոչ ունակություն, ոչ գիտելիք, ոչ փորձ։

Ցավում եմ, որ երբեմն լուրջ նախարարությունները` ԿԳ-ն, Մշակույթի, սպորտի և երիտասարդության, դարձել են կավե ոտքերով արհեստածին և ամուլ մոնստր, որ ոչ թե զարգացնում է իրեն վստահված ոլորտները, այլ խժռում դրանք։ Ավելի մանրամասն կարող եք ընթերցել «ԲՈՒՀ-երը Երևանից չհասնելու 7 պատճառ» իմ հոդվածը»։

Տեսանյութեր

Լրահոս