Բարությամբ, ողորմածությամբ ապրելու դեպքում՝ կունենանք բարեկամներ. Տնտեսի կիրակի
Բարիք գործել, ձեռք բերել բարեկամներ, ճիշտ տնօրինել մեր կյանքը, որովհետև մի օր հաշիվ պիտի տանք. այս պատգամներն ունի Մեծ Պահքի չորրորդ կիրակին, որը կոչվում է Տնտեսի: Այն իր անունը ստացել է «Անիրավ տնտեսի առակ»-ից:
Տերը գովեց, որովհետև հնարամտությամբ գործեց
«Անիրավ տնտեսի առակ»-ը կարդում ենք Ղուկասի Ավետարանում: Հերոսը մի մեծահարուստի տնտեսն է, նրա գործերի կառավարիչը: Մեծահարուստն իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան՝ հաշիվ պահանջելու: Տնտեսը, հասկանալով, որ կարող է անգործ մնալ, խորամանկ քայլ է անում: Կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց ներում իրենց պարտքի մի մասը: Պատմության հերոսը թեև անիրավ էր, բայց իր հնարամտությամբ շահում է բարեկամներ, իսկ տերը գովում է ոչ թե նրա արաքը, այլ հնարամտությունը:
«Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները»: (Ղուկ. 16:8)
Տնտեսի անիրավությունն այն էր, որ պետք եղածից ավելին էր արձանագրել մուրհակներում, խաթարվել էին մարդկային առողջ փոխհարաբերությունները՝ տնտեսի ու պարտապանների, պարտապանների և տիրոջ, տիրոջ և տնտեսի, նշում է Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը.
«Տնտեսի այս քայլը պարտապաններին հասցված ավելորդ վնասի վերականգնում է: Այդ պատճառով պարտապանները առանձնահատուկ շնորհակալություն չեն հայտնում: Տան տերը գովում է նրան, քանի որ տնտեսությունից դուրս գալուց առաջ՝ հասցնում է իր վրայից մաքրել անիրավության պիտակը, վերականգնվում է փոխվստահության մթնոլորտը»:
Ի՞նչ ենք արել այն հնարավորություններով, որ մեզ տրվել է
Հիսուս Քրիստոս նշում է. «Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16:9):
Մամոնա նշանակում է ունեցվածք, հարստություն: Տնտեսը, երբ իր տիրոջ ունեցվածքը բաժանում է, դարձյալ անիրավությամբ է դա անում, սակայն արժանանում է գովեստի, քանի որ տալիս է կարիքավորներին ու ձեռք բերում բարեկամներ:
Տեր Աշոտի խոսքով՝ Հիսուս Քրիստոս պատգամում է, որ հնարամտությունն ու աչալրջությունն օգտագործենք՝ մեր հոգիների փրկությունը շահելու համար.
«Մեր ձեռքի տակ եղած նյութական միջոցներից կարողանանք բաշխել կարոտյալներին: Մեզ հասցված վիրավորանքները կարողանանք ներել, որպեսզի, երբ վրա հասնի այս աշխարհից մեր ելքի օրը, երբ անհնարին լինի որևէ բարեգործություն անել կամ սրբոց բարեխոսությունը խնդրել, Աստված մեզ ընդունի իր երկնային օթևաններից ներս»:
Քահանան հավելում է՝ մեր կյանքը պետք է արդարամտությամբ վարենք, հիշենք, որ յուրաքանչյուր մարդ Աստծո տնտեսն է:
Մեզ տրվում են բազմաթիվ հնարավորություններ: Երբեմն դրանք կա՛մ անտեսվում, կա՛մ օգտագործվում են ոչ բարի նպատակով, մինչդեռ պետք է հասկանանք, որ մեզնից հաշիվ է պահանջվելու՝ ի՞նչ ենք արել այն հնարավորությունները, որոնք մեզ տրվել են: Դրանք ճիշտ օգտագործելու, բարությամբ, կարեկցանքով, ողորմածությամբ ապրելու դեպքում՝ կունենանք իրական բարեկամներ:
Անի Ավագյան