Ինչո՞ւ է Փաշինյանը հիշել Կոմանդոսին. Արդարացո՞ւմ, թե՞ չիմացություն

Տարեվերջյան առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատմել էր 2016 թվականի պատերազմի վերաբերյալ իր և Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի խոսակցության մասին։

«Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում միջոցառում էր կազմակերպված, այնտեղ էր նաև Արկադի Տեր-Թադևոսյանը։ Երբ դուրս էինք գալիս՝ առաջարկեցի՝ իրար հետ գնանք Երևան, ու ողջ ճանապարհին հետաքրքրվում էի նրանից ապրիլյան պատերազմի մասին։ Հարցրեցի՝ ի՞նչ էր դա: Արկադի Տեր-Թադևոսյանն էլ ասաց՝ «это была разведка боем»։ Այսինքն՝ ինքն իր համոզմունքն էր հայտնում, որ դա հետախուզական գործողություն է․ հետախուզական գործողությունը նախորդում է պատերազմական որոշակի պլանի կիրառմանը, փորձարկվում է ու որոշակի սրբագրումներ է արվում»,- պատմել էր նա:

Թե որքանով է բարոյական մահացած մարդու խոսք մեջբերելով՝ արդարացման փորձեր անելը, հարցի մի կողմն է, սակայն այս միտքը Կոմանդոսն ասել էր նաև լրագրողների հետ հանդիպման ժամանակ, բայց այն քննարկումների համատեքստում, թե Ապրիլյան դեպքերը դասական իմաստով պատերա՞զմ էին, թե՞ ոչ՝ ելնելով մարտական գործողությունների բնույթից և մասշտաբից:

Միաժամանակ Արկադի Տեր-Թադևոսյանն այդ հանդիպումներում նշել էր, որ գործ ենք ունեցել թուրքական զինուժի աջակցության հետ:

Ինչ ասել է՝ «հետախուզում՝ մարտով» կամ հետախուզման նպատակով մղվող մարտական գործողություններ

Այն հակառակորդի, նրա կարողությունների մասին ակտուալ տեղեկություններ ստանալու մեթոդ է:

Այն համարվում է ռազմական կամ տակտիկական հետախուզության վարման մեթոդ, որը կիրառվում է այն իրավիճակներում, երբ այլ մեթոդների հնարավորությունները սպառված են:

Շատ զարգացած երկրների զինված ուժերում «հետախուզում՝ մարտով»-ը համարվում է տակտիկական հմտության կարևոր էլեմենտ: Օրինակ, ԱՄՆ-ի ցամաքային զորքերը «հետախուզում՝ մարտով» արտահայտությունից հասկանում են զգալի ուժերով հարձակում, բայց սահմանափակ նպատակներով, որտեղ առաջնահերթ են համարվում՝

– թշնամու մարտական կարգերի և կարողությունների մասին տեղեկատվության ստացումը,

– կարևոր թիրախների և առանցքային օբյեկտների տեղորոշումը,

– պատասխան գործողությունների սադրումը, ինչը կարող է օգնել վեր հանել հակառակորդի պաշտպանության թույլ կողմերը, և այլն:

Ամերիկյան մասնագետները կարծում են, որ «հետախուզում՝ մարտով»-ը չի կարող լինել առանց բավարար քանակի ուժերի և կրակային միջոցների, որպեսզի հնարավոր լինի պարտադրել հակառակորդին արձագանքել ակտիվ և մասշտաբային՝ ցուցադրելու իր մարտական տրամադրվածությունը, կրակային համակարգը և մարտի վարման պլանները:

Ավելին, այստեղ կարևորվում է հզոր ռեզերվները պատրաստ վիճակում պահելը, որը թշնամու պաշտպանությունում թույլ հատվածների, տեղամասերի հայտնաբերման դեպքում, լոկալ հետախուզական գործողություններն անհապաղ ընդհանուր հարձակման մակարդակի կտեղափոխի:

Ռազմական հետախուզության տեսակներից երկար կարելի է խոսել, սակայն՝ ոչ այս անգամ։

Թերևս, տեղին է հիշեցնել, որ 2016-ի ապրիլին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ էր դրել իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են՝ «Սմերչը», «Կասիրգան», «Ուրագանը», «Գրադլարը», «ТОС-1А»-ն («Սոլնցեպյոկ»), իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքերը, «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռը, МИ-24G հարվածային ուղղաթիռները և այլն:

Ադրբեջանը գործողության մեջ էր դրել նաև իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները: Սակայն նման ուժերի և միջոցների ներգրավման պարագայում անգամ հակառակորդին չհաջողվեց հասնել իր առջև դրված խնդրի կատարմանը, իսկ որ այն զուտ մի քանի դիրք գրավելը չէր, ապացուցում էր նաև ապրիլի 2-ին ՊԲ-ի կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռի ընկնելու վայրից առգրաված գույքը.

– թռիչքային քարտեզներ,

– օդաչուի պլանշետը,

– գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը,

– ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը,

– УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան,

– ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը,

– УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան,

– սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս,

– 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր,

– օպտիկաէլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով:

Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծության համաձայն, մասնավորապես, պարզ էր դարձել, որ 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24G ուղղաթիռն էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել էր թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով:

Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում էին, որ անձնակազմին խնդիր էր առաջադրվել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնել, մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր անգամ ցատկահրապարակ: Ավելին, Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված էր ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը:

Չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավել է 19 դիրք, մակերեսային միավորով արտահայտված՝ մոտ 400 հա:

Ադրբեջանի մարդկային կորուստների թիվը, տարբեր հաշվարկներով, առնվազն 1000 էր: Բացի այս, ադրբեջանական բանակը կորցրել էր 24 տանկ, 4 միավոր հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 «Գրադ» ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր «МИ-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային և հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա և այլն:

Ինչ վերաբերում է հայկական կողմի կորուստներին, ապրիլի 2-5-ը հայկական կողմը տվել է 75 զոհ (63 զինծառայող, 12 պահեստազորային), ունեցել 121 վիրավոր, շարքից դուրս է եկել 14 տանկ (որից 6-ը վերականգնվել է և նորից վերադարձվել շարք) և մի քանի ավտոմոբիլային տեխնիկա:

Ապրիլի 6-30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է ևս 13 զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային:

Հարկ է նշել, որ կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելով, Ադրբեջանն ինքն էր ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում։

Սրան «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի շրջանակում անդրադարձել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը:

Ի դեպ, թերևս ճիշտ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը մտածեր իր իշխանության օրոք ռազմական և ոչ միայն ռազմական հետախուզության կարողությունների մասին, քանի որ, իր իսկ խոսքով՝ պատերազմի ընթացքում ինքը միշտ սխալ տեղեկություններ է ստացել, կամ էլ՝ այս անգամ ևս գործ ունենք ինքնարդարացման հետ:

Հիշեցնենք, որ 2016թ․Նիկոլ Փաշինյանը գոհունակություն էր հայտնել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք առկա ռազմական հետախուզության մակարդակից: Տարբեր ռազմական մասնագետներ մեկ անգամ չէ, որ ասել են՝ Ադրբեջանը չի կարողացել 2016-ին իր առջև դրված խնդիրը կատարել՝ գրավել Արցախը:

Իսկ ի՞նչ ունեցանք վերջին պատերազմի արդյունքում՝ Արցախի 75 տոկոսի կորուստ և ոչ միայն:

Ի՞նչն էր խանգարում «հետախուզում՝ մարտով» մեթոդին տեղյակ Նիկոլ Փաշինյանին լավ պատրաստել բանակը, կառավարման համակարգը, եթե նպատակը թշնամու գլխավոր նպատակը խափանելն էր…

Տեսանյութեր

Լրահոս