Համակարգը կանգնած է «ծանր ու բարդ» իրավիճակի առջև. իրական կորուստնե՞ր են, թե՞ գողություններ

Հայաստանի ջրային ոլորտում բավականին ծանր և բարդ իրավիճակ է։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության անցած տարվա գործունեության զեկույցի վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։

Իսկ ինչո՞ւ է ջրային ոլորտում «ծանր ու բարդ իրավիճակ»։ Չէ՞ որ վեց տարի է՝ այլևս «նախկին թալանչիները» չկան։ Վեց տարի է՝ իրենք են կառավարում համակարգը։ Մի՞թե 6 տարին քիչ էր համակարգը կարգի բերելու համար։

Կարգի բերելու փոխարեն՝ փաստորեն այն հայտնվել է «ծանր ու բարդ իրավիճակում»։

Այդպես է, որովհետև, ինչպես վեց տարի առաջ, այնպես էլ այսօր սարսափելի մեծ են ջրային կորուստները։ Խոստացած համակարգային բարեփոխումները ձախողել են։

Կարդացեք նաև

Խմելու ջրի ոլորտում կորուստները հասնում են ոչ ավել, ոչ պակաս, 63 տոկոսի։

Այլ կերպ, համակարգ մտնող ջրի մեծ մասը կորում է։ Ո՞ւր է գնում, ի՞նչ է լինում, այլ հարց է։

Ոռոգման համակարգում կորուստները մի փոքր ավելի պակաս են, բայց էլի սարսափելի մեծ թիվ են կազմում. այստեղ էլ համակարգ մտնող ջրի 45 տոկոսն է անհետանում։

Սրանք իրական կորուստնե՞ր են, թե՞ գողություններ, ոչ մի նշանակություն չունի։ Եթե գողություններ են, ավելի վատ։ Փաստ է, որ վեց տարվա ընթացքում կառավարության «քրտնաջան» աշխատանքի արդյունքն այն է, որ ոռոգման համակարգում կորուստները կրճատվել են ընդամենը 1 տոկոսով։

Հիմա հաշվեք, թե այս տեմպով ևս քանի վեց տարի է պետք, որպեսզի ոռոգման համակարգում կորուստները վերանան։

Պատկերացնում եք՝ 270 տարի։

Հավանաբար մի քանի հարյուր տարի էլ պետք կլինի, որպեսզի կորուստները վերանան խմելու ջրի համակարգում։

Ջրային կորուստները, բնականաբար, երկնքից չեն ընկնում։ Դրանց մի մասը տեխնիկական են, կապված են համակարգի մաշվածության հետ։ Բայց այնպես չէ, որ խնդիրը միայն մաշվածությունն է. քիչ չեն նաև արհեստական կորուստները։

Խոսքը հաշվառումից ու վճարումից դուրս մնացող կորուստների մասին է։

Կորուստների տեսքով այդ ջուրը դուրս է գրվում, բայց իրականում հասնում է սպառողներին։ Այն առաջանում է ջրի ստվերային շրջանառությունների արդյունքում, որոնք եղել են ու շարունակում են բավական մեծ տոկոս կազմել կորուստների մեջ։

Այդ և ընդհանրապես մյուս բոլոր կորուստների համար վճարում են սպառողները։ Վճարում են ջրի սակագների միջոցով։

Այս հսկայական կորուստների պատճառով է, որ խմելու ջրի սակագներն այդքան բարձր են։

Չեն կարողանում լուծել կորուստների հարցը՝ բարձրացնում են սակագները։

Երբեմն էլ ստիպված են պետական բյուջեից հսկայական գումարներ վճարել՝ սուբսիդավորելու սակագները, որպեսզի թաքցնեն իրենց ապաշնորհ կառավարման հետևանքները և մեղմեն սպառողների դժգոհությունները։

Անցած տարի, այն բանից հետո, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերթական անգամ բարձրացրեց խմելու ջրի սակագինը, որոշեցին բյուջեի հաշվին փոխհատուցել այն։ Միայն այս տարի շուրջ 1,2 մլրդ դրամ են պատրաստվում վճարել դրա համար։ Հավանաբար այդքան էլ վճարել են անցած տարի։ Զուտ այն պատճառով, որ չեն կարողանում կորուստները բերել մի մակարդակի, որպեսզի սակագները բարձրացնելու, առավել ևս՝ սուբսիդավորելու անհրաժեշտություն չլինի։

Այլ հարց է, իհարկե, համատարած սուբսիդավորման բարոյական ու սոցիալական կողմը։

Հսկայական գումարներ են վճարում պետական բյուջեից՝ սուբսիդավորելու ոչ միայն՝ սոցիալական խմբերի, այլև՝ օլիգարխների ու մեծահարուստների ջրամատակարարման սակագները։ Նույն կերպ սուբսիդավորում են՝ ինչպես ամսական 10, այնպես էլ, ասենք՝ 200 կամ 300 խմ օգտագործողի սակագինը։

Ո՛չ մի հիմնավորում, ո՛չ մի տրամաբանություն, բոլորին համահարթ՝ և՛ չունևորին, և՛ ունևորին։

Որտե՞ղ է սրա սոցիալական արդարությունը։ Թեև կառավարության արածների մեջ ե՞րբ է սոցիալական արդարություն եղել, որ այստեղ էլ լիներ։

Այսպիսի հսկայական կորուստների պատճառով, խմելու ջրի սակագները Հայաստանում վերջին տարիներին միայն բարձրացել են, ի հեճուկս 2018թ. ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունների, որ մինչև 2024թ. սակագները կմնան անփոփոխ։

««Վեոլիա ջուր» ընկերության և Հայաստանի կառավարության միջև կնքված նախկին պայմանագրով դեկտեմբերին խմելու ջուրը պետք է թանկանար 11 դրամով։ Եվ մենք` կառավարությունը, այս ընթացքում բանակցեցինք «Վեոլիա ջրի» հետ և պայմանավորվեցինք, որ մինչև 2024 թ. Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու»,- 2018թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Այս հայտարարությունից հետո խմելու ջրի սակագինը 25 դրամով բարձրացել է։

Կորուստները կրճատելու հաշվին համակարգի ֆինանսական խնդիրները լուծելու ու սակագները լրացուցիչ չծանրաբեռնելու փոխարեն՝ առաջիկայում կառավարությունը մտադիր է թանկացնել նաև ոռոգման ջուրը։

Նիկոլ Փաշինյանի համար ջրի և ընդհանրապես թանկացումների դեմ պայքարելու թեման վաղուց արդեն անցյալում է ու արդիական չէ։ Հիմա նա թանկացումների կողմնակից է։

«Մենք չպետք է մտածենք այնպես անել, որ ջուրը չթանկանա, մեր մտածածն այն պետք է լինի, որ մարդիկ ջուր ունենան»,- կառավարության այս տարվա առաջին նիստերից մեկում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հենց այդպես, առանց սեթևեթելու, առանց այս ու այն կողմ ընկնելու՝ ասում է՝ եթե կարողանանք ջուր հասցնել, արդեն լավ է՝ կարևոր չէ, թե այդ ջուրն ինչքանով կհասնի գյուղացուն, կկարողանա՞ գյուղացին դրա համար վճարել, թե՞ ոչ։

Իբր գյուղացու խնդիրները քիչ են, հիմա էլ հիմքեր են ստեղծում ոռոգման ջուրը թանկացնելու համար։ Ոռոգման ջրի թանկացումը ծանրանալու է գյուղացու ու գյուղատնտեսության վրա։ Համակարգը չեն կարողանում արդյունավետ կառավարել, հայտնի ու անհայտ գործոններով պայմանավորված կորուստները չեն կարողանում կամ պարզապես չեն ուզում կրճատել, որովհետև դրա արդյունքում բավական լուրջ ստվերային գումարներ են պտտվում համակարգում ու մտնում որոշ մարդկանց գրպանները, էլի աչքը դրել են սպառողի ու սակագների բարձրացման վրա։

Մինչ ոռոգման ջրի կորուստների կրճատման առումով գրեթե առաջընթաց չկա, ամեն տարի Սևանից միլիոնավոր խորանարդ մետր ջուր են բաց թողնում։ Երբեմն անգամ նախատեսվածով չեն բավարարվում ու ավելին են վերցնում։ Դրա պատճառով էլ, վերջին տարիներին բարձրանալու փոխարեն, Սևանի մակարդակը մի բան էլ նվազում է։

Մինչդեռ՝ 2021թ. Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե առաջիկայում մեզ սպասվում է, թերևս, մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը՝ «2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը՝ վերջին 60 տարվա ընթացքում»։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս