«Եթե մինչև 2050թ. այս տեմպերով շարունակենք՝ դեղակայուն մանրէներից մահերն ավելի շատ կլինեն, քան քաղցկեղից». Համաճարակաբան

Համաճարակների դեմ պայքարող մասնագիտության՝ համաճարակաբանության, Հայաստանում տարածված վարակների մասին զրուցել ենք համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ։

Ընտրել եք համաճարակաբանի մասնագիտությունը, քանի որ Հիպոկրատը՝ բժշկության հայրը, համաճարակաբա՞ն էր, թե՞ Ձեր երիտասարդ տարիներին այդ մասնագիտությունն էր ավելի շատ տարածված։

– Մասնագիտությունը տարածված էր այնքանով, որ ԵՊԲՀ-ում կար «Բժշկականխարգելիչ» ֆակուլտետ, որն առավել հայտնի է՝ որպես սանիտարահիգիենիկ ֆակուլտետ։ Այն կանխարգելիչ բժշկության դարբնոց էր։ Յուրաքանչյուր տարի այդ ֆակուլտետն ավարտում էր 50-70 շրջանավարտ, որոնք էլ մինչ օրս աշխատում են։ Այսօր գնալով այդ ռեսուրսը սպառվում է, քանի որ ֆակուլտետը, եթե չեմ սխալվում, 2002 թվականից այլևս չկա։ Այսինքն, կանխարգելիչ մասնագետներ ունենում ենք ընդհանուր բժշկության շրջանավարտների շրջանում։ Նրանց թիվը գնալով նվազում է, որովհետև մասնագիտությունն առանձնապես գրավիչ չէ շուկայական դաշտում։ Եթե այս տեմպերով շարունակենք՝ առաջիկա տարիներին խնդիր ենք ունենալու։

Ո՞րն է մասնագիտության առանձնահատկությունը, ինչո՞ւ չեն ընտրում և ինչո՞ւ պետք է ընտրեն այն։

Կարդացեք նաև

– Պատճառներից մեկը ֆինանսականն է։ Մեր ոլորտում ավելի քիչ են վարձատրվում։ Հաջորդ պատճառն այն է, որ մարդը, ով ընտրում է բժշկական կրթությունը, հիմնականում ուզում է հիվանդ բուժել, ոչ թե կանխարգելել։ Բայց այս պահին տվյալ ոլորտում ավելի հեշտ աշխատանք կգտնեն, քան մյուս։

– Դուք նաև երկու գյուտարարական աշխատանքի հեղինակ եք։ Կխնդրեի մանրամասնել՝ ի՞նչ գյուտեր եք կատարել։

– Գյուտերը կատարել եմ բավականին վաղուց՝ թեկնածուական աշխատանքի շրջանակներում։ Կան կաթնաթթվային միկրոօրգանիզմներ, որոնք ազդեցություն ունեն ախտածին միկրոբների վրա։ Այսինքն, ոչ անտիբիոտիկի միջոցով փորձում ենք ազդել բակտերիալ բջջի վրա։ Դրանցից մեկը  «Նարինեն» է, շատերը ծանոթ են այդ քսուքին, որը կիրառվում է և՛ գրիպի պրոֆիլակտիկայի, և՛ այրվածքների բուժման համար։ Կրեմի լաբորատոր փորձարկումն արվել է իմ կողմից, և դրա արդյունավետությունը պայմանական պաթոգենների վրա՝ բացահայտվել է իմ աշխատանքների շրջանակներում։ Բացահայտել ենք շտամներ, որոնք աշխարհի համար յուրահատուկ են։

ՀՀ-ում անջատել ենք 2 մանրէ, որոնք դեղակայունության առումով համաշխարհային հանրության համար խիստ հետաքրքիր էին։ «Ոսկեգույն ստաֆիլոկոկ»-ը, եթե ուներ կամ այս գենը, կամ մյուս, Հայաստանում շրջանառվողն ուներ երկուսը միասին, և սա հանրության համար լուրջ հետաքրքրություն էր ներկայացնում։ Սա հակաբիոտիկների չարաշահման արդյունքում ձևավորված շտամ էր։

– Հասարակությունը, նախքան էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը, շատ էր հակաբիոտիկներ օգտագործում։ Շուտ էին լավանում, դրա՞ համար էին գնում, թե՞ բժշկի չդիմելու պատճառով։

– Ոչ բժշկական ոլորտում հայտնի է, եթե կա վարակ, մի քիչ ջերմում ես, կան բորբոքային երևույթներ, ուրեմն հակաբիոտիկը կօգնի, կխուսափես նաև բժշկից։ Արդյունքում՝ ձևավորվել էր մի կուլտուրա, որ առանց բժշկին դիմելու՝ ստանում ենք դեղեր, որոնք երբեմն պահուստային են։ Սա սպառվող ռեսուրս է։ Ուղղակի չի կարելի այսպես անխնա օգտագործել, որովհետև ձևավորվում է կայունություն։ Հաշվարկ է արվել, որ եթե մինչև 2050 թվականն այս տեմպերով շարունակենք, դեղակայուն մանրէներից մահերն ավելի շատ կլինեն, քան քաղցկեղից։ Էլեկտրոնային դեղատոմսը սա զսպելու միջոցներից մեկն է։ Նաև հակասնկային դեղերն են նույն ձևով օգտագործում։ Սա ևս առանց բժշկի նշանակման չի կարելի։

Համաճարակներն ունեն պարբերաբար կրկնվելու բնույթ։ Կարո՞ղ է մեկ օր արթնանանք, տեսնենք՝ 20-րդ դարի ինչ-որ հիվանդություն ի հայտ է եկել։

– Շատ հնարավոր է։ Մենք նման դեպք ունեցանք. 2009թ. հայտնի խոզի գրիպը՝ H1N1 շտամով հարուցված։ Դա 1918թ. «Իսպանկա» կոչված պանդեմիայի նույն հարուցիչն էր, որը գրեթե 100 տարի անց կրկնվեց։ Չի բացառվում նաև նոր հարուցիչների ձևավորումը, ինչպես, օրինակ, կորոնավիրուսը, որի հետ առնչվեցինք, ու շրջանառությունը շարունակվում է։ Վիրուսներն ունեն 25 ընտանիքներ՝ իրենց ենթաընտանիքներով, և պարբերաբար բախվելու ենք նրանց։

Համաճարակաբանության մեջ կա պարբերականություն հասկացություն։ Ցանկացած վարակիչ հիվանդություն ունի իր պարբերականությունը։ Մենք հիմա կապույտ հազի վերելքի շրջանում ենք, որն ունի 5 տարի պարբերականություն, որը հստակ պահպանվում է։ Կարմրուկի դեպքում 2-3 տարին է։

– Կորոնավիրուսի դեպքում ինչո՞ւ չէին կանխատեսել։

Եթե հետահայաց նայում ենք, գրեթե 10 տարին մեկ նոր շտամ ունենում ենք։ 2002-2003թթ. SARS-CoV-1 էր, 2012-2013թթ.՝ Միջին Արևելքի ռեսպիրատորը, և 2020թթ.՝ SARS-CoV-2-ը կամ COVID 19-ը։ Ուղղակի նախորդ երկուսը հանրության շրջանում այդպիսի բուռն տարածում չունեցան, ինչպես COVID-19-ը։ Այսօր մտահոգված ենք թռչնագրիպով, որն ինտենսիվ տարածվում է կենդանիների շրջանում։ Եթե այսպես շարունակվի՝ չի բացառվում նրա անցումը մարդկությանը։ Դրա համար միջազգային կառույցները շատ են զգուշացնում, որ չօգտագործեն սատկած թռչնի միս, ձեռք չտան ընկած թռչուններին, որովհետև սա լրացուցիչ ռիսկ է՝ թռչնից մարդուն վիրուսի փոխանցման համար։

– Եթե թռչնագրիպը բախվի մարդկության դռանը, բուժման տարբերակ կա՞, թե՞ էլի պատվաստանյութ ենք սկսելու հայտնաբերել։

– Պատվաստանյութ։ Բուժման տարբերակներ կլինեն, բայց կանխարգելումը մնում է ոսկե ստանդարտ՝ վարակիչ հիվանդությունների դեպքում, որովհետև հիվանդը միշտ ունենում է բարդությունների և մահվան հավանականություն։

– Հայաստանում հիմա տարածված են կապույտ հազը և քութեշը։ Ի՞նչ ախտանշաններ կան, և ո՞ր տարիքի մարդիկ են հիմնականում հիվանդանում։

Կապույտ հազը հիմնականում մանկական տարիքի հիվանդություն է, և մենք տարիներ շարունակ դիտարկել ենք մի տեսակետ, որ 5 տարեկանից հետո այն հազվադեպ է հանդիպում, սակայն ունի նաև մեծ տարիքում կրկնվելու հավանականություն։ Ռիսկային է մինչև 2 ամսական երեխաների դեպքում, որովհետև մահվան հավանականությունը հասնում է 70 տոկոսի։ Պատվաստումները սկսում ենք 1,5 ամսականից։ ԱՄՆ-ը, եվրոպական շատ երկրներ ներդրել են հղիության 29-36 շաբաթականում կապույտ հազի դեմ պատվաստումը, որպեսզի մայրն ունենա հակամարմիններ, փոխանցի երեխային, և նա պաշտպանված լինի։ Հայաստանում նույնպես այս կարգավորումն արդեն կա։ Այս պատվաստանյութը ոչ միայն կապույտ հազի, այլև փայտացման և դիֆթերիայի դեմ է։ Պատվաստանյութն արդեն 60 տարվա կիրառություն ունի։ Մեր ազգային օրացույցի համաձայն՝ փայտացման դեմ պատվաստվում են 16, 26, 36, 46 տարեկաններում․ մինչև կյանքի վերջ 10 տարին մեկ ԱԴՓՄ պատվաստանյութն օրացույցում է։

Իսկ քութեշի դեպքում անգինա է, ցան, բնորոշ է թեփոտումը, ջերմության բարձրացումը։ «Կարմիր, մորեգույն լեզու, այրվող բկանցք»,- այսպես են բնորոշում քութեշի ախտանշանները։ Քութեշի դեպքում հնարավոր են բարդություններ՝ սիրտ-անոթային համակարգում, երիկամներում։ Գաղտնի շրջանը 1-10 օր է, իսկ հիվանդությունը տևում է 3-12 օր։ Եթե կապույտ հազի դեպքում մեկ հիվանդը կարող է մինչև 18 առողջ մարդու վարակել, քութեշի դեպքում՝ 3-5 հոգու։ Կապույտ հազին բնորոշ է հազալուց հետո փսխումը։ Ընդհանրապես 1-2 շաբաթ տևող հազի դեպքում պետք է լաբորատոր հետազոտությամբ հաստատել կամ ժխտել կապույտ հազը։

– Մարդիկ խուսափում են պատվաստանյութերից, բայց հին Հայաստանում ժամանակին չամիչի մեջ ծաղիկ են դրել ու փորձել պատվաստել

– Հայերն առաջիններից են, որ փորձել են առողջ մարդուն պաշտպանել բնական ծաղկից և չամիչի մեջ դրել են բնական ծաղկով հիվանդի մաշկային ցանի կեղևը և բերանային ճանապարհով ներմուծել օրգանիզմ։ Իհարկե, սա այնքան էլ մեծ արդյունավետություն չի ունեցել, բայց ամեն դեպքում, միտքը, ուղղությունը ճիշտ է եղել։ Դրանից հետո 1796թ․Ջեների կողմից հայտնաբերվեց բնական ծաղկի պատվաստանյութը։ Եվ այսօր սա այն ինֆեկցիոն հիվանդությունն է, որը վակցինայի միջոցով վերացել է ամբողջ աշխարհում։ ԱՀԿ-ի կողմից երկու երկիր ունի այս վիրուսը պահպանելու թույլտվություն․մեկը ԱՄՆ-ն է, մյուսը՝ ՌԴ-ն․հնարավոր վտանգի դեպքում արագ պատվաստանյութ կստեղծեն։

Տեսանյութեր

Լրահոս