Ինչպես են Փաշինյանի համար «անորակ հրթիռները» և «10 տոկոսով պայթող» «Իսկանդերը» ՌԴ-ի կողմից կիրառվում նաև ուկրաինական ֆրոնտում
2021 թվականի սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյան թույլ է տվել լիազորությունների չարաշահում: Խոսքը 1985-1991թթ. արտադրության ավիացիոն, այսպես ասած, անպիտան հրթիռների գնման մասին է: Ըստ ԱԱԾ-ի, մեկ միավոր հրթիռի դիմաց վճարվել է 1100 ԱՄՆ դոլար:
Իսկ սեպտեմբերի 30-ին ավելի քան 2 մլրդ դրամ հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ավելի ուշ կալանավորվել էին Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո):
Մոտ մեկ տարի տևած նախաքննությունից հետո գործը մտել է դատարան՝ 2022 թ. հունվարին, և մոտ 2 տարի «անպիտան հրթիռների գործը» դատական քննության փուլում է, ու, մեծ հաշվով, իշխանության պնդումները՝ հրթիռների հետ կապված, չեն ապացուցվում, իշխանությունները հրաժարվել էին նաև փորձաքննությունից:
2022 թվականի օգոստոսի 8-ին իր տարածած հայտարարության մեջ Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, նշել էր.
«ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ գլխավոր դատախազությանը, մասնավորապես՝ ԱԱԾ պետին և քննչական դեպարտամենտի պետին, քննչական խմբի ղեկավարին, գլխավոր դատախազին և իր տեղակալին անգամ նախաքննության ընթացքում իրենց իսկ կողմից գործընկեր երկրի հատուկ ծառայությանը կատարված հարցման պատասխանից պարզ է եղել, որ 2018 թվականի դրությամբ հրթիռների պահպանման և շահագործման ժամկետների մեջ լինելը, որի վերաբերյալ վստահ եմ, որ տեղեկացրել են նաև ՀՀ վարչապետին: Նշվածի հաշվառմամբ էլ անգամ շարունակեցին իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը պահպանել։
Պարզաբանման կարգով նշեմ, որ ցանկացած պետություն պարտավոր է իրականացնել իր իսկ սպառազինության մեջ գտնվող զինամթերքի պահպանման և շահագործման պայմանների և ժամկետների վերաբերյալ իրավական ակտերի ընդունում։ Վերջիններիս բացակայության դեպքում «սովորույթի ուժով» ընդունված է առաջնորդվել արտադրող երկրում գործող իրավական կարգավորումներով, որոնք պետք է ընդունվեն նորմատիվ ակտով /հրաման/ ՀՀ-ի կողմից, ինչը տվյալ դեպքում կատարված չի էլ եղել:
Եթե հարց է առաջանում՝ ինչու վերոհիշյալը չէր արվում 30 տարիների ընթացքում, ապա նշեմ, որ ՀՀ-ում չկան ստանդարտավորման, մետրոլոգիական և արդյունաբերական կարողություններ՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով և լրացումներով սահմանված ինքնուրույն որոշելու հրթիռների պահպանման ժամկետները, իսկ նշվածն օրինական կատարելու համար, անգամ վերոհիշյալ կարգավորումների ընդունումից հետո, կրկին հղումներ են արվելու զինամթերքն արտադրող երկրների նորմատիվների վրա, կամ դրանք կրկնօրինակվելու են:
Օրենսդրական անկատարությունը կամ ոչ լիարժեքությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում փորձ է արվել շտկել հանձնաժողովների ձևավորման միջոցով, որոնցից մեկի կողմից կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում էլ 2016 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նույն տիպի հրթիռների պահպանման և շահագործման ժամկետը երկարացվել է ևս 10 տարով»:
Այսինքն, տվյալ դեպքում կիրառվող անալոգիայի հիմք է ընդունվել արտադրող երկրի կողմից սահմանված կարգավորումը՝ հրթիռների պահպանման ժամկետը 30 տարի սահմանված լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի 2016թ. հրամանով նույն տեսակի հրթիռների ժամկետների երկարացման նախադեպային պրակտիկան:
Իսկ 2022 թվականի հունվարին էլ պատասխանելով մի շարք լրատվամիջոցների իրեն փոխանցված հարցադրումներին, Դավիթ Տոնոյանը նշել էր, որ հիմք չուներ չընդունել կամ անտեսել ենթակա անձնակազմի՝ Գլխավոր շտաբի մասնագիտական և ոլորտի պատասխանատու կառույցների զեկույցները զինամթերքի շահագործման համար պիտանի լինելու, պահպանման և ծառայության ժամկետների երկարացման հնարավորության վերաբերյալ։ Մանավանդ որ, զինամթերքն արտադրող և բազմաթիվ այլ երկրներում երկարացումն այդ երկրներում գործող կարգերով կատարվել էր, և նույն տարեթվերի (1988-1991թթ.) արտադրության հրթիռները գտնվում են շահագործման մեջ։
2023 թվականի փետրվարին 168.am-ին տված հարցազրույցում, իր հերթին՝ «հրթիռների գործով» անցնող ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն ասել էր՝ «այնպիսի բան չենք արել, որը հակասում է օրենքներին, կամ ի նպաստ չի եղել մեր զինված ուժերի զարգացմանը, ինչ որ արվել է, արվել է օրենքի սահմաններում և ի նպաստ մեր պետությանը»:
Վերադառնանք անպիտան համարվող հրթիռների շահագործման մեջ գտնվելուն. նախ նշենք, որ 2019-ին հայտնի դարձավ, որ «Ս-8 ԿՈՄ» ( С-8КОМ) չկառավարվող հրթիռների ձեռքբերման համար ՌԴ-ն 2019-2021 թվականների համար առանձնացրել է մոտ 9.7 միլիարդ ռուբլի, և, որ գնման գործընթացն ընթանալու էր 3 փուլով և ավարտվելու 2021-ին, իհարկե, օրակարգում նաև դրանց մոդիֆիկացիայի հարցը կար:
168.am-ն ուսումնասիրել է Ռուսաստանի կողմից ՀՀ-ում անպիտան համարվող հրթիռների կիրառման դեպքերը տարբեր ինքնաթիռների «զինմամբ», ընդ որում՝ ուկրաինական ուղղությամբ (ракеты С-8 в разных модификациях ВКС России активно используют в ходе специальной военной операции на Украине, эти боеприпасы загружаются в блоки неуправляемого вооружения штурмовиков Су-25, вертолётов Ми-28НМ, Ка-52, Ми-35 и Ми-24).
Հավելենք, որ 2020 թվականի հուլիսի 3-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում էր արել՝ հայտնելով, որ ՍՈՒ-30ՍՄ-ները «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, ընդ որում՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ։ Սրանից հետո փաստերի ստուգման հարթակը գրել էր.
«Վարչապետն այս տեսանյութում թաքցրել էր, որ ՍՈՒ-30ՍՄ-ները սպառազինված չեն համապատասխան հրթիռներով։ Տեսանյութում կործանիչները զինված են Ս-8 տիպի չղեկավարվող ավիացիոն հրթիռներով, որոնք կարող են տեղադրվել նաև ուղղաթիռների և գրոհիչների, այդ թվում՝ Հայաստանի սպառազինությունում առկա ՍՈՒ-25 ինքնաթիռների վրա»:
Ի դեպ, 2022 թվականին life.ru-ն անդրադարձել էր ՀՀ-ում ՊՆ և ԳՇ նախկին ղեկավարության դեմ հարուցված «հրթիռների գործին» և շեշտել, որ գործընթացը իրավական բնույթից դուրս է՝ առաջ քաշելով երրորդ երկրների վարկածը: Իհարկե, վարկածի առումով ոչինչ չենք կարող ասել, բայց որ սա վաղուց դուրս է իրավական հարթությունից, դա՝ հաստատ:
«Ռուսական սպառազինության դիսկրեդիտացիան ակտիվ փուլ մտավ այն ժամանակ, երբ ևս մեկ անգամ ապացուցվեց դրանց հուսալի լինելը: Մասնավորապես, խոսքը С-8 հրթիռների մասին է, որի տարբեր մոդիֆիկացիաները ՌԴ օդատիեզերական ուժերն ակտիվորեն կիրառում են Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողությունների ժամանակ»,- նշվում էր հոդվածում՝ որպես այդ հրթիռների հուսալիության ապացույց հիշեցնում փաստը, որ ՌԴ-ն դրանց գնման համար մոտ 10 միլիարդ ռուբլի էր հատկացրել, ինչի մասին նշել էինք նաև մենք:
Իսկ life.ru-ն 2 տարի առաջվա հոդվածում անդրադարձել էր նաև С-8-ի այլընտրանքին՝ օրինակ բերելով ամերիկյան արտադրության Hydra-ն, որի ինքնարժեքը մի քանի անգամ գերազանցում է С-8-ին՝ մեկ միավորի համար մոտ 2800 դոլար: Կայքն ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա նաև, որ ՀՀ զինանոցում դեռևս առկա են ռուսական այն ինքնաթիռները, որոնք «զինվում են» С-8-երով, այլ հարց է, որ պահպանման պայմանների հետ կապված խնդիրներ կան: Ամբողջ հոդվածը չենք ներկայացնի, փոխարենը՝ նշենք, որ երբ արդեն հրթիռների գործը հարուցված էր, իսկ Դավիթ Գալստյանն (Պատրոն Դավիթ) էլ առաջարկել էր՝ վերադարձնել իրեն «անպիտան» հրթիռները և ստանալ նորերը, այս առաջարկն այդպես էլ չընդունվեց: Իսկ ՊՆ-ից ակնարկել էին, որ այդ հրթիռների կարիքը ՀՀ ԶՈՒ-ն ունի, վերևում արդեն նշեցինք պատճառներից մեկը: Եվ հետո, որոշ մասնագետների կարծիքով, վերը նշված հրթիռների մասսայական օգտագործումը պայմանավորված է գնային արժեքով և պահպանման ժամկետով:
Ի դեպ, թեպետ «անպիտան հրթիռների» քրեական գործի շրջանակում խոսք է գնում յուրացման մասին, սակայն, նաև տարբեր տեղեկությունների համաձայն՝ ՊՆ-ն ոչ մի գումար չի վճարել այդ հրթիռների համար:
Եվ քանի որ խոսք եղավ ռուսական սպառազինությունից և այն դիսկրեդիտացիայի ենթարկելուց, չմոռանանք, որ նմանօրինակ երևույթի ականատես եղանք նաև «Իսկանդերի» հետ կապված, երբ 2021 թվականի փետրվարին 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հարցադրում էր արել՝ «ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Ռուսական կողմից արձագանքել էին Փաշինյանի այս հայտարարությանը, դրանք, մեղմ ասած, որակելով ոչ պրոֆեսիոնալ, որից հետո ՀՀ իշխանություններն այդ թեման փակեցին:
Բայց փաստն արձանագրվեց՝ տեղի է ունեցել ռուսական զենքի վարկաբեկում: Այս դեպքից ամիսներ հետո՝ 2021 թվականի սեպտեմբերին, առաջ եկավ «անպիտան հրթիռների» թեման, իսկ 2022-ին արդեն «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլանի համար սլաքներ ուղղվեցին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ուղղությամբ, ինչ-որ ժամանակ հետո այս թեման ևս փակվեց:
Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարցին՝ ինչո՞ւ մեր «Իսկանդերը» գործի չենք դնում, ինչո՞ւ չենք թիրախավորում հակառակորդի նավթահորերը՝ Անդրանիկ Քոչարյանը կոշտ պատասխանել էր տվել.
«Լավ ենք անում, երբ որ պետք լինի՝ գործի կդնենք: Դա թողեք զինվորական մասնագետներին: Կարծում եմ, որ դուք գոնե այս երկու օրերին ռազմական գործողությունների տրամաբանությունից չեք նկատում քաոսային, իրավիճակային որոշումներ: Դուք տեսնում եք քայլերի տրամաբանություն»:
Այսինքն, «Իսկանդերի» կիրառման ժամանակի որոշողը Նիկոլ Փաշինյա՞նն է եղել, որի հետ զինվորականությունը համաձայնել կամ չի համաձայնել: Այս թեմայի շուրջ ինչու-ներ և բայց-եր կան, որոնց պատասխանը կարող է տալ Օնիկ Գասպարյանը:
Ի դեպ, 2023 թվականի օգոստոսի 1-ին իր հարցաքննության ժամանակ Դավիթ Տոնոյանին հարց էր ուղղվել նաև «Իսկանդերի» կիրառման և դրա դրսից թույլտվության վերաբերյալ, ինչին նա արձագանքել էր.
«Այսպես ասեմ՝ ոչ թե զինատեսակի հետ կապված հարցեր են եղել, այլ դրա կիրառման աշխարհագրության: Ես փակ նիստում կմանրամասնեմ, բայց ինձ թվում է՝ սա բավարար է»:
Իսկ նախկին իշխանությունների օրոք ձեռք բերված «Իսկանդերը» ՌԴ-ն կիրառում է ուկրաինական պատերազմում՝ վնաս հասցնելով իր հակառակորդի տարբեր համակարգերին: Իսկ թե ինչո՞ւ 44-օրյա պատերազմի ժամանակ «Իսկանդերը» խնդիր չլուծեց, ինչպես 2023 թվականին Հանրային հեռուստաընկերության եթերում Արծրուն Հովհաննիսյանն էր ասել, կարող ենք միայն ենթադրություններ անել:
Հիմա մեզ մոտ, մեծ հաշվով, ոչ մի լուրջ խնդիր չեն լուծում նաև Սու-30 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները, որոնցից միայն 4 հատը բերվեց և ըստ Նիկոլ Փաշինյանի՝ առանց անհրաժեշտ զինամթերքի, որը թույլ էր տալու այն կիրառել իր ողջ հզորությամբ, այլ ոչ թե միայն ուսումնական վարժանքների ժամանակ օդում սավառնել, իսկ 8-12 Սու-30-ի պայմանավորվածություն կար: Կարո՞ղ ենք ենթադրել, որ խնդիրը միայն դաշնակցի մեջ չէ, այլ կարողությունների և հիմա արդեն քաղաքական կամքի՝ ունենալու նաև «մահաբեր զենք»…