Փաշինյան-Բլինքեն-դեր Լայեն հանդիպմանն ընդառաջ Իրանը զուսպ է․ ինչո՞վ է պայմանավորված Իրանի դիրքորոշումը

Ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-դեր Լայեն-Բլինքեն հանդիպմանը հաշված օրեր են մնացել։ Ռեգիոնալ շահագրգիռ երկրներից միայն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որը դեռ պաշտոնական ուղիղ անդրադարձ չի կատարել ՀՀ առաջիկա եռակողմ շփումներին։

Միայն Բաքվում օրերս ԻԻՀ դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին նշել էր, որ Արևմուտքի միջամտությունը կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում։

«Տարածաշրջանի գործերին արևմտյան պետությունների միջամտությունը հաջողված փորձ համարել չի կարելի։ Այդ ուժերի գործունեությունը ոչ թե կնպաստի խնդիրների լուծմանը, այլ հակառակը՝ էլ ավելի կբարդացնի իրավիճակը»,- հայտարարել էր իրանցի դիվանագետը՝ պնդելով, թե «արևմտյան պետությունները նախևառաջ՝ իրենց, այլ ոչ թե՝ տարածաշրջանի շահերն են հետապնդում»։

«Մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասի պետություններն ի վիճակի են սեփական ուժերով լուծել իրենց առջև ծառացած խնդիրները»,- հայտարարել էր Բաքվում Իրանի դեսպանը։ Ապրիլի 5-ին ընդառաջ համապատասխան աշխատանք է սկսել իրականացնել տեղեկատվական դաշտում Ադրբեջանը, որը հայկական կողմի իբրև թե սահմանագոտում զինտեխնիկայի կուտակման և տեղաշարժերի վերաբերյալ հայտարարություններ է անում։ Նախօրեին ՀՀ ՊՆ-ն հերքեց այդ լուրերը՝ գրելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը:

Կարդացեք նաև

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում:

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում»,- ասված է հաղորդագրությունում։

Մի շարք վերլուծությունների համաձայն, Ադրբեջանի այս տեղեկատվաքարոզչական արշավը պատահական չէ և միտված է ապրիլի 5-ին սպասվող բանակցություններում ադրբեջանական ճնշումը և հեռակա մասնակցությունն ապահովելուն։ Սա, ըստ գնահատականների, ձեռնտու է նաև արևմտյան ղեկավարներին, որոնք ունեն կայուն պատճառ ՀՀ-ին լուրջ աջակցությունից խուսափելը փաթեթավորելու համար։

Այնուամենայնիվ, շատ փորձագետներ նաև լայնածավալ էսկալացիան չեն բացառում, թեև Նիկոլ Փաշինյանն իր վերջին հայտարարություններով ակնարկել է, որ պատրաստվում է կատարել Ադրբեջանի նոր պահանջները։ Սակայն ռազմական էսկալացիայի վտանգի պարագայում, ռեգիոնում Իրանի դերակատարության և ապրիլի 5-ին ընդառաջ Իրանի հայտարարությունների զսպվածությունն ուշագրավ վերլուծության թեմա է։

168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ ՀՀ իշխանությունների սերտ շփումներն արևմտյան առաջնորդների հետ, արևմտամետ որոշումներն Իրանին մտահոգում են շատ վաղուց, և իրանցի գործիչները պարբերաբար այդ մասին խոսում են։ Նրա խոսքով, վստահաբար բացառություն չէ նաև ապրիլի 5-ին սպասվող եռակողմ հանդիպումը, որը մեծ ուշադրություն է գրավել փորձագետների կողմից հանդիպման ձևաչափի առանձնահատկության պատճառով։

«Իրանում ևս անտարբեր չեն և շատ մոտիկից հետևում են իրավիճակին, փորձում ազդել կայացվող որոշումների վրա։ ՀՀ իշխանությունները լավատեղյակ են, որ նման շփումները սպառնալիք են Իրանի համար, սակայն, կարծում եմ, որ այս հանդիպմանը չցանկացան առանձին անդրադառնալ, գուցե իրանական կողմը համապատասխան խողովակներով իրազեկված է, տեղեկացված է օրակարգին, այսինքն՝ նախապատրաստված է, ուստի Իրանում հարկ չեն համարում հավելյալ լարվածություն մտցնել երկկողմ հարաբերություններում։ Ուշադրություն կհրավիրեի այն հանգամանքի վրա, որ հայտարարվել է տնտեսական հարաբերությունները և հնարավորությունները վերանայելու ցանկության մասին, հանդիպման հիմնական շեշտը դրվել է տնտեսական հարաբերությունների վրա։ Հասկանալի է, որ տնտեսության հիմքում և հարաբերությունների կենտրոնում հենց քաղաքական երկխոսությունն է, սակայն Իրանն ինչպե՞ս պետք է ուղիղ քննադատի հանդիպումը, որն ունի տնտեսական բովանդակություն։ Ավելի լայն կոնտեքստում Իրանն անընդհատ հայտարարում է, որ ռեգիոնում երրորդ ուժերի ռազմական ներկայություն չի ցանկանում»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, Իրանում վաղուց հասկանում են՝ ինչ է տեղի ունենում՝ ՌԴ դիրքերի էական թուլացում, Արևմուտքի և Թուրքիայի դիրքերի ամրապնդում։

«Այս սցենարը, իհարկե, ոգևորիչ չէ, սակայն Իրանն աշխատում է Հայաստանի հետ, և ՀՀ-ից հայտարարում են, որ այդ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, ավելին, հայտարարում են, որ ՀՀ-ն չի հավակնում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Կարծում եմ՝ ՀՀ տարածքային ամբողջականության և դրան փոխկապակցված հարցերի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել, և անհրաժեշտության դեպքում Իրանը կարտահայտվի»,- ասաց նա։

Սակայն վերլուծաբանը գտնում է, որ ՀՀ-Արևմուտք «մտերմությունը» որոշ սառնություն և փոխըմբռնման պակաս է բերել հարաբերություններ, քանի որ Իրանն ու ՀՀ-ն ունեն լիովին տարբեր տեսակետ Արևմուտքի հարավկովկասյան քաղաքականության և ընդհանրապես Արևմուտքի քաղաքականության վերաբերյալ ամենուր։

«Արտաքին քաղաքականության հարցում նման ռադիկալ տարբերությունը հատկապես այս օրերին չի կարող իր անդրադարձը չունենալ, սակայն Հարավային Կովկասն ու Մերձավոր Արևելքն ամենաբարդ ռեգիոններից են, որտեղ շատ այլ հանգամանքներ ևս կարևոր են, ինչպես նաև բավականին ուժեղ ռեգիոնալ համագործակցությունները, որոնք հենց վերջին երկու տարվա ընթացքում ամրապնդվում են։ Ուստի բարդ է ասել, թե ևս երկու տարի անց ինչպիսին կլինի այդ համագործակցությունը, ուստի շտապել պետք չէ։ ՀՀ-ն ու ԵՄ-ն, ԱՄՆ-ը դեռ քննարկում են հարաբերությունները, և դժվար է ասել, թե քաղաքական հանձնառությունը և առկա խնդիրներն ուր կհասցնեն կողմերին»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս