«Թարթառի գործը» և Ապրիլյան պատերազմը
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Ապրիլյան պատերազմի հանգամանքները մոտ մեկ տարի ուսումնասիրելուց հետո այդպես էլ չհրապարակեց արդյունքները, մինչդեռ Ադրբեջանում 2016-ի Ապրիլյան պատերազմը դեռ օրակարգում է և, ըստ էության, նոր բացահայտումներ են սպասվում՝ հաշվի առնելով «Թարթառի գործը»:
Հիշեցնենք, որ 2017-ի մայիսին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում տեղեկացրին զինվորների կալանավորումների մասին՝ հօգուտ Հայաստանի հատուկ ծառայությունների լրտեսության մեղադրանքով։
Ավելի ուշ՝ 2019-ին, երբ այս գործի հետ կապված որոշակի մանրամասներ բացահայտվեցին, ադրբեջանական հանրությանը հայտնի դարձան 2017-ի մայիսին և հունիսին տեղի ունեցած զանգվածային կտտանքները, որոնք հաջորդել էին Ապրիլյան պատերազմին:
Իսկ օրեր առաջ՝ հունվարի 5-ին, 2020թ. հուլիսյան մարտերի օրերին ոչնչացված գեներալ Փոլադ Հաշիմովի մայրը հայտարարել է, որ 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո որդին զորացրման դիմում է ներկայացրել, որը չի ընդունվել:
Սամայա Հաշիմովան չի գաղտնազերծել պատճառները, թե ինչու էր Հաշիմովը ցանկանում Քառօրյայից հետո հեռանալ բանակից:
Փոխարենը՝ ադրբեջանցի գեներալի մայրը պատմել է, որ 2020-ի հուլիսի 11-ին՝ հուլիսյան դեպքերի մեկնարկից մեկ օր առաջ, որդին զանգահարել և ասել է, թե առաջիկայում իրեն Պաշտպանության նախարարությունում «բարձր պաշտոն են տալու»:
Իսկ 3 օր հետո՝ հուլիսի 14-ին, հուլիսյան մարտերի ընթացքում Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է գեներալ Փոլադ Հաշիմովի և գնդապետ Իլգար Միրզեևի մահվան մասին:
Ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:
Հաշիմովի մայրն իր հայտարարության մեջ ակնարկել է նաև, որ որդու մահվան մեջ մեղավոր է Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը:
«Քարիմ Վալիևը սպանել է իմ որդուն, որպեսզի ինքը ստանա այդ պաշտոնը»,- ասել է Սամայա Հաշիմովան։
Վալիևը Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայիս պետն է, նշանակվել է 2021-ի հուլիսի 23-ին:
Ի դեպ, Հաշիմովան մեղադրել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։
Նա պահանջում է հետաքննել ոչ միայն որդու մահվան հանգամանքները, այլև 2016-ին զորացրվելու ցանկության պատճառները:
2016-ին Ադրբեջանը պիտի ազատագրեր Արցախի հյուսիսում գտնվող հայկական կողմից վերահսկվող տարածքները
Վերադառնալով «Թարթառի գործին»՝ նշենք, որ 2021-ի նոյեմբերի 23-ին «Թուրան» գործակալությունը հոդված էր հրապարակել, որտեղ նշվում է, թե 2016-ի ապրիլին Ադրբեջանի բանակի առաջ խնդիր էր դրված՝ «ազատագրել» Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող «օկուպացված» տարածքի մի մասը:
Խնդիրը հատուկ նշանակության ջոկատները կատարել են, սակայն, ըստ ադրբեջանական գործակալության, բարձր ղեկավարության հրամանով, զինուժը, որը պիտի հասներ հատուկ նշանակության զինծառայողների մոտ և ընդուներ դիրքերը, չի գնացել, արդյունքում՝ 100-ավոր հատուկ նշանակության զինծառայողներ են ոչնչացվել:
«Թարթառի գործով» անցնող և կտտանքների ենթարկված կապիտան Էլմար Ալլահվերդիևը պատմել է, որ 2016-ի Ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը Իլհամ Ալիևին զեկուցել է, թե «Սեյսուլան և Թալիշ գյուղերը «ազատագրված են», մինչդեռ իրականում դրանք հայկական վերահսկողության տակ են եղել և չեն վերցվել»:
«2017-ի մայիսի դեպքերը («Թարթառի դեպքերը») հիմնականում կապ ունեին Ադրբեջանի նախագահին կեղծ տեղեկություններ տրամադրելու հետ, թե կատարվել է զանգվածային դավաճանություն, ինչի արդյունքում հակառակորդը հակագրոհ է իրականացրել և իր հսկողությանը վերադարձրել իբր ազատագրված Սեյսուլան և Թալիշ գյուղերը»,- ընդգծել է Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումներից մեկի հետախուզական բաժինը ղեկավարած Ալլահվերդիևը՝ շարունակելով, որ Սեյսուլանի ուղղությամբ իրենք առանց աջակցության են մնացել:
Նրա խոսքով, «այստեղ հակառակորդի տարածք ներթափանցման խորությունը 400 մետր էր, և ոչ ինչպես Թալիշում՝ 7-8 կմ, դրա համար հաջողվել է իրեն հանել անձնակազմին»:
«Սակայն մոտոհրաձիգները և նրանց հրամանատարությունը փախչում էին, որոնք պիտի վերցված դիրքերը զբաղեցնեին»,- լրացրել է ադրբեջանցի կապիտանը՝ պնդելով, որ սրանից հետո իրենց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, այդ ժամանակ ԳՇ պետ Սադիկովը և 1-ին կորպուսի հրամանատար Հիքմեթ Հասանովը հրամայել են կեղծ տեղեկություն տալ Իլհամ Ալիևին, ինչից ինքը հրաժարվել է, և արդյունքում դարձել «Թարթառի գործի» ֆիգուրանտ:
Ադրբեջանցի պահեստազորի որոշ սպաներ կարծիք էին հայտնել, որ «Թարթառի գործն» ի հայտ է եկել, քանի որ զինվորական բարձրագույն հրամանատարությունը ցանկացել է թաքցնել 2016 թվականին տեղի ունեցած պատերազմի իր կորուստները:
Նշենք, որ վերևում հիշատակված Սեյսուլանը և Թալիշը հայկական կողմը կորցրեց արցախյան վերջին պատերազմի ժամանակ:
2016-ի Ապրիլյան պատերազմը. պատմական էքսկուրս
Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որին ընդունված է ասել՝ «քառօրյա պատերազմ»:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ էր դրել իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են՝ «Սմերչը», «Կասիրգան», «Ուրագանը», «Գրադլարը», «ТОС-1А»–ն («Սոլցեպյոկ»), իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքերը, «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռը, МИ-24G հարվածային ուղղաթիռները և այլն:
Ադրբեջանը գործողության մեջ էր դրել նաև իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները: Սակայն նման ուժերի և միջոցների ներգրավման պարագայում անգամ հակառակորդին չհաջողվեց հասնել իր առջև դրված խնդրի կատարմանը, իսկ որ այն զուտ մի քանի դիրք գրավելը չէր, ապացուցում էր նաև ապրիլի 2-ին ՊԲ կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռի ընկնելու վայրից առգրավված գույքը.
– օդաչուի պլանշետը
– գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը
– ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը
– УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան
– АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց
– САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով
– սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս
– 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր
– օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով
Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծության համաձայն, մասնավորապես, պարզ էր դարձել, որ 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24G ուղղաթիռն էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել էր թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ տարանցիկ վայրէջք կատարելով «Քյուրդամիր» օդանավակայանում:
Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում էին, որ անձնակազմին խնդիր էր առաջադրվել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնել, մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր անգամ ցատկահրապարակ:
Ավելին, Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված էր ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը:
Չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավել է 19 դիրք, մակերեսային միավորով արտահայտված՝ մոտ 400 հա:
Ադրբեջանի մարդկային կորուստների թիվը, տարբեր հաշվարկներով, առնվազն 1000 էր: Բացի այս, ադրբեջանական բանակը կորցրել էր 24 տանկ, 4 միավոր հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 «Գրադ» ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր «МИ-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային և հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա և այլն:
Ինչ վերաբերում է հայկական կողմի կորուստներին, ապրիլի 2-5-ը հայկական կողմը տվել է 75 զոհ (63 զինծառայող, 12 պահեստազորային), ունեցել 121 վիրավոր, շարքից դուրս է եկել 14 տանկ (որից 6-ը վերականգնվել է և նորից վերադարձվել շարք) և մի քանի ավտոմոբիլային տեխնիկա:
Ապրիլի 6-30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է ևս 13 զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային:
Հարկ է նշել, որ կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելով, Ադրբեջանն ինքն էր ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում։
2021-ի տարեվերջյան առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատմել էր 2016 թվականի պատերազմի վերաբերյալ իր և Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի խոսակցության մասին։
«Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում միջոցառում էր կազմակերպված, այնտեղ էր նաև Արկադի Տեր-Թադևոսյանը։ Երբ դուրս էինք գալիս՝ առաջարկեցի՝ իրար հետ գնանք Երևան, ու ողջ ճանապարհին հետաքրքրվում էի նրանից ապրիլյան պատերազմի մասին։ Հարցրեցի՝ ի՞նչ էր դա: Արկադի Տեր-Թադևոսյանն էլ ասաց՝ «это была разведка боем»։ Այսինքն՝ ինքն իր համոզմունքն էր հայտնում, որ դա հետախուզական գործողություն է․ հետախուզական գործողությունը նախորդում է պատերազմական որոշակի պլանի կիրառմանը, փորձարկվում է ու որոշակի սրբագրումներ է արվում»,- պատմել էր նա:
Դրանից հետո 168.am-ը՝ «Ինչո՞ւ է Փաշինյանը հիշել Կոմանդոսին. Արդարացո՞ւմ, թե՞ չիմացություն» վերտառությամբ հոդվածում անդրադարձավ, թե ինչ ասել է՝ «հետախուզում՝ մարտով» կամ հետախուզման նպատակով մղվող մարտական գործողություններ:
168.am-ը շարունակելու է հետևել «Թարթառի գործի» շուրջ զարգացումներին, որի շրջանակում, համաձայն ադրբեջանցի իրավապաշտպանների՝ կտտանքների է ենթարկվել շուրջ 100 զինծառայող, սպանվել 9 անձ, մոտ երկու տասնյակի լրտեսության մեղադրանք է առաջադրվել:
Ի վերջո, սա առնչվում է Ապրիլյան պատերազմին, որի հետ կապված բացահայտումները պակաս հետաքրքիր չեն, հատկապես, երբ Փաշինյանի իշխանությունն այն ժամանակ առ ժամանակ հիշում է: