Փաշինյանը՝ գեղական շուստրիությամբ useful idiot. Արմեն Աշոտյան
Ավանդաբար Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:
Քաղաքացի Սամվել Մարգարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.
«Պուտինի ընտրվելուց մեկ օր անց Նիկոլը նրան ջերմագին շնորհավորեց, չե՞ք կարծում, որ Նիկոլին հենց ռուսներն են պահում իր պաշտոնում»։
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է.
«Ռուսաստանի վերաբերմունքը Փաշինյանին կարելի է բաժանել 3 էտապի։
2018-ի իշխանափոխության մեջ անկասկած կար հյուսիսային հետք՝ մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը շահագրգիռ էր շարունակել աշխատել Փաշինյանի հետ՝ որպես եռակողմ հայտարարության և այլ պայմանավորվածությունների կատարման երաշխավոր։ Նոր էտապ սկսվեց, երբ Նիկոլը տեղափոխվեց արևմտյան հարթակներ, հակառուսական քայլերի դիմեց՝ հզոր արդարացումներ տալով Ռուսաստանին թուրք-ադրբեջանական զույգի հետ խորացող գործընկերության համար։ Անգլալեզու քաղաքական գրականության մեջ այս երևույթը հայտնի է՝ որպես «useful idiot» (օգտակար ապուշ)։
Ռուսաստանի վերաբերմունքը Փաշինյանին կշարունակի այդպիսին լինել, եթե իր գեոպոլիտիկ ավանտյուրիզմի մեջ Նիկոլը չնպաստի ուղղակի անվտանգային սպառնալիքների Մոսկվային։ Վերջիվերջո, եթե Փաշինյանն Արևմուտքի թմբկահարվող ճանապարհին մեզ տանում է իրականում Թուրքիա, ապա պաշտոնական Մոսկվան նույնպես կարող է Անկարայի հետ Հայաստանի շուրջ համաձայնության գալ, երբ համոզվի, որ հայ ժողովուրդը մարսում է այդ խայտառակությունը։
Ի դեպ, Փաշինյանի` Պուտինին շնորհավորանքի պատմությունը նրա փնթի խաղերի տիպիկ օրինակն է։ Տեսեք, նա չշնորհավորեց ՌԴ նախագահին նույն օրը, որպեսզի հաճոյանա Արևմուտքին, և Մոսկվան սա արձանագրել էր։ Հաջորդ օրվա շնորհավորանքը Մոսկվայի համար արդեն ուշացած էր, իսկ Արևմուտքի համար՝ տհաճ։ Այսինքն՝ իր «գեղական շուստրիության» մեջ Փաշինյանը նստվածք թողեց և Մոսկվայում, և Արևմուտքում»։