Փաշինյանն իր համար ալիբի՞ է ստեղծում

Վերջին օրերին Ադրբեջանը ոչ միայն ՀՀ սահմանային տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Տավուշի, ռազմական սադրանքի տեղեկատվական քարոզչական հիմք է ստեղծում, այլև ՀՀ պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունների համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ՝ Սոթք (Գեղարքունիքի մարզ), Վերին Շորժա (Գեղարքունիքի մարզ), Կութ (Գեղարքունիքի մարզ), Արավուս (Սյունիքի մարզ), Չինարի (Տավուշի մարզ):

Ավելի ուշ, ի լրումն ՀՀ ՊՆ հաղորդագրության, ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա:

Չմոռանանք, որ մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսվելու է Տավուշի մարզից, թեպետ Ադրբեջանի և Հայաստանի հանձնաժողովները սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:

Այսինքն, Ադրբեջանը պարտադրել է սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսել հյուսիսից, Նիկոլ Փաշինյանն էլ միանձնյա որոշել է բավարարել Ալիևի պահանջը:

Կարդացեք նաև

Մարտի 18-ին Փաշինյանը գնացել էր Տավուշի մարզ և Ոսկեպարում հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի մի քանի բնակիչների հետ, որպեսզի համոզի, որ հետևեն իր օրինակին և համաձայնեն ադրբեջանական առաջարկին՝ դիմելով մանիպուլյացիայի, որ հանձնվելու են միայն ադրբեջանական գյուղեր, ոչ թե հայկական ռազմավարական նշանակության տարածքներ, ճանապարհներ, մարտական դիրքեր՝ չներկայացնելով նաև այդ միակողմանի զիջման անվտանգային ռիսկերը, և, որ այդ գյուղերը հայտնվելու են շրջափակման մեջ, փոխարենը՝ ժողովրդին վախեցրել էր պատերազմով:

Ի դեպ, Փաշինյանը խոստացել էր վերադառնալ Տավուշ, բայց խոստումը դեռ չի կատարել, Տավուշի գյուղերի բնակիչներն էլ, որոնց սպառնում է շրջափակում, մինչ օրս հայտարարում են, թե չեն պատրաստվում հանձնվել և լքել իրենց բնակավայրերը: Բայց գյուղացիները չեն կարող իրենք իրենց պաշտպանել, եթե դրան լծված չէ իշխանությունը, եթե բանակը կանգնած է Փաշինյանի անօրինական հրամանը կատարել-չկատարելու երկընտրանքի առաջ, մասնավորապես, 3-րդ բանակային կորպուսը:

Եվ ի՞նչ է այսօր անում Նիկոլ Փաշինյանը. առաջ ընկնելով իրադարձությունների զարգացումից, նրա ընտանեկան կայքը՝ armtimes.com-ը, իբր արձագանքելով շրջանառվող տեղեկություններին, թե ԶՈՒ-ին չկրակելու, հարձակման պարագայում նահանջելու հրաման է տրվել, «Չկրակելու, նահանջելու մասին լուրերը բացահայտ կեղծիք են» վերտառությամբ հոդված է հրապարակել։ 

««Հայկական ժամանակ»-ի՝ 3-րդ բանակային կորպուսի աղբյուրները հայտնում են, որ չկրակելու, հարձակման պարագայում նահանջելու, դիմադրություն ցույց չտալու մասին լուրերը բացահայտ կեղծիք են։ Զինված ուժերին հրամայված է կատարել իրենց առջև դրված խնդիրը՝ պաշտպանել ՀՀ ինքնիշխան տարածքը»,- նշվում է հոդվածում:

Ինչ է ստացվում՝ Փաշինյանն իր համար ալիբի՞ է ստեղծում, իսկ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության հետագա մեղադրանքի համար՝ հի՞մք: Պատկերացնո՞ւմ եք՝ երկրի ղեկավարը ոչ թե այս մասին ուղիղ է խոսում, այլ, իր սովորության համաձայն՝ հղում է անում «հավաստի աղբյուրներին»:

Ի դեպ, Փաշինյանը սիրում է այս ճանապարհով իր համար ալիբի ստեղծել:

Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ին, «Հայկական ժամանակը» կապ էր հաստատել այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, որպեսզի նրանից «պոկեր» հետևյալ խոսքերը. «Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները: Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր, որի չընդունելը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների: Սա պետք է միանշանակ ընդունել և հասկանալ: Ես այդ որոշումը շատ ճիշտ եմ համարում անկախ բոլոր շահարկումներից: Սա բոլորիս համար շատ դառը, բայց օբյեկտիվ իրադրության գնահատման արդյունք էր»:

 

Տեսանյութեր

Լրահոս