Պետք է փոխել «հող հանձնեք, որ խաղաղություն լինի» տրամաբանությունը. Նիկոլ Փաշինյանը պետք է իր թիմով հեռանա. Վազգեն Հովհաննիսյան

Ավելի քան երկու շաբաթ առաջ Տավուշում մեկնարկած և առանց ընդհատման շարունակվող բողոքի ակցիան կշարունակվի Երևանում: ՀՀ իշխանությունների սկսած սահմանազատման գործընթացին ընդդիմացողներն  ապրիլի 21-ից փակ էին պահում Ոսկեպար-Կիրանց ճանապարհը, զուգահեռաբար ակցիաներ անցկացվեցին հանրապետության տարբեր մարզերում և Երևանում, պահանջը մեկն է՝ դադարեցնել հայկական տարածքներն Ադրբեջանին միակողմանի հանձնելու գործընթացը։ Չնայած այս բողոքի ակցիաներին, իշխանությունները, ավելի քան երկու շաբաթ է՝ շարունակում են հայկական տարածքների ականազերծումը, սահմանային սյուներ տեղադրելու գործընթացը: Ապրիլի 29-ին Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին արդեն տեղադրվել է 35 սյուն։

168.amը ռուսաստանաբնակ քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանի հետ զրուցել է Տավուշում տեղի ունեցող գործընթացների, Հայ Առաքելական եկեղեցուն ու նրա հոգևոր սպասավորներին թիրախավորելու, Ադրբեջանի վարած քաղաքականության և տեղի ունեցողը կանխելու համար հայ ազգի անելիքների մասին։

– Պարոն Հովհաննիսյան, հետևում եք Տավուշում տեղի ունեցող գործընթացներին, որն իշխանությունը համարում է սահմանազատում։ Ձեր բնորոշմամբ՝ այսօր ի՞նչ է տեղի ունենում Տավուշում։

– Տավուշում այսօր իշխանությունների կողմից շարունակվում է այն տրամաբանությունը, ինչը սկսվել է 2018 թվականից, բայց ակնհայտ է դարձել 2020 թվականի կապիտուլյացիայից հետո։ Տրամաբանությունը ո՞րն է, իշխանությունն ասում է, որ տարածքներ տալով՝ խաղաղություն ենք ապահովում, սակայն սա ձախողված է, որովհետև խաղաղությունն այսպես չեն ապահովում, և այս մասին բազմիցս ասել եմ։ Խաղաղությունն ապահովվում է ուժային հարաբերակցության արդյունքում։ Խաղաղությունը թանկ կապիտալ է, որը լինում է միայն ուժի առկայության դեպքում, որևէ փաստաթուղթ, որևէ դեմարկացիա դա չի կարող ապահովել։ Ակնհայտ է, որ Արցախը կորցնելուց հետո Հայաստանը կորցրել է իր կենսունակությունը, որովհետև ունենալով Արցախ՝ Հայաստանն Ադրբեջանի դեմ ուներ ռազմավարական առավելություն, որը հիմա չկա։ Իսկ պատերազմում պարտություն կրելու պատճառը միանշանակ Նիկոլ Փաշինյանն է՝ իր թիմով, սա ես չեմ ասում, սա ակնհայտ փաստ է։ Մենք այսպես որևէ խաղաղություն չենք ունենալու, դա պատրանք է։ Հայ ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանն իր «Հայոց ազգային գաղափարախոսություն» գրքում ասում է՝ «Սեփական երկիրը առանց պայքարի, առանց արյան թշնամուն են թողնում միայն նրանք, որոնց մեջ թուլացել կամ բթացել են Հայրենիքի և անկախ պետականության գաղափարները»։ Հիմա մենք սա ենք տեսնում։

Կարդացեք նաև

– Տավուշում ընթացող այս գործընթացներին զուգահեռ՝ թիրախավորվում է Հայ Առաքելական եկեղեցին, քանի որ Տավուշում մարդկանց կողքին է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, իսկ նրան և տավուշեցիներին իրենց աջակցությունն են հայտնել բազմաթիվ թեմերի առաջնորդներ։ Իշխանությունը ինչի՞ց է վախենում՝ թիրախավորելով եկեղեցուն ու հոգևորականությանը։

– Եկեղեցին մեր անվտանգության, մեր ազգային դեմքը պահպանող բաստիոնն է եղել 1700 տարի շարունակ, և սա որևէ մեկը չի կարող հերքել։ Այսօր եկեղեցին չի ձգտում վերցնել իշխանություն, բայց, այո, միջամտում է այն քաղաքականությանը, որը տանում է կործանման, և պետք է միջամտի, քանի որ եկեղեցին ազգային կառույց է։ Հիմա մի խոսույթ են շրջանառում, որ եկեղեցին պետք է քարոզի խաղաղություն, ո՞վ իրավունք ունի մեկնաբանելու, թե Առաքելական եկեղեցին ինչ պետք է անի, եկեղեցին հստակ իր դոգմաներով ինստիտուցիոնալ ձևով ներկայացրել է, թե ինչ պետք է քարոզի, ինչն է ճիշտ։ Հայ Առաքելական եկեղեցին մշտապես ազգային պայքարը սրբադասել է, որովհետև ազգային պայքարը միտված է եղել ստիպելու հակառակորդին, հաշվի նստել, համակերպվել հայկականության գոյության հետ։ Գևորգ 5-րդ կաթողիկողը չլքեց Էջմիածինը, երբ թշնամին հասնում էր Էջմիածին։ Բագրատ սրբազանը ճիշտ հարց է բարձրացնում, ասում է՝ վերջիվերջո որքա՞ն հող պետք է զիջենք թշնամուն, այսինքն՝ պետք է այս ամենին վերջ տալ ու հասկանալ, որ հող տալով՝ խաղաղություն չես ստանում։ Համոզված եմ, այն մարդիկ, ովքեր քննադատում են Բագրատ սրբազանին, նրանք առհասարակ պատկերացում չունեն, թե ինչ է ազգայինը, կամ ծառայում են թշնամուն ու թշնամական թեզերին։

– ՀՀ տարբեր մարզերում, այդ թվում՝ Երևանում, մարդիկ ի աջակցություն տավուշեցիների, ժամանակ առ ժամանակ իրականացնում են ակցիաներ, այս ամենը հատվածական պայքարից կարո՞ղ է վերածվել համաժողովրդականի։

– 2018 թվականին կիրառած տեխնոլոգիաներն այսօր չեն կարող հաջողության հասնել։ 2018 թվականին շահագրգռված տերություններ ու ուժեր կային, որոնք ուզում էին, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա։ Նրանք այդ ռեսուրսը դրել էին իրենց նպատակը կյանքի կոչելու համար, այսօր, կարծում եմ՝ այդ տեխնոլոգիան չի կարող հաջողության հասնել, որովհետև առնվազն պետք է ունենալ այն ռեսուրսները, որոնք կիրառվեցին 2018 թվականին։ Նաիվ է կարծել, թե «Քայլ արա»-ով, գլխարկ դնելով ու Գյումրիից գալով՝ հնարավոր էր հաջողության հասել, սա ուղղակի միֆ է։ Հետագայում, երբ պատմաբաններն անդրադարձ կկատարեն 2018 թվականի իրադարձություններին, հստակ կներկայացնեն փաստեր, թե այդ ինչ ռեսուրսներ կիրառեցին, որ հասան իշխանափոխության։

Դիմակայություն պետք է, իհարկե, լինի, ցանկացած հայ՝ Հայաստանում ապրող, թե Հայաստանից դուրս, պետք է միանշանակ հասկանա, որ երբ պայքարում են ազգային խնդիրների լուծման համար, բոլորը պիտի համախմբվեն, կողքից դիտորդի կարգավիճակ չունենան։ Ամեն անգամ մենք կողմնակի դիտորդի կարգավիճակ ստանձնելով ենք կորցրել տարածքներ, սա է խնդիրը։ Նույն Արցախի հետ կապված, երբ մարդիկ քննարկում էին միայն առօրյա թեզերը, սեփական բիզնեսը, իսկ Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն, նույնիսկ հիմա էլ չենք գիտակցում, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ։ Կարծում եմ՝ մեր պետականությունը դարձել է մեր արժեհամակարգի ոչ բաղկացուցիչ մասը, մինչդեռ պետականությունը հայապահպանության առաջին խնդիրը պետք է լինի, այսօրվա առաջ քաշած թեզերն առհասարակ հայկականության հետ կապված չեն։ Տեսեք, հայկական դրոշի ու առհասարակ պետական խորհրդանիշների մասին իշխանություններն այնպես են խոսում, թվում է, թե դրանք ինչ-որ դիզայներական գործեր են միայն։

Ուզում եմ Հունաստանում դրոշի արժեքի հետ կապված մեկ օրինակ բերեմ։ Երբ 1941 թվականին Ֆաշիստական Գերմանիան օկուպացրեց Աթենքը, գերմանացի զինվորները ստիպում էին հույն պատվո պահակ կանգնած զինվորին՝ հանի Հունաստանի դրոշն ու տեղադրի Գերմանիայի դրոշը։ Հույն զինվորը հանում է իրենց դրոշը, փաթաթվում մեջն ու նետվում ձորը, բայց իր ձեռքով չի դնում Գերմանիայի դրոշը։ Որոշ ժամանակ անց երկու հույն զինվոր գնում, Գերմանիայի դրոշը հանում ու Հունաստանի դրոշն են տեղադրում՝ իրենց կյանքի գնով։ Մեր դրոշի մասին ցանկացած խոսակցություն պետք է կասեցնել ու այդ խոսացողին պատժել, որովհետև նրանք չեն հասկանում պետականության ու պետական խորհրդանիշների արժեքը։

– Տավուշից հետո ո՞րն է լինելու Ադրբեջանի հաջորդ թիրախը։

– Ադրբեջանի ռազմավարական խնդիրը Հայաստանի պետականությունը հնարավորինս թուլացնելն է և վերջնարդյունքում, եթե հնարավորություն ունենա, տանել պետականության վերջնական կորստի։ Հիմա Ադրբեջանն իրականացնում է ռացիոնալ քայլեր, հարձակողական ռեալիզմի քայլեր, որի գաղափարը հետևյալն է՝ եթե դու հնարավորություն ունես հակառակորդին վերջնականապես ջախջախելու մինչև վերջ, պետք է այդ հնարավորությունը մինչև վերջ օգտագործես։ Մեր ռեալիզմը 30 տարի շարունակ եղել է բալանսավորված, պաշտպանողական։ Իսկ այսօր Փաշինյանի միակ ռազմավարությունն իր և իր խմբակի իշխանությունը հնարավորինս երկարացնելն է, սա կոչվում է անպատասխանատվության կանխավարկած։

Այսինքն՝ Փաշինյանի գործողություններն ամբողջականությամբ անպատասխանատվության կանխավարկած ձևակերպելն է, երբ ցանկացած քայլի համար պատասխանատվություն չի կրում։ Ամեն ինչ անում է իր իշխանությունը պահելու համար, իսկ երբ դրանից տուժում է պետականությունը, հայտարարում է, թե պատասխանատուն ինքը չէ։ Եթե նա պատասխանատվություն կրեր, ապա 2020 թվականի նոյեմբերի հայտարարությունը չէր ստորագրի։ Այսօր էլ հասարակության մի մասի գիտակցությունն այն մակարդակի վրա չի գտնվում, որպեսզի իշխանավորին, ղեկավարին բերի պատասխանատվության դաշտ։ Սա ծնելու է ամենավտանգավոր թեզը։

– Ստեղծված իրավիճակում ո՞րը պետք է լինի հայ ժողովրդի թիրախն ու առաջին հիմնական քայլը։

– Առաջին քայլով պիտի վարակիչ դառնա այն տրամաբանության փոփոխությունը, որ հող զիջելով՝ մենք չենք կարող ունենալ խաղաղություն, ոչ մեկը հող զիջելով չի կարող բերել խաղաղություն։ Երկրորդը՝ պետք է լինի իշխանափոխություն, չեմ ասում, թե այս կամ այն մարդը պետք է գա, բայց իշխանությունը պետք է փոխվի։ Ես 2018 թվականի սեպտեմբերից ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իր թիմով հեռանա, նրանք չունեն ազգային ռազմավարություն՝ ո՛չ պետականապահպանության, ո՛չ ազգապահպանության, ո՛չ էլ անվտանգային շահերի սպասարկման տեսանկյունից։ Պետք է իշխանության գան այն մարդիկ, որոնք իրենց վրա կվերցնեն պատասխանատվությունը, այլ ոչ թե գան ու ասեն՝ Նիկոլը զիջել է, մենք էլ պետք է զիջենք։ Պետք է գան այն մարդիկ, որոնք կսպասարկեն այս տրամաբանությունը՝ չենք զիջելու ու վերջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031