2016թ․ Ադրբեջանի ձախողված ռազմական օպերացիայի հետքերով. փաստաթղթեր

Ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ «կարող էին կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի»:

Մինչդեռ Փաշինյանը հենց ինքն էր ժամանակ առ ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրում Ապրիլյան պատերազմը չկանխելու մեջ՝ «ապրիլյան պատերազմը հնարավոր էր կանխել, եթե ցուցաբերվեր դիվանագիտական ճկունություն»:

Իսկ նախկիններին 2016-ին հաջողվել է կանխել մարտական գործողությունների առավել լուրջ լայնամասշտաբ պատերազմի վերածվելու հնարավորությունը, եթե հաշվի առնենք, որ, ըստ մասնագետների, կատարվածը դասական իմաստով հեռու է պատերազմ համարվելուց՝ ելնելով գործողությունների բնույթից և մասշտաբից:

Մյուս կողմից՝ տեղի ունեցածը չի կարելի նաև հեշտությամբ մարտական գործողություն որակել: Բայց, ինչպես կասեին դիվանագետները, կարևորը ոչ թե պրոցեսն է, այլ արդյունքը, իսկ հայկական կողմին հաջողվել է ձախողել Ադրբեջանի խնդիրների իրականացումը՝ տիրել ամբողջ Արցախին, ինչի մասին կան հստակ փաստեր, որոնցից մի քանիսն Ապրիլյան պատերազմից մոտ 10 օր հետո արդեն հասանելի էին լրագրողներին, ռազմական փորձագետներին, օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդներին, որոնց մասին նպատակահարմար ենք համարում հիշեցնել և մեկ անգամ ևս դրանք հրապարակել մի քանի պատճառով։

Առաջին, ինչպես նշեցինք՝ հայկական կողմին հաջողվել է ձախողել հակառակորդի գլխավորի խնդրի իրականացումը:

Երկրորդ՝ թեպետ 2016-ի Ապրիլյան պատերազմն ընդունված է ասել «քառօրյա», սակայն Ադրբեջանի խնդրանքով և Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ապրիլի 5-ին հաստատված հրադադարից հետո ադրբեջանական սադրանքները շարունակվել են մինչև ապրիլի վերջը:

Մասնավորապես, 2016-ի ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերն արձանագրվել է հակառակորդի դիվերսիայի փորձ: ժամը 04:55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության դիրքապահները նկատել են հակառակորդի հատուկջոկատայինների ձեռնարկած գործողությունը և հետ շպրտել նրանց::

Դիվերսիայի ևս մեկ փորձ հակառակորդն իրականացրել է ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դարձյալ հակառակորդին ստիպել են նահանջել:

Ապրիլի ընթացքում լարման ևս մեկ փուլ արձանագրվել է ապրիլի 25-28-ը ժամանակահատվածում: Մասնավորապես, ապրիլի լույս 26-ի գիշերը, հակառակորդն Արցախի ուղղությամբ սկսել է կրակել խոշոր փողային հրետանիով (հաուբիցներ) և «Գրադ» համակարգերով: Ընդ որում՝ հակառակորդը թիրախավորել է ոչ միայն հայկական դիրքերը, այլև Մարտակերտ և Մատաղիս բնակավայրերը:

Մարտերը շարունակվել են նաև օրվա ընթացքում. ադրբեջանական զինուժը կիրառել է 85, 100, 122 ու 152 մմ թնդանոթներ, ԲՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 («Օսա-ԱԿՄ») զենիթահրթիռային համալիր: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են եղել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

2016-ի ապրիլի 6-30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 13 զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային:

Երրորդ, Փաշինյանի իշխանությունը, որը մինչ օրս չի հրապարակել 2020-ի պատերազմի զոհերի ցուցակը՝ գոնե 3812-ի, ժամանակ առ ժամանակ սիրում է ինչ-ինչ փաստեր դաշտ նետել, հղում տալ ինչ-որ փաստաթղթերի՝ փորձելով արդարացնել իրեն և սլաքն ուղղել նախկինների ուղղությամբ, ուստի Ադրբեջանի մեծամասշտաբ նպատակների մասին հարկ ենք համարում հերթական անգամ փաստերի և հստակ ապացույցների լեզվով խոսել:

2016-ի ապրիլի 2-ին ՊԲ կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռի ընկնելու վայրից առգրավված գույքն ապացուցում էր, որ Ադրբեջանի նպատակը զուտ մի քանի դիրք գրավելը չէր, այսինքն, Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմագործողության պլան, և այն չի եղել փոքր մասշտաբի:

Առգրավված գույքը ներառում էր.

– թռիչքային քարտեզներ

– օդաչուի պլանշետը

– գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը

– ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը

– УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան

– АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց

– САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով

– սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս

– 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր

– օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով

Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծության համաձայն, մասնավորապես, պարզ էր դարձել, որ 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24G ուղղաթիռն էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել էր թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով:

Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում էին, որ անձնակազմին խնդիր էր առաջադրվել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնել, մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր անգամ ցատկահրապարակ: Ավելին, Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված էր ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը:

Պաշտպանության նախարարությունում ռազմական փորձագետներին և լրագրողներին նույնիսկ ասել էին, որ հարձակողական օպերացիայի հրաման Ադրբեջանի ԶՈՒ-ն ստացել է դեռ 10 օր առաջ:

«Oդաչուների կողմից կիրառվող քարտեզը գաղտնիացված է, ինչը հետազոտելիս երևում է, որ օդաչուն թռիչքից առնվազն 1-2 օր առաջ ստացել է մարտական թռիչքներ իրականացնելու հանձնարարականներ, ինչն իր հերթին՝ հուշում է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից նման հրաման իջեցվել է 10 օր առաջ: Ինչևէ, մարտական քարտեզում նշված են հավանական հակառակորդի առաջնագիծը, ԼՂՀ տարածքում 9 նշանակետ՝ խորությունն առաջնագծից 3 կմ-ից մինչև 10 կմ:

Ամենահեռահար կետը Ֆիզուլի քաղաքի հարավ-արևելյան մասն է: Որպես օդաչու՝ կարող եմ ասել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր հերթականությամբ` օրվա խնդրի կատարումից ելնելով:

Քարտեզը պատրաստված է մարտի 31-ին կամ ապրիլի 1-ին, որում նշված է Լյալյա-Իլյագի լեռան բարձունքը, որը գտնվում է ԼՂՀ տարածքում, դրա վրա նշված է ավիանշանառուի դիրքը և այդտեղից բանակային ավիացիայի կիրառման տարբերակները:

Հակառակորդը բանակային ավիացիային հրահանգել է պատրաստ լինել ամսի 1-2-ի գիշերը` բանակային ավիացիայի կիրառմամբ իրականացնելու հարձակողական գործողություններ` ԼՂՀ հարավ-արևելյան մասով:

Ցանկացած ռազմական մասնագետ սա կընդունի որպես իրողություն և կհասկանա, որ տվյալ կողմն իրականացրել է նախնական գործողությունների մշակում, օդաչուական անձնակազմի մարտական խնդիրների տեսակետով նախորոշում և նշանակետերի կոնկրետ ցուցում:

Տվյալ խնդիրը կատարելիս հակառակորդի օդաչուն իրականացրել է թռիչք 54 նշանակետի ուղղությամբ: Ունենք «սև արկղի» բացվածք, որի կտրվածքով կարող ենք ասել, որ օդաչուն թռիչքն իրականացրել է շատ լարված վիճակում, որի արդյունքում ունենալով կառավարվող հակատանկային միջոցներ, ոչ կառավարվող ցամաքային զորքերի դեմ կիրառվող միջոցներ, նա չի կիրառել դրանք, այլ կիրառել է միայն թնդանոթ, որի հեռահարությունը մինչև 1 կմ խորությամբ է:

Ընդ որում, կիրառելուց ձգանը պահած է եղել մոտավորապես 2 րոպե և այդ վիճակում էլ խոցվել է մեր տղաների կողմից»,- 2016-ին այս օրերին ռազմական լրագրողներին մանրամասնել էր ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, որն այսօր անցնում է հրթիռների հայտնի գործով և գտնվում է կալանքի տակ:

Հայկական կողմը խոցել էր հակառակորդին պատկանող ևս մեկ ուղղաթիռ` Մի-8-ը, դա էլ, ինչպես հայտնել էր գեներալ Ավետիք Մուրադյանը, ամենայն հավանականությամբ, պետք է շրջափակման մեջ ընկած դիվերսիոն խմբի տարհանումն իրականացներ կամ նրանց հնարավոր օգնություն ցուցաբերեր` իջեցնելով հատուկ նշանակության ուժեր:

«Մի-8 ուղղաթիռը խոցվել է ԼՂՀ տարածքում` անցնելով մեր տարածք մոտ 500 մ խորությամբ, որից հետո իրականացրել է հնարավոր թռիչք` վթարային վայրէջք կատարելով իրենց տարածքում` առաջնագծից մոտ 500-700 մ խորության վրա»,- շարունակել էր ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետը:

Այդ օրերին և՛ հայ, և՛ ռուս փորձագետները նշում էին, որ լավ է աշխատել նաև հայկական ՀՕՊ-ը:

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը նախկիններին հիշելիս՝ լավ կանի նաև այս փաստերն ուսումնասիրի, կամ՝ պատվից վեր չհամարի հիշատակելը:

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել, և ռուսական խաղաղապահ զորակազմի ձեռնարկած բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը վերադարձել են իրենց դիրքեր:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինուժին չէր հաջողվել գրավել Սեյսուլանը:

«Թարթառի գործով» անցնող և կտտանքների ենթարկված կապիտան Էլմար Ալլահվերդիևը պատմել էր, որ 2016թ․ Ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը Իլհամ Ալիևին զեկուցել է, թե «Սեյսուլան և Թալիշ գյուղերը «ազատագրված են», մինչդեռ իրականում դրանք հայկական վերահսկողության տակ են եղել և չեն վերցվել»:

«2017թ․ մայիսի դեպքերը («Թարթառի դեպքերը») հիմնականում կապ ունեին Ադրբեջանի նախագահին կեղծ տեղեկություններ տրամադրելու հետ, թե կատարվել է զանգվածային դավաճանություն, ինչի արդյունքում հակառակորդը հակագրոհ է իրականացրել և իր հսկողությանը վերադարձրել իբր ազատագրված Սեյսուլան և Թալիշ գյուղերը»,- ընդգծել էր Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումներից մեկի հետախուզական բաժինը ղեկավարած Ալլահվերդիևը՝ շարունակելով, որ Սեյսուլանի ուղղությամբ իրենք առանց աջակցության են մնացել:

Նրա խոսքով, «այստեղ հակառակորդի տարածք ներթափանցման խորությունը 400 մետր էր, և ոչ ինչպես Թալիշում՝ 7-8 կմ, դրա համար հաջողվել է իրեն հանել անձնակազմին»:

Նշենք, որ Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ, Նոր Սեյսուլան, Սեյսուլան գյուղերը հայկական կողմը կորցրեց արցախյան վերջին պատերազմի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս