Հնարավոր է՝ Հայաստանը շուտով թռչնի տոհմային ֆաբրիկա ունենա
Օրերս Հայաստան են ժամանել նիդեռլանդական խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, որոնք պատրաստակամություն են հայտնել տոհմային տնտեսություն ստեղծելու հարցում նորագույն տեխնոլոգիաներով աջակցել հայ թռչնաբույծներին:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը դեռ չի շտապում շատ ուրախանալ նիդեռլանդցիների առաջարկով, սպասում է ծրագրի մեկնարկին:
«Նիդեռլանդական կազմակերպությունը վերջերս կայացած համաժողովին բերել էր 5 ենթակապալառու կազմակերպությունների տնօրեններ: 5 տարի է՝ չարչարվում ենք, ով գալիս, ասում է՝ կանենք: Հայաստանում թռչնամսի մոտ 80 տոկոսը ներկրվում է, և խնդիրը կլուծվի, եթե թռչնի մայրական կազմի տոհմային ֆաբրիկա լինի: 40 տոկոսը պետական համաֆինանսավորում է լինելու, մնացածը՝ մասնավոր: Կառավարությունն առաջարկել է տոհմային տնտեսությունը կառուցել երեք մարզերից մեկում՝ Արագածոտն, Լոռի կամ Տավուշ: Հիմա փորձում ենք լուծել հողատարածքի հարցը: Տոհմային տնտեսություն է, տարածքներն առանձին պետք է լինեն, որ կենսաբանական անվտանգությունն ապահովվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը:
Նրա փոխանցմամբ՝ կլինի 80-100 նոր աշխատատեղ, աշխատելու են տեղի բնակիչները:
«Մենք 11 միլիոն ճուտ ենք ներկրում, գոնե դրանով կկարողանանք կեսը փակել: Գիտեք, սա եթե իրականություն դառնա ու բավարարենք մեր շուկան, այլ ազգերը, օրինակ՝ ռուսներն էլ ասում են, որ ներդրում կանեն, քանի որ իրենց մոտ թռչնագրիպը շարունակվում է, ապահով տնտեսություն չկա»,- հավելեց թռչնաբույծների միության նախագահը:
Հավելենք, որ Հայաստանը թռչնամիս հիմա ներկրում է Բրազիլիայից, Ռուսաստանից, Բելառուսից:
Ի դեպ, քանի որ Հայաստանում տոհմային թռչնի արտադրություն գոյություն չունի, այդ իսկ պատճառով ֆաբրիկաները տարին մի քանի անգամ ստիպված են ածան հավեր և բրոյլերներ ներկրել։