Իշխանությունն իր գործողություններով ՀՀ անկախության մակարդակը գրեթե զրոյացրել է. Վիգեն Հակոբյան

«Փաշինյանը, ընդհանուր առմամբ, փուլ առ փուլ նախապատրաստում է նոր զիջումներին,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին ու դրան հաջորդած Տավուշյան հանդիպումներին՝ նշեց քաղաքագետ, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ հիշեցնելով,- Սովորաբար վերջին 3 տարիների ասուլիսներն ու մեկ լրագրողի մասնակցությամբ մենախոսությունները զիջումներին են առնչվում: Այս անգամ նա հասարակությանը պատրաստում էր 4 գյուղերի, անկլավների թեմային: Բայց բացի այդ խնդիրը հրապարակայնացնելը՝ նա հիմնականում մեսիջներ էր ուղարկում արտաքին աշխարհին»:

Վիգեն Հակոբյանը չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանն այսօր լուրջ խնդիր է համարում հանրությանն այդ զիջումներին նախապատրաստելը՝ նկատելով, որ քաղաքացիները շարունակում են անտարբեր մնալ, իսկ ընդդիմադիր դաշտի ռեակցիաներն անհամարժեք են առկա մարտահրավերներին:

«Իր հիմնական խնդիրը, թերևս, ոչ թե առավելապես Տավուշի մարզի բնակչությանը հող հանձնելուն ադապտացնելն է, այլ հիմնականում մեսիջ է ուղարկում արտաքին աշխարհի իր գործընկերներին՝ սա էլ եմ անում, սրան էլ եմ պատրաստ»,- պարզաբանեց քաղաքագետը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվող տեխնոլոգիաների մասին՝ քաղտեխնոլոգը նկատեց, որ դրանք հիմնականում ուղղված են սեփական լսարանին, քանի որ խնդիր ունի իր նվազող պոտենցիալ ընտրազանգվածը պահպանել:

Կարդացեք նաև

«Այդ իսկ պատճառով, նա տարբեր օվերտոնի պատուհաններ բացելով, տարբեր երևույթներին ադապտացնելով՝ աշխատում է սեփական ընտրազանգվածի հետ:

Նա շատ լավ հասկանում է, որ իր իշխանության գործողությունների հետևանքով ՀՀ-ն կորցնելու է պետականությունը, այսօր արդեն ՀՀ-ն չկայացած պետություն է, քանի որ մի երկիր, որը չի կարողանում ապահովել անվտանգությունը, չունի տնտեսական իմունիտետ և կենսունակ հասարակություն, որն ադեկվատ չի արձագանքում տեղի ունեցողին, համապատասխանում է չկայացած պետության չափանիշներին:

Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի էլ թաքցնում պետականության կորստի վտանգը, և իբրև ուղղություն է ցույց տալիս՝ ինչպես չկորցնել պետականությունը: Իսկ այդ ուղղությունը ենթադրում է՝ հանձնել՝ ինչ ուզում են, ու գուցե միայն այդ պարագայում, չգիտես՝ թե ում երաշխավորությամբ, իր ներկայացրած մակետի սահմանները որևէ մեկը կճանաչի ու ադրբեջանաթուրքական տանդեմին կզսպի:

Ու այս համատեքստում նա ներկայանում է՝ իբրև անկախության ջատագով»,- մանրամասնեց Վիգեն Հակոբյանը:

Ըստ նրա, սակայն, ՀՀ սուվերենության աստիճանը երբեք այսքան ցածր չի եղել, և իշխանությունները վարում են Հայաստանն այլ պետությունների տակ դնելու քաղաքականություն:

«Այսօր Հայաստանում հակա-անկախական իշխանություն է. Հայաստանն արտաքին կառավարման տակ գտնվող պետություն է, կառավարվում է մի քանի ուժային կենտրոնի կողմից: Ու քանի որ, ըստ էության, երկիրը սիրիացման ճանապարհով են տարել, դարձրել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման տեղ, բնականաբար, յուրաքանչյուրն իր հետաքրքրություններն ունի այս տարածքի նկատմամբ:

Այսինքն՝ մենք ունենք իշխանություն, որն իր գործողություններով ՀՀ անկախության մակարդակը գրեթե զրոյացրել է. այսօր ՀՀ-ում որոշումներն ընդունվում են արտաքին ուժերի կողմից՝ ներքին օպերատորի կատարմամբ»,- մանրամասնեց նա՝ նկատելով, որ այսօր հասունանում է նոր անկախական շարժում, անկախությունը պահպանելու շարժում:

Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ այսօր քաղաքական ուժերի գլխավոր խնդիրն ու նպատակը պետք է լինի ՀՀ անկախության ու տարածքային ամբողջականության պահպանումը:

Քաղաքագետը համոզված է՝ ընդդիմությունը կհաջողի, եթե «Նիկոլի՝ հանձնենք, հանգիստ ապրենք՝ խաղաղության կոնցեպտ»-ին հակադրի այլընտրանքային իրական խաղաղության կոնցեպտը:

Տեսանյութեր

Լրահոս