
Երեկ շատ ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել Բաքվում. Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյան տելեգրամյան իր ալիքում գրում է, որ երեկ շատ ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել Բաքվում։
«Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատարի տեղակալը Աբրամ Փեյլին հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպանի, և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։ Քննարկումներ են եղել Իրանի, պատժամիջոցների կիրառման և տարածաշրջանի մասին։
Ուշագրավն այն է, որ Փեյլին հանդիպել է նաև Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի հետ։ Դիքի հետ հանդիպումից հետո Փեյլին գրառում էր արել իր X էջում և նշել․
«Բաքվում հիանալի քննարկում ունեցա Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի հետ մեր սերտ համակարգման շուրջ՝ միտված լուծելու տարածաշրջանում իրանական վարչակարգի ապակայունացնող վարքագծի վերաբերյալ մտահոգությունները: Անչափ ուրախալի է լսել Ադրբեջանի հետ Իսրայելի պատմական և մշակութային կապերի մասին»։
Փեյլին այցով եղել է նաև Վրաստանում ու Հայաստանում։ Բայց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցի պես, այս դեպքում էլ հանդիպումներից և հնչած ուղերձներից ակնհայտ է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից դիտվում է որպես Իրանի դեմ գործողությունների լավագույն հարթակ։ Իզուր չէ, որ Իսրայելը հսկայական քաղաքական ու ռազմական օգնություն է ուղղում Ադրբեջանին, այդ ամենն իր գինն ունի, որը վաղ թե ուշ Ադրբեջանից պահանջելու են վճարել»։