Թուրքիայի գործակալները՝ Հայաստանում․ ցանկ
Գործակալների, լրտեսների մասին հանրային ընկալումներն առավելապես հիմնված են առասպելների, թաքնված գործընթացների, գաղտնի հավաքագրումների, դավաճանության վերաբերյալ կարծրացած ստերեոտիպերի վրա։ Երբ որևէ մեկին կասկածում են այլ երկրի գործակալ կամ լրտես լինելու մեջ, անմիջապես պատկերացնում են, թե ինչպես են նրան ինչ-որ հեռու սենյակում հավաքագրել, շանտաժով ստիպել կամ կաշառքով գայթակղել համագործակցելու պարտավորագիր ստորագրել, և այլն։ Իրականում գործակալության մասին նման ընկալումներն ավելի շատ դեդեկտիվ գրականության ու ֆիլմարտադրության հետևանք են, գործնական կյանքում ամեն ինչ կարող է լինել շատ ավելի պակաս պատկերավոր ու դիտարժան։
Բոլոր այդ ընկալումները, սակայն, վերաբերում են իրական գործակալներին և լրտեսներին, ովքեր գիտակցված, որևէ ճնշման արդյունքում կամ կամավոր կատարում են այլ երկրի, այդ թվում՝ թշնամական պետության շահերից բխող գործողություններ։
Բայց լրտեսության այդ դասական մոդելին զուգահեռ՝ շատ ավելի տարածված է դրա այն տեսակը, որի կրողները կոչվում են «ազդեցության գործակալներ»։ Վերջիններս, շատ հաճախ անգամ չգիտակցելով դրա մասին՝ այս կամ այն գաղափարախոսության, քարոզչության, համոզմունքի, տպավորության ազդեցությամբ, կատարում են գործողություններ, որոնք անուղղակիորեն սպասարկում են այլ պետությունների, կառույցների շահերը։ Ազդեցության գոծակալները չեն հավաքագրվում այս կամ այն երկրի հատուկ ծառայությունների կողմից, նրանց անուններով ցուցակներ ու մատյաններ չեն վարվում, նրանք շատ հաճախ ուղղակի աշխատավարձ չեն ստանում, և այդպես շարունակ։ Բայց ազդեցության գործակալներն իրենց երբեմն նաև չգիտացված գործողություններով կարող են շատ ավելի մեծ ծառայություններ մատուցել շահառու երկրին, քան վերջինիս հավաքագրած ու վճարովի լրտեսները։
Ժամանակակից աշխարհում, հատկապես տեղեկատվական ու սոցցանցային տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված, շատ ավելի մեծ է ազդեցության գործակալների քանակն ու դերակատարումը, քան նրանցը, ում հավաքագրում են ֆիլմերի սյուժեների նմանությամբ։ Իսկ ազդեցության գործակալների աշխատանքի արդյունավետությունը որևէ այլ պետության համար չափվում է նրանով, թե նրանք իրենց հայրենի երկրներում կատարած գործողություններով որքանո՞վ են նպաստում շահառուի նպատակների իրագործմանը։
Հայաստանի իշխանության կողմից վարվող արտաքին քաղաքականությունը դիտարկելու դեպքում ակնհայտ է, որ դա բազմապատիկ ավելի մեծ չափով ծառայում է Թուրքիայի ու Ադրբեջանի, քան Հայաստանի պետական շահերին։ Լայն իմաստով, Նիկոլ Փաշինյանը վարում է քաղաքականություն, որի վերջնարդյունքում Հայաստանը դադարելու է որևէ քաղաքական, աշխարհաքաղաքական նշանակություն ունենալ փոքր ու մեծ տարածաշրջաններում, գոյատևելու է սոսկ որպես ծառայություններ՝ սերվիս մատուցող, հեռանկարում՝ գուցե տրանզիտային վճարներ ստացող, բայց աշխարհաքաղաքական նշանակությունից ամբողջությամբ զրկված պետություն։ Դա հենց այն է, ինչին տասնամյակներ շարունակ ձգտել է Թուրքիան, իսկ վերջին տարիներին՝ նաև Ադրբեջանը։
Թեև Հայաստանում կա տիրապետող կարծիք, որ այդ քաղաքականությունը վարվում է հենց դավաճանաբար, որպես գործակցություն, կոլաբորացիոնիզմ և այլն, բայց քանի դեռ փաստեր չկան, դրանք առայժմ սոսկ կասկածներ են։ Մյուս կողմից, ենթադրենք, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա իշխանության որևէ անդամ երբևէ անգամ չի մտածել որևէ երկրի հետ դավադրաբար համագործակցելու, դասական իմաստով գործակալի աշխատանք կատարելու մասին, և նրանք բոլորն իրական հայրենասեր են (կրկնում ենք՝ ենթադրենք) և այն, ինչ անում են, անում են իրենց համոզմունքներից ելնելով։ Դա ևս հնարավոր է, սակայն այդ դեպքում գործ ունենք իրողության հետ, որ հենց նրանց համոզմունքները, աշխարհայացքը, մտածողությունն են ձևավորվել այնպիսի ազդեցությունների ներքո, որոնք վերջին հաշվով նրանց գործունեությունը հավասարեցնում են ազդեցության գործակալների աշխատանքին։
Այդ իմաստով Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանից մինչև նրա քաղաքականությունը սպասարկող ամենացածրաստիճան դիվանագետ, կարող են համարվել թուրքական ազդեցության գործակալներ՝ երբևէ անգամ մտածած չլինելով այդ մասին և իրենց համարելով իսկական հայրենասերներ։
Խնդիրն այն է, որ նրանք բոլորն այսօր զբաղված են աշխատանքով, որը, անկախ այն կատարողների մղումներից, ամբողջությամբ սպասարկում է թուրքական ռազմավարական շահերն ու նպատակները։ Հետևաբար՝ Հայաստանի պետական կառավարման համակարգի հաստիքացուցակը լայն իմաստով կարող է համարվել Թուրքիայի ազդեցության գործակալների ցանկը։
Հայաստանի աշխարհաքաղաքական, առնվազն տարածաշրջանային ազդեցությունը պահպանելու/վերականգնելու համար առաջին հերթին պետք է իշխանությունն ազատել որևէ երկրի ազդեցության գործակալներից։ Հակառակ դեպքում՝ կարճ ժամանակ անց նրանց աշխատանքը պսակվելու է վերջնական հաջողությամբ, ինչը նրանցից շատերը չեն էլ հասկանալու, քանի որ այդպիսին է գործակալների այդ տեսակի առանձնահատկությունը։
Հարություն Ավետիսյան