Բաժիններ՝

Մասնագետի գնահատմամբ՝ տեղումնառատ եղանակը բարենպաստ պայմաններ է ստեղծել գյուղատնտեսության համար

Հանրապետությունում գրանցված տեղումնառատ եղանակը բարենպաստ պայմաններ է ստեղծել գյուղատնտեսության համար։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ հունվար, մարտ ամիսներին նորմայից շատ տեղումներ են գրանցվել։ Մարտ ամսին նույնիսկ առանձին հատվածներում 200-250 տոկոս նորմայից ավելի տեղումներ են եղել։

«Մարտի 25-ի դրությամբ հանրապետությունում ձնածածկ առկա է 1600 մ և ավելի բարձրություններում։ Ձյան շերտի բարձրությունը 2200 մ-ից բարձր հատվածներում 70-90 սմ-ով ավելին է, քան նախորդ տարի։ Ապրիլ, հունիս ամիսներին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 33-38 սմ-ով, ինչը վերջին 3 տարիների ամենաբարձր ցուցանիշը կլինի»,-ասաց Լևոն Ազիզյանը։ Նա ընդգծեց, որ այս տարի նաև ջրամբարներում մոտ 2 անգամ ավելի ջրալցվածություն կունենանք։ Հանրապետության 5 խոշոր ջրամբարներում 240-260 մլն խմ ավելի ջուր կկուտակվի։

Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության համար նպաստավոր տարի կլինի։ Ավելին, վերջին տվյալները ցույց են տալիս, որ բոլոր նպաստավոր պայմանները կան, որ Սևանից հավելյալ ջրառի անհրաժեշտություն չլինի՝ բացառությամբ ֆորսմաժորային իրավիճակների։

Ապրիլին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը նորմայի մոտ։ Մայիսին նորմայից տաք եղանակ է սպասվում և օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ և հորդառատ անձրևներով պայմանավորված գետերի մերձափնյա հատվածներում հնարավոր են հեղեղումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս