Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի ստեղծմանը դեմ եմ եղել. ՊՆ/ԶՈւ-ում քառօրյայի համապարփակ վերլուծություն կար, քաղաքական վերաբերմունք ցուցաբերելը ժամանակի վատնում էր. Դավիթ Տոնոյան
8 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որին ընդունված է ասել «քառօրյա պատերազմ»: Որոշ մասնագետների կարծիքով, այն չի կարելի դասական իմաստով պատերազմ համարել՝ ելնելով գործողությունների բնույթից և մասշտաբից: Բայց տեղի ունեցածը չի կարելի նաև հեշտությամբ զուտ դիվերսիոն-հետախուզական գործողություն որակել: Իսկ 2021 թվականի դեկտեմբերին էլ տարեվերջյան առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշել էր 2016 թվականի պատերազմի վերաբերյալ իր և Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի խոսակցության մասին՝ «это была разведка боем»:
Շատ զարգացած երկրների զինված ուժերում «հետախուզում՝ մարտով»-ը համարվում է տակտիկական հմտության կարևոր էլեմենտ: Օրինակ, ԱՄՆ-ի ցամաքային զորքերը «հետախուզում՝ մարտով» արտահայտությունից հասկանում են զգալի ուժերով հարձակում, բայց սահմանափակ նպատակներով, որտեղ առաջնահերթ են համարվում՝
– թշնամու մարտական կարգերի և կարողությունների մասին տեղեկատվության ստացումը,
– կարևոր թիրախների և առանցքային օբյեկտների տեղորոշումը,
– պատասխան գործողությունների սադրումը, ինչը կարող է օգնել վեր հանել հակառակորդի պաշտպանության թույլ կողմերը, և այլն:
Ամերիկյան մասնագետները կարծում են, որ «հետախուզում՝ մարտով»-ը չի կարող լինել առանց բավարար քանակի ուժերի և կրակային միջոցների, որպեսզի հնարավոր լինի պարտադրել հակառակորդին արձագանքել ակտիվ և մասշտաբային՝ ցուցադրելու իր մարտական տրամադրվածությունը, կրակային համակարգը և մարտի վարման պլանները:
Ավելին, այստեղ կարևորվում է հզոր ռեզերվները պատրաստ վիճակում պահելը, որը թշնամու պաշտպանությունում թույլ հատվածների, տեղամասերի հայտնաբերման դեպքում, լոկալ հետախուզական գործողություններն անհապաղ ընդհանուր հարձակման մակարդակի կտեղափոխի:
Իհարկե, 2016 թվականին Արցախի ՊԲ ղեկավարությունը բնավ համաձայն չէր այն գնահատմանը, որ 8 տարի առաջ ապրիլին տեղի ունեցածը զուտ «հետախուզում՝ մարտով» էր, այսինքն՝ այն առավել լայնամասշտաբ գործողություն էր:
Իսկ թե ինչ էր տեղի ունեցել 2016-ին՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ, բազմիցս անդրադարձել ենք, ուստի նորից չենք ներկայացնի: Մի բան փաստ է՝ հայկական կողմին հաջողվել էր ձախողել հակառակորդի գլխավորի խնդրի իրականացումը, և որ Ադրբեջանն ինքն էր 2016-ի ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում, ինչի մասին 2020թ. «5-րդ ալիք» հեռուստաընկերության ապրիլյան պատերազմի մասին «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի շրջանակում մանրամասներ էր հայտնել Ապրիլյան պատերազմի ժամանակ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը: Եվ ՀՀ այդ ժամանակվա իշխանություններն էլ չէին դրսևորել արկածախնդրություն և համաձայնել էին դրան՝ սառը հաշվարկ կատարելով, ինչը տեղի էր ունեցել, ըստ էության, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, և ինչը տեղի չունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ:
Հավելենք, որ 2016 թվականի դեռ ապրիլի 3-ին էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոչ էր անում դադարեցնել պատերազմը և հայտնում իր պատրաստակամությունը:
«Ելնելով խաղաղասիրությունից և հիմք ընդունելով միջազգային հանրության կոչերը, Ադրբեջանը որոշում է կայացրել միակողմանի դադարեցնել պատասխան ռազմական օպերացիաները: Իհարկե, փորձելու է ամրացնել գրաված տարածքները»,– նշվում էր Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:
Նույն օրը ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հստակ հայտարարել էր. «Հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանությանը»:
Նշենք, որ Ադրբեջանի խնդրանքով և Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ապրիլի 5-ին հաստատված հրադադարից հետո ադրբեջանական սադրանքները շարունակվել են մինչև ապրիլի վերջը: Բայց կրկնում ենք՝ փաստ է, որ Ադրբեջանի գլխավոր նպատակը ձախողվել է, ինչի մասին անգամ ադրբեջանական վկայություններում և վերլուծություններում կարելի էր տեսնել՝ հայտնի «Թարթառի գործի» շրջանակում։
Այսինքն, ժամանակ առ ժամանակ Նիկոլ Փաշինյանի փորձերը՝ գործողությունների առումով «պարզեցնել» 2016 թվականի քառօրյայի ռազմական նշանակությունը, լուրջ չէ, հատկապես, երբ 2019 թվականի մայիսի 31-ին ստեղծվել էր ԱԺ քննիչ հանձնաժողով, որի լիազորությունների ժամկետը երկարաձգվել էր 2019 թվականի դեկտեմբերի 10-ին, և որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ գործող իշխանությունները կասկածի տակ են դնում Ապրիլյան պատերազմում հայկական կողմի հաղթել-չհաղթելու հարցը:
Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի զեկույցն ԱԺ խոսնակին պետք է ներկայացվեր 2020 թվականի սեպտեմբերին, սակայն սկսվեց 44-օրյա պատերազմը: Արդեն 2021 թվականի մայիսի 5-ին Ազգային ժողովը փակ նիստում քննարկել էր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը՝ պատճառաբանությամբ, որ այն պարունակում է պետական գաղտնիքներ: Մինչդեռ 2020 թվականին Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Ապրիլյան քառօրյային վերաբերող քննիչ հանձնաժողովի զեկույցն ունենալու է հույժ գաղտնի, խիստ գաղտնի, գաղտնի, բաց տիրույթներ, որոնց, նախատեսված չափով, հնարավորություն կտրվի տեղեկանալ թե՛ հասարակությանը, թե՛ ԱԺ պատգամավորներին, թե՛ անվտանգության մարմինների հիմնական պատասխանատուներին: Այսինքն, հանրությունն այդպես էլ չիմացավ, թե 2016 թվականի քառօրյայի օրերին ինչ բացթողումներ են եղել հայկական կողմից և ինչ դասեր պիտի քաղեինք հետագայում, իսկ Քննիչ հանձնաժողովների զեկույցները, ըստ էության, հանրության համար են, իհարկե, թույլատրելի սահմանում: Բայց հանրությունը պիտի իմանա, թե որքանով է իր երկրի ղեկավարությունը, բանակը ի զորու եղել դիմակայել հակառակորդին, և արձանագրված ինչ բացթողումներ են լրացվել, հատկապես, երբ մեր դեպքում բանակը կանոնավոր է և ոչ լրիվությամբ պայմանագրային սկզբունքով:
Ի դեպ, 2019 թվականի նոյեմբերին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ըստ էության, նույն բանն էր ասել, որ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է փակի հասարակության շրջանում բոլոր խոսակցությունները, այսինքն՝ Պաշտպանության նախարարության համար ամեն ինչ պարզ էր, պետք է զեկույցի միջոցով որոշ բաներ պարզ լինեին նաև հանրության համար:
«Պաշտպանության համակարգում պարզ է՝ ինչ է կատարվել, ինչպես է կատարվել: Եվ ես ակնկալում եմ, որ մի այդպիսի հանձնաժողով մյուս կողմում լինի (Ադրբեջանում.- Մ.Պ.), ոչ միայն այստեղ: Ինձ համար պարզ է, որ եղել են դավադիր գործողություններ հակառակորդի կողմից: Իսկ հայկական կողմից եղել են թերացումներ, որոնք վերլուծվել են, և մենք դրա վերաբերյալ քաջատեղյակ ենք»,-շարունակել էր Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ որևէ խնդիր չի տեսնում, եթե անգամ իր պարտականությունների հետ կապված քննարկելու բան լինի, և, որ առհասարակ ծառայողական, գաղտնի և հույժ գաղտնի գործընթացներ և վերլուծություններ եղել են այս առումով: Եթե խնդիրներ չլինեին, ապա Ապրիլյան պատերազմի համատեքստում չէին լինի նաև նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նաև բարձրաստիճան զինվորականների ազատումներ՝ Պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզբաբեկյան, Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյան, ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյան:
Հաշվի առնելով, որ Ապրիլյան պատերազմի 8-րդ տարին է, փաստաբանական թիմի միջոցով այս թեմայի շրջանակում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին 1-2 հարց ենք ուղղել:
Նա մեզ փոխանցել է, որ Ապրիլյան պատերազմին առնչվող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցին չի ծանոթացել:
«Բայց այդ հանձնաժողովի ստեղծմանը դեմ եմ եղել, և դրա մասին մի քանի անգամ հրապարակային արտահայտվել եմ: Նշեմ, որ ՊՆ/ԶՈւ-ում քառօրյայի համապարփակ վերլուծություն կա, այնպես որ, ԱԺ-ում դրան քաղաքական վերաբերմունք ցուցաբերելը ժամանակի վատնում էր և դառնալու էր քաղաքական շահարկումների թեմա»,- նշել է Դավիթ Տոնոյանը:
Այստեղ հարկ է հիշեցնել, որ 2016 թվականի ապրիլի 5-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որ «Պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանի զեկույցը ԱԺ դռնփակ լսումների ժամանակˋ գոհացուցիչ էր, Հայաստանի Զինված ուժերը լիովին պատրաստ են հանգուցալուծել Ադրբեջանի ավանտյուրայից հետո առաջացած իրավիճակը»:
Բայց 2019 թվականի մայիսի 20-ին, այնուամենայնիվ, Փաշինյանը հայտարարել էր. «Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը 2016թ․–ի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»:
Պարզից էլ պարզ էր, որ այս ամենը, ինչպես նշեցինք, միայն քաղաքական նպատակներ էր հետապնդում, և, որ գործող իշխանություններն անգամ չպահեցին իրենց խոստումը՝ հանրության շրջանում առկա հարցերին թույլատրելի սահմանում պատասխանել: Ձեռնտու չէ՞ր, սա զրկելո՞ւ էր իրենց Ապրիլյան պատերազմի թեման հետագայում շահարկելու հնարավորությունից: Օրինակ, իշխանություններն իրենց հարմար կոնտեքստում են օգտագործում այն, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի շարունակությունն էր:
Իսկ Դավիթ Տոնոյանն իր բացատրությունն ունի, ինչը տվել է՝ մեր հարցին ի պատասխան:
«Այո, 2020 թվականի 44-օրյա պատերազմը 2016 թվականի քառօրյայի շարունակությունն էր, որովհետև Ադրբեջանի նպատակները չեն փոխվել, ուրիշ պատճառ չկա»:
2016-ի քառօրյան էլ դրանից առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների շարունակությունն էր, ինչպես 2016 թվականի մայիսին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի թողարկման շրջանակում ասել էր այդ ժամանակ ԼՂՀ ՊԲ նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը. «Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, այն ամենի տրամաբանական շարունակությունն էր, որ սկսվել էր դեռևս 2014թ., լարվածության առումով աճել 2015 թվականին, 2016թ. արդեն զուտ անցել են իրենց պլանների իրագործմանը»:
Իսկ 2016 թվականի ապրիլին Դավիթ Տոնոյանը փաստաբանների միջոցով մեզ փոխանցել է, որ տեղեկություն եղել է դիվերսիոն գործողությունների վերաբերյալ: Նման միտք Տոնոյանն ասել էր նաև 2018-ին «Ազատության» հետ զրույցում:
«Ինչպես տեղյակ եք, ապրիլյան գործողությունները սկսվել են Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների կողմից, իսկ հատուկ ստորաբաժանումներն իրենք գործողությունները իրականացնում են ծածուկության պայմաններում: Անգամ այդ պայմաններում եղել է տեղեկատվություն հնարավոր գործողությունների վերաբերյալ»:
Հավելենք, որ 2016-ի ապրիլի 23-ին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր. «Ստույգ տեղեկություններ չունեինք, որ ապրիլի 1-ը կարող էր այդպիսի իրադարձությունների սկիզբ դառնալ, և եթե ունենայինք, ադրբեջանցիները շատ-շատ կորուստներ կկրեին, և այս մի քանի մետրը, որ իրենք գրավել են, դա էլ չէին կարողանա գրավել: Տեղի ինքնապաշտպանական բանակն ուներ տվյալներ, որ այդ երեկո սպասվում է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի գործողություն, բայց ստույգ հայտնի չէր՝ որտե՞ղ և ո՞ր հատվածում: Դա 200 կմ-ից ավելի մի հատված է, և դժվար էր կողմնորոշվել՝ որտեղ կարող էին լինել այդ իրադարձությունները»:
Վերադառնանք Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նպատակահարմարությանը և հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ևս եղել է այն կարծիքին, որ ԱԺ շրջանակում նման հանձնաժողով չպետք է ստեղծվեր, ավելին, նա 2021-ին անհասկանալի էր համարել Ապրիլյան հանձնաժողովի լիազորությունների ժամկետի երկարաձգումը, երբ ուսումնասիրությունների համար հենք կար՝ ՊՆ-ում կատարված մեծածավալ վերլուծությունը:
Իսկ 168.am–ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով գնացել էր Ապրիլյան քննիչ հանձնաժողով, նշել է.
«ՊՆ-ում կատարված այդ մեծ ծավալի վերլուծության ժամանակ ՊՆ ղեկավարությունն իրենք իրենց չէին խնայել, բացահայտել էին գաղտնի և ոչ գաղտնի թերությունները, և իրենց մնում էր միայն այդ ամենն արձանագրել և արդյունքներն ամփոփեին: Այսինքն, կոպիտ ասած, մենք մեզ լավ «քլնգել» էինք»:
Թե ինչ տեսք է ստացել Ապրիլյան պատերազմի զեկույցը, Սեյրան Օհանյանը նշեց, որ գաղտնիություն պարունակող տեղեկություններին հասանելիության թույլտվություն չունի: Փոխարենը՝ նա ասաց, որ պետությունն ուներ և ունի լծակներ՝ ի դեմս Պաշտպանության նախարարության, իսկ նման քննիչ հանձնաժողովները, առհասարակ, պետք է ստեղծի ընդդիմությունը կամ նրանց առաջարկով, ինչը չարվեց 44-օրյա պատերազմի դեպքում:
Հավելենք, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ 44-օրյա պատերազմից հետո, որպես ԳՇ պետ, մանրակրկիտ վերլուծություն է նախաձեռնել ԳՇ-ում, որը, սակայն, չէր հասցրել ավարտին հասցնել, քանի որ ԳՇ հայտնի հայտարարությունից հետո իրավունքի ուժով իրեն ազատել էին զբաղեցրած պաշտոնից, և գեներալ Գասպարյանի զեկույցն ավարտելու պատասխանատվությունը մնացել էր Արտակ Դավթյանի վրա:
Թե որքանով է ՊՆ-ում արված վերլուծությունը, այնուհետև նաև Օնիկ Գասպարյանի և Դավիթ Տոնոյանի երկօրյա հարցաքննությունները 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում, հիմք ծառայելու Անդրանիկ Քոչարյանի գլխավորած քննիչ հանձնաժողովի զեկույցի համար, բնականաբար, կարող ենք միայն ենթադրություններ անել, քանի որ նախ՝ մեկնաբանության հարց է, երկրորդ՝ այն, ըստ էության, հանրությունից ամբողջովին պահվելու է: Բայց նույնիսկ այս դեպքում Քոչարյանի հանձնաժողովը գործն ավարտին հասցնելու հետ կապված դժվարություններ ունի, գուցե դրա համար էլ, օրենքի խախտումով, դեռ վերջնագծին չեն հասցրել զեկույցը, ինչի մասին 168.аm-ը մանրամասն գրել է: