«Ամիսներ շարունակ որևէ շփում չեմ ունեցել Սարգիս Գալստյանի հետ, տեղեկություն չունեմ». Դավիթ Գալստյան
Այսօր Մեդիահաբ լրատվականը գրել էր, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան. Գորիսում նրան ձերբակալել են։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ Սարգիս Գալստյանի եղբոր տղան, ասաց, որ հորեղբոր ձերբակալության կամ Հայաստան վերադառնալու վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունի։
«Ամիսներ շարունակ ես որևէ շփում չեմ ունեցել Սարգիս Գալստյանի հետ, որևէ տեղեկություն չունեմ։ Ինքս նրա Հայաստան վերադառնալու և ձերբակալվելու մասին մամուլից եմ իմացել։
Ինքս Արցախից բռնի տեղահանվելու ժամանակ նրան հորդորել եմ դուրս գալ, բայց նա մնաց։ Ինչ-որ տեղ խնդրել էի դուրս գալ, բայց նա չուզեց դուրս գալ ու մնաց Արցախում»,- նշեց Դավիթ Գալստյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախն ամբողջովին օկուպացվելուց հետո Սարգիս Գալստյանը կնոջ հետ մնացել էր Արցախում։ ՀՀ-ում իշխանական շրջանակները լուրեր էին տարածում, որ Ադրբեջանը նրան պատրաստվում է նշանակել Ստեփանակերտի «պարետ», որը Հայաստանում գտնվող նրա երեխաներն անմիջապես հերքեցին։