ՔՊ փակ նիստում Փաշինյանն ասել է, որ Տավուշի հարցում լինելու է միակողմանի զիջում, այն էլ՝ սեղմ ժամկետներում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած ուրբաթ՝ երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հերթական փակ հանդիպումն է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը եղել է ընդլայնված ֆորմատով․ մասնակցել են կառավարության գրեթե բոլոր անդամները, անգամ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ եւ անցել է լարված մթնոլորտում, ՔՊ-ական պատգամավորներից ոմանք հակադրվել են Փաշինյանի հանձնողական քաղաքականությանը եւ հորդորել, ի վերջո, հայտարարել, թե որոնք են մեր «կարմիր գծերը», եւ ասել, թե որ հարցերում կարող ենք մերժել Ադրբեջանին։ Մինչդեռ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ուրբաթ օրվա հանդիպման ժամանակ քննարկվել է «Հայաստանի զարգացման տեսլականը»:

Նախապես ծրագրված հանդիպումը պետք է լիներ Հայաստանի ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտի քննարկման շուրջ, ավելի ճիշտ՝ դրա հերթական սերիայի, սակայն օրակարգ բարձրացած Տավուշի չորս բնակավայրերի թեման վերջին հանդիպման մեխն է դարձել։

Զուգահեռաբար քննարկել են թե՛ առաջին, թե՛ երկրորդ հարցը։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով խոստովանել է, որ լինելու է միակողմանի զիջում եւ այն էլ՝ սեղմ ժամկետներում: Մոտավորապես ակնարկել է, որ առաջիկա օրերին կարող է բանակային երրորդ կորպուսը դուրս բերվել այդ տարածքներից, եւ չորս բնակավայրերը, որոնք, Փաշինյանի բնորոշմամբ, ադրբեջանական են, վերադարձվեն տիրոջը։ Հակառակ դեպքում Ադրբեջանը պատերազմով է ստանալու։

Ոմանք տեղից կարծիքներ են հայտնել՝ ավելի լավ է պատերազմով տալ, քան ստորագրությամբ, ժողովուրդն այս անգամ հաստատ չի ների իշխանություններին։ Փաշինյանն ասել է, որ ինքը չի ուզում այդ ճանապարհը, քանի որ չկա երաշխիք, որ ռազմական ճանապարհով Ադրբեջանը կվերցնի ոչ միայն իրեն «պատկանելիք» տարածքները, այլեւ չի հասնի մինչեւ Լոռի եւ անգամ՝ Երեւան։ Այս անգամ էլ, փաստորեն, պատերազմով է վախեցրել իր պատգամավորներին:

Ելույթ ունեցած պատգամավորներն առաջարկել են գործընթացն իրականացնել համաչափության սկզբունքով՝ ադրբեջանական կողմը ստանում է իր բնակավայրերը, մեզ է հանձնում մեր տարածքները՝ նույն Տավուշի մարզի Բերքաբերի հատվածում։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հուսահատ խոստովանել է, որ իրենք Ադրբեջանին առաջարկել են այդ տարբերակով հարցը լուծել, բայց հույս չունեն, որ դրական պատասխան են ստանալու։

Պատգամավորներից ոմանք կարծիք են հայտնել, որ Ալիեւն առհասարակ խաղաղություն հաստատելու նպատակ չունի, եւ ցանկացած զիջում բերելու է նոր զիջման, մեծանալու է Ալիեւի ախորժակը, ուստի հենց հիմա եւ հենց Տավուշում պետք է կարողանալ Ադրբեջանին ասել «ոչ», չվախենալով նույնիսկ ռազմական գործողություններից։ Քանի որ Ադրբեջանի հաջորդ պահանջներն ավելի դաժան են լինելու, տարածքային պահանջներից զատ սեղանին են դրվելու փախստականների վերադարձի եւ այլ հարցեր։

Մեզ պատմեցին, որ տեւական րոպեներ քննարկել են, կարելի է ասել՝ Փաշինյանը ՔՊ-ականների գլխին դասախոսություն է կարդացել, որ իրենց հարցազրույցներում Տավուշի բնակավայրերի թեմայով չօգտագործել «տալ» բառը, այլ միշտ ասել՝ «վերադարձնել», որպեսզի ժողովրդի մոտ արմատավորվի, որ դրանք մեր գյուղերը չեն, եւ իշխանությունը ոչինչ չի տալիս, այլ ընդամենը վերադարձնում է տիրոջը։

Ուշագրավ է, որ Տավուշի թեմայով քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ծպտուն չի հանել, չնայած այն հանգամանքին, որ որոշ պատգամավորներ իրենց ելույթներում մտահոգություն են հայտնել, որ գործընթացից հետո բնագծեր են փոխվելու, եւ Տավուշը հայտնվելու է ադրբեջանական զինուժի ուղիղ վերահսկողության ներքո։

Ավելի թեժ բանավեճ է ծավալվել երկրորդ թեմայի քննարկման ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը, լսելով թիմակիցների ելույթները, ցավով եւ ափսոսանքով արձանագրել է, որ չի ձեւավորվում կոնսենսուս ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու շուրջ, ինչն էլ Հայաստանի զարգացումը մի քանի անգամ դանդաղեցնում է։ Ինչպես նախորդ հանդիպումների, այնպես էլ այս անգամ Նիկոլ Փաշինյանի տեսակետը թիմում պաշտպանել են հաշված մարդիկ»։

Տեսանյութեր

Լրահոս