Ինչո՞ւմ է մեղադրվում Դավիթ Տոնոյանը դե յուրե և դե ֆակտո, ո՞ր արածի կամ չարածի համար, «Իսկանդերի» հետ կապված ի՞նչ հարցեր են եղել, արդյո՞ք Փաշինյանը օրինական գերագույն հրամանատար էր 44-օրյայի ժամանակ

Mediahub-ի հետ զրույցում «հրթիռների գործով» ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը նշել է, որ, այսպես ասած, պետական գաղտնիքով պաշտպանված դատական նիստը փակելը մեկ միտում ունի՝ փորձում են այնպես անել, որ հանրությունն այդպես էլ չիմանա՝ վերջը դա ի՞նչ գործ է:

Ճշտող հարցերին՝ հրթիռների գործը չէ՞, քրեական գործն ու մեղադրանքը չե՞ն հանրայնացվում ոչ մի կերպ, փաստաբանը պատասխանել է. «Դե, ընդհանուր առմամբ, դրա մասին տեղեկություն կա, բայց ավելի մանրամասն, ցավոք սրտի, ես էլ չեմ կարող խոսել, որովհետև մեզ էլ են նախազգուշացրել՝ պետական գաղտնիք և այլն… Անգամ այն, թե ինչում է մեղադրվում Դավիթ Տոնոյանը, գաղտնիք է, ինչ փաստաթղթեր կան գործում՝ գաղտնիք է, ինչ իրեղեն ապացույցներ կան, դրանք ինչ վիճակում են գտնվում՝ գաղտնիք է, ով ինչ եկավ դատարանում հայտնեց՝ գաղտնիք է, ու դռները փակ են։ Հիմա ով ինչ ասես՝ իր համար կարա ենթադրություններ անի, ես կարծում եմ՝ միտումը հենց դրանում է, որ պաշտպանության նախկին նախարարն անազատության մեջ է, ու դուք ոչ մեկդ մի՛ իմացեք՝ ինչի համար»: Այսինքն, հանրության մեծամասնությունը չգիտի, թե ինչում են մեղադրում ՀՀ պաշտպանության նախկին նախարարին, մի մասն էլ, թերևս, կարծում է, որ Դավիթ Տոնոյանը դե յուրե պատասխան է տալիս 2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտության համար: Դե ֆակտո, ըստ էության, «պատասխան է տալիս» այս տրամաբանության մեջ, բայց դարձյալ պարզ չէ մինչև վերջ՝ 44-օրյա պատերազմի համատեքստում կոնկրետ ինչի՞ համար՝ արածի՞, թե՞ չարածի, ինչո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետապնդումը Դավիթ Տոնոյանի նկատմամբ, որի մասին ոչ մեկ անգամ իր հայտարարություններում շեշտել է պաշտպանության նախկին նախարարը:

168.am գրել էր, թե երբ են եղել Դավիթ Տոնոյանին առնչվող խորհրդակցությունները, ովքեր են մասնակցել նրան ձերբակալելու քաղաքական որոշման կայացմանը:

168.am-ի տեղեկություններով, նման 2 խորհրդակցություն է եղել. մեկը՝ Տոնոյանի ձերբակալման նախօրեին, մյուսը՝ ձերբակալման օրվա առավոտյան:

Կարդացեք նաև

Նշենք, որ 2023 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր փաստաբանական թիմի միջոցով պատասխանել էր 168.am-ի հարցերին:

Հրթիռների գործով անցնող և ավելի քան երկու տարի անազատության մեջ գտնվող Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, ասել էր. «Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որի բոլոր մասնակիցներն ինձ և հանրությանը հայտնի են: Ընդ որում, նրանցից 2-ն արդեն չեն պաշտոնավարում, և համոզված եղեք, որ ուշ թե շուտ վերոնշյալ որոշման կայացմանը մասնակցություն ունեցած բոլորը պատասխան են տալու»:

Ինչ վերաբերում է «հրթիռների գործին» և դրա շրջանակում ՀՀ պաշտպանության նախկին նախարարին առաջադրված մեղադրանքին, ապա 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր՝ «ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն»: Այսինքն, նա մեղադրվում է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով յուրացման համար:

2022 թվականի հունվարին պատասխանելով մի շարք լրատվամիջոցների իրեն փոխանցված հարցադրումներին, Դավիթ Տոնոյանն այս առնչությամբ նշել էր.

«Առաջադրված մեղադրանքում տեղ գտած այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են «պաշտոնի բերումով տեղեկացված լինելով հրթիռների ժամկետներն անցած լինելու մասին», «նախնական համաձայնության գալով ՀՀ ԶՈՒ պաշտոնատար և այլ անձանց հետ», «շուկայականից էականորեն թանկ գնով», «շահադիտական դրդումներով», «հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռների ձեռքբերման իրական պահանջարկը» և այլն, քրեական գործով որևէ կերպ չեն հաստատվել: Ընդհակառակը, գործում առկա են դրանք հերքող բազմաթիվ ապացույցներ»:

Տոնոյանը շարունակել էր, որ հիմք չուներ չընդունել կամ անտեսել ենթակա անձնակազմի՝ Գլխավոր շտաբի մասնագիտական և ոլորտի պատասխանատու կառույցների զեկույցները զինամթերքի շահագործման համար պիտանի լինելու, պահպանման և ծառայության ժամկետների երկարացման հնարավորության վերաբերյալ։ Մանավանդ որ, զինամթերքն արտադրող և բազմաթիվ այլ երկրներում երկարացումն այդ երկրներում գործող կարգերով կատարվել էր, և նույն տարեթվերի (1988-1991թթ) արտադրության հրթիռները գտնվում են շահագործման մեջ։

«Անգամ ավարտված ոչ օբյեկտիվ նախաքննությամբ չհաստատվեց հրթիռների անորակ կամ անպիտան լինելը՝ նշանակված դատապայթյունատեխնիկական փորձաքննությունը անկատար թողնելու, հրթիռները չփորձարկելու պատճառով: Պարզ էր, որ փորձաքննությունն իրականացնելու պարագայում հաստատվելու էր հրթիռների կիրառելիությունը,- շեշտել էր նա և, պատասխանելով հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը երբևէ մատնացույց արե՞լ է «անորակ» զենք-զինամթերքի հետ կապված խնդիրները, Դավիթ Տոնոյանը վստահեցրել էր,- Վարչապետից որևէ նման դիտարկում չեմ հիշում։ Կարծում եմ, եթե ունենար, կհայտներ, քանի որ տեղեկատվության պակաս չի ունեցել, և իմ նշանակումից ի վեր ՊՆ գնումների ողջ գործընթացը եղել է ԱԱԾ-ի, դատախազության, քննչական կոմիտեի, ՊՎԾ-ի ամենօրյա հսկողության, ստուգման և քննման ներքո: Բազմիցս եղել է, որ գնման միևնույն դրվագով քննություն են իրականացրել վերը նշված մի քանի գերատեսչություններ: Գնման որոշումը կայացվել է ՀՀ Զինված ուժերի կիրառման ապահովման համար, և խնդրո առարկա զինամթերքը կիրառվել է մարտական պատրաստության, անգամ ռազմական գործողությունների ընթացքում, և դա անհերքելի փաստ է»:

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի պարտության համատեքստում իրեն «քավության նոխազ» դարձնելուն, 2022 թվականի հունվարին հեռակա հարցուպատասխանում ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նշել էր, որ գործ ունենք իրեն և պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։

«Դրա վառ ապացույցն է այն, որ գործում ունենալով տեղեկություններ, որ «անպիտան» որակված հրթիռները գտնվել են ժամկետի մեջ, անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում են կիրառվել և լուծել մարտական խնդիր, այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմինը հայտարարություն է տարածել, թե «ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին և ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաև այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

Վստահ եղեք, որ պատերազմի այլ արդյունքի պարագայում այսպիսի քրեական գործեր չէին հարուցվի։ Հակառակորդի գլխին թափվել է և նրան ոչնչացրել է շատ ավելի վաղ արտադրության զինամթերք։

Ինչպես ասել եմ դեռևս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Բայց միայն իմ արածի և ոչ թե՝ չարածի համար»:

Ի սկզբանե և՛ Դավիթ Տոնոյանը, և՛ հրթիռների գործով անցնող ԳՇ նախկին պաշտոնյաները և բանակին զենք մատակարարած Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, պահանջել են ոչ միայն անպիտան համարվող հրթիռների փորձաքննություն, այլև դռնփակ դատաքննություն, երկուսն էլ իշխանությունները մերժել են: Իշխանությունները չընդունեցին նաև Տոնոյանի առաջարկը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում դռնփակ «հարցաքննություն» կազմակերպել իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Ուստի ՀՀ պաշտպանության նախարարը ստիպված է ժամանակ առ ժամանակ հայտարարություններ տարածել, բայց դրանք բավարար չեն, ի վերջո, ամեն օր հայտարարություն հնարավոր չէ տարածել:

Իսկ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի և դրա հանգամանքներն ուսումնասիրող Աժ քննիչ հանձնաժողովի աշխատանքների համատեքստում վերջին շրջանում իր հարցազրույցներում շեշտը դնում է սպառազինության գնումների վրա, որի հետ կապված խնդիրներ է արձանագրում, այդ թվում՝ ՀՕՊ միջոցների, և դա սահուն կերպով կապում է պատերազմի ելքի հետ: Եվ այս պայմաններում հատկապես շատ կարևոր է տվյալ դեպքում «հրթիռների գործով» դատական պրոցեսի բաց լինելը, որպեսզի և՛ ռազմական փորձագետները, և՛ հանրությունը հասկանա՝ ո՞րն է ՀՀ պաշտպանության նախկին նախարարի մեղավորությունը, ո՞րն է ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի մեղքը, ո՞րն է ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանինը և ո՞րն է գործով անցնող մյուս անձանց մեղավորությունը: Ինչպես արդեն նշեցինք, Դավիթ Տոնոյանի դեպքում սա հատկապես կարևոր է, քանի որ հանրության մի մասը կարծում է, որ նա պատժվում է 44-օրյա պատերազմի պարտության համար, իսկ պատերազմից հետո և՛ Տոնոյանի, և՛ զինվորականության նկատմամբ հասարակության վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ, եթե չասենք՝ վատ է:

Օրինակ, Դավիթ Տոնոյանի մասին խոսակցություններ եղան, որ նա պատերազմի առաջին օրը ՀՀ-ից դուրս է գտնվել և մասնակցել ծննդյան տոնակատարության, որին Քննիչ հանձնաժողովում նախկին նախարարն անդրադարձել էր և պարզաբանումներ տվել, իսկ 168.am-ը հավելյալ մանրամասներ էր հայտնել։ Կամ՝ 2020 թվականի նոյեմբերին համացանցում տեղեկություններ շրջանառվեցին, որ ՀՀ ՊՆ-ն Թուրքիա զենք-զինամթերք է վաճառել, ինչը ՊՆ-ն հերքել էր։

Բայց այս խոսակցությունների նստվածքը մնացել է հասարակության մեջ և որոշակի վերաբերմունք ձևավորել՝ պատերազմի պարտության ֆոնին: Վաղը նույն տրամաբանությամբ կարող է տեղեկություններ շրջանառվել, որ ինչ-որ ժամանակ Դավիթ Տոնոյանը զենք է վաճառել, օրինակ, Ուկրաինային: Չմոռանանք նաև Սու-ն30-երի հետ կապված հանրության վերաբերմունքը, որ միլիոնների արժեք ունեցող բազմաֆունկցիոնալ ինքնաթիռն այդպես էլ չօգտագործվեց այն նպատակով, ինչի համար ստեղծված է, և դրա կիրառումը սահմանափակվում է ուսումնական վարժանքների ժամանակ օդ բարձրացվելով:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում մինչև իր հիմնական խոսքը կամ հարցուպատասխանը, Դավիթ Տոնոյանը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք փաստաբանական խմբին թույլ է տրվելու ծանոթանալ քննիչ հանձնաժողովի արձանագրություններին իր մասով, ինչին Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխան է տվել՝ «քանի որ դատական պրոցես է լինելու, և փաստաբանական խումբը կարող է դիմել, և դատարանի որոշումով հանձնաժողովի նյութերը կարող են հասանելի դառնալ իրենց համար»:

Սրանից հետո Դավիթ Տոնոյանը պարզաբանել է.

«Խոսքը չի գնում այն քրեադատավարական վարույթի մասին, որով ես հիմա ամբաստանյալ եմ, այլ հնարավոր ապագա կամ արդեն եղած գործերի շրջանակների, որ դուք ձեր ծրագրում նշել եք, որ քրեական գործերին առնչվող որոշ խնդիրների վերաբերյալ եք ուշադրություն դարձնելու: Ապագային միտված են իմ հարցադրումները, որ ես պատրաստ լինեմ իրավական որևէ նոր վարույթների պարագայում»: Իսկ ավելի ուշ նա ակնարկել էր, որ իր ենթագիտակցությունը հուշում է՝ հրթիռների գործը ևս 2020 թվականի 44-օրյայի համատեքստում է իր դեմ հարուցված:

«Լավ գիտեմ՝ ինչի համար եմ կալանավորված՝ պատերազմի արդյունքի, ոչ թե նրա, ինչը ձևակերպված է»,- շեշտել էր նա:

Այս տպավորությունը ՀՀ պաշտպանության նախկին նախարարի մոտ Քննիչ հանձնաժողովում ժամանակ առ ժամանակ թարմացվում էին իրեն ուղղված հարցադրումներից: Մասնավորապես, երբ Անդրանիկ Քոչարյանը հարց էր տվել Դավիթ Տոնոյանին Դավիթ Գալստյանի հետ նրա ունեցած հարաբերությունների մասին, և թե ճի՞շտ է, որ զենքի բիզնեսով զբաղվող Գալստյանը պատերազմից առաջ ուղեկցել է իրեն իր շրջագայությունների ժամանակ, Տոնոյանն արձագանքել էր.

«Նոր քրեական գործի շրջանակո՞ւմ են այս քննարկումները, թե՞ եղած գործի շրջանակում: Ես դատարաններում արդեն պատասխանել եմ, 3 ամիսը մեկ կրկնում եմ՝ ինչպիսի հարաբերությունների մեջ եմ եղել»:

Դավիթ Տոնոյանին հարց էր ուղղվել նաև ՌԷՊ ստորաբաժանումների և միջոցների հետ կապված, որ դրանք լուծարվել են և ապամոնտաժվել: Ինչին ի պատասխան՝ Տոնոյանը մատնացույց է արել իր հարցաքննությանը ներկա այդ հարցի հեղինակին՝ «կարծում եմ՝ պարոն Ավետիսյանին լսելու անհրաժեշտություն կա», այնուհետև հավելել, որ անգամ նորագույն միջոցներն են պատերազմի ժամանակ խնդիրներ ունեցել:

Այստեղ հավելենք, որ Դավիթ Տոնոյանի մատնանշած Ավետիսյանի անունը, ըստ մամուլի հրապարակումների, կապվում էր նաև 42 միլիոնի զենքի գործի հետ, որը շատ քիչ էր անազատության մեջ մնացել նշված գործի շրջանակում, ավելին, դարձել էր փորձագետ 2016-ի Ապրիլյան պատերազմի և 2020 թվականի 44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովներում: Այսինքն, հարցեր է տալիս ինքը, երբ շատ հարցեր հենց իրեն պիտի տան:

Ի դեպ, Դավիթ Տոնոյանին հարց էր ուղղվել նաև «Իսկանդերի» կիրառման և դրա դրսից թույլտվության վերաբերյալ, ինչին նա արձագանքել էր.

«Այսպես ասեմ՝ ոչ թե զինատեսակի հետ կապված հարցեր են եղել, այլ դրա կիրառման աշխարհագրության: Ես փակ նիստում կմանրամասնեմ, բայց ինձ թվում է՝ սա բավարար է»:

Հիշեցնենք, որ 2022 թվականին իշխանությունները՝ ի դեմս Անդրանիկ Քոչարյանի, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին մեղադրում էին «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան հաստատելու մեջ:

Հնարավոր է՝ գեներալի՝ Քննիչ հանձնաժողովում հարցաքննությունից հետո այս առնչությամբ որոշակի հարցեր գտել են պատասխաններ, բայց գուցեև հարցեր են մնացել. հանրության, փորձագետների շրջանում հաստատ մնացել են, այդ թվում՝ դրա կիրառման ժամանակամիջոցի հետ կապված, ոչ միայն աշխարհագրության: Իսկ այն, որ իշխանություններն օգտվում են ոչ միայն հետաքրքրություն ներկայացնող քրեական գործերի փակ դատական քննությունից, նաև կարևոր հարցերի դռնփակ քննարկումից, այդ թվում՝ Քննիչ հանձնաժողովի շրջանակում, առ այն, որ տվյալ պահի թիրախը հնարավորություն չունի պատասխանելու իշխանական հայտարարություններին և մեկնաբանություններին, դա անվիճելի է: Իսկ սատանան մանրուքների մեջ է, և ցանկացած բառ, ստորակետ, կամ ինչպես Քննիչ հանձնաժողովում շեշտել էր Դավիթ Տոնոյանը, տերմինը կարևոր է, և անգամ չի կարելի նույն հարթության մեջ դնել պատերազմն ու ռազմական գործողությունը:

Ի դեպ, Քննիչ հանձնաժողովում Տոնոյանը կասկածի տակ էր դրել Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյայի ընթացքում գերագույն հրամանատար հռչակվելու օրինականությունը: Բայց այս մասին՝ առանձին անդրադարձում:

Տեսանյութեր

Լրահոս