Ժողովրդավարության բաստիոնի բանտապետը

Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարությունը հռչակել է որպես Հայաստանի անվտանգության ապահովման առաջնային գործոն և ամբիոն է փնտրում՝ այդ մասին ազդարարելու համար։ Նրա այդ քարոզչության իմաստն այն է, որ, եթե Հայաստանը լինի ժողովրդավարական պետություն, ապա այլ, ոչ ժողովրդավարական երկրները չեն համարձակվի հարձակվել, պատերազմ մղել Հայաստանի դեմ, և դրանով անվտանգությունն ապահովված կլինի։

Այս մոտեցումը, իհարկե, պայթել է փաշինյանական այլ փուչիկների նման, ամենամեծ պայթյունը տեղի է ունեցել 2020թ, երբ 44-օրյա պատերազմում աշխարհի ամենաբռնապետական երկրներից մեկը՝ Ադրբեջանը, հարձակվել և պարտության է մատնել Հայաստանին, ընդ որում, դա արել է «ժողովրդավարական աշխարհի» լուռ կամ աջակցող հայացքի ներքո։ Բայց պատերազմում պարտությունից հետո Փաշինյանը ոչ միայն դասեր չի քաղել իր տապալված քաղաքականությունից, այլ ավելի «մեծ խիզախությամբ» շարունակում է Հայաստանի անվտանգությունն ապահովել, իսկ իրականում՝ հարվածի տակ դնել կրկին ժողովրդավարության մասին բարբաջանքով։

Փաշինյանի ժողովրդավարական այս բլեֆը, սակայն, բացահայտվել է ոչ միայն արտաքին հարաբերություններում և ոչ միայն թշնամիների կողմից։ Եթե ժողովրդավարություն, ըստ Նիկոլ Փաշինյանի, նշանակում է անվտանգություն, ապա դա պետք է վերաբերի ոչ միայն արտաքին հարաբերություններին, այլ առաջին հերթին՝ պետության ներքին կյանքին։ Հենց այստեղ է, սակայն, որ փաշինյանական դեմոկրատական փուչիկը պայթում է մեկ այլ ուժգնությամբ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներսում, Երևանի ամենակենտրոնում քայլում է առնվազն մեկ տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ, նրա ավտոշարասյունը նվազագագույնն այդքան ավտոմեքենաներից է բաղկացած։ Այսինքն՝ «ժողովրդավարական երկրի ղեկավարը» սեփական «ժողովրդավարական երկրում» իրեն անվտանգ չի զգում և վախենում է սեփական կյանքի համար։

Կարդացեք նաև

Իրականում սա հերթական վկայությունն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի հռչակած «ժողովրդավարությունը» ֆիկցիա է, որովհետև տասնյակ քաղբանտարկյալներ, բոլոր մակարդակի ընտրություններում բռնի մեթոդներով իշխանության զավթման նախադեպեր ունեցող երկիրը չի կարող համարվել ժողովրդավարական։

Մյուս կողմից, եթե անգամ դա կեղծ չլիներ, ժողովրդավարությունը չէր կարող ու չի կարող համարվել առնվազն արտաքին անվտանգության ապահովման միջոց։ Ասվածն ամենևին չի նսեմացնում ժողովրդավարության նշանակությունն ու կարևորությունը, առավել ևս, դրանից չի բխում, թե պետք է մտածել այլ համակարգի մասին։ Պարզապես դա հերթական անգամ ցույց է տալիս, որ երկրի ներքին կյանքի կազմակերպման ու իշխանության ձևավորման մեխանիզմը, ինչպիսին ժողովրդավարությունն է, չի կարող համարվել արտաքին անվտանգության ապահովման  գրավական, որովհետև արտաքին հարաբերություններում գործում են պետությունների չոր շահերը և ամենևին՝ ոչ արժեքները։

Հայկական իրականության ամենամեծ խաբեություններից մեկը ժողովրդավարության իմիտացիան է։ Իշխանությունն իրեն պահում է ամենատոտալիտար ռեժիմների հանգույն, միևնույն ժամանակ՝ ներքին ու արտաքին լսարաններում ստելով դեմոկրատիայի մասին։ Ներսում այդ սուտը մասամբ ընդունվում է, իսկ արտաքին աշխարհում բոլորը հասկանում են հայկական ժողովրդավարության կեղծ լինելու իրողությունը, բայց ժպտադեմ աջակցում են «ժողովրդավարության բաստիոնի բանտապետին», քանի որ նրա միջոցով սպասարկում են իրենց երկրների շահերը։

Հայ հասարակության խնդիրն է պետությանն իրական ժողովրդավարության վերածելը՝ այնպես, որ ներկայիս կեղծ դեմոկրատիայի բանտապետը հայտնվի բանտում՝ իրական ժողովրդավարության բոլոր կանոնների պահպանմամբ։ Հակառակ դեպքում հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կարող է վերածվել անգամ ոչ թե բանտի, այլ համակենտրոնացման ճամբարի՝ արևմտյան որևէ համազգեստով թուրք կամ ադրբեջանցի վերակացուների մշտական ներկայությամբ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս