Բաժիններ՝

Արդյոք գինու համար ՌԴ-ին այլընտրանքային շուկաներ կա՞ն

Օրերս Ռուսաստանի գինեգործների ասոցիացիան դիմել է ՌԴ Պետդումային՝ առաջարկով՝ 200 տոկոսով բարձրացնել «ոչ բարեկամական» երկրներից գինիների ներմուծման տուրքը:

Ո՞ր երկրների գինիներով կարող է Ռուսաստանը փոխարինել «ոչ բարեկամական» երկրների գինիները. արդյո՞ք այդ բացը կարող է լրացնել, օրինակ, հայկական գինին: Նկատենք՝ ըստ պաշտոնական վերջին ցուցանիշների՝ ՌԴ-ին բաժին է ընկնում հայկական գինու ամբողջ արտահանման 85,5 տոկոսը:

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը չի կարծում, որ, օրինակ, հայկական գինին կարող է լրացնել այդ բացը:

Կարդացեք նաև

«Ամեն երկիր իր պատմական ընկալումն ունի ռուսական շուկայում, և շատ դժվար է այդ կարծրատիպը կոտրել, այսինքն՝ եթե մարդն ուզում է ավստրալական գինի, վերցնում է այն, անկախ նրանից՝ դա 200 տոկոսով թա՞նկ է, թե՞ էժան,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ավագ Հարությունյանը և պարզաբանեց,- Սա արվում է ոչ այնքան նրա համար, որ ուզում են պատժել ոչ բարեկամ երկրներին, այլ, որպեսզի ռուսական գինին զարգացնեն: Փոխարենը՝ իրենք առաջարկելու են ռուսական գինի, որովհետև և՛ հայկական, և՛ վրացական գինին արդեն իր տեղն ունի այնքանով, որքանով կա»:

Մասնագետի կարծիքով՝ սա արվում է էժան գինին շատացնելու համար, ինչն ինչ-որ առումով հայ արտադրողի համար «ծուղակ» կարող է դառնալ, քանի որ գնալով դեպի էժան արտադրանք՝ կկորցնի որակն ու դեմքը:

Քանի որ այսօր տնտեսական ու անվտանգային դիվերսիֆիկացիաների մասին հայտարարություններ են հնչում իշխանական ամենաբարձր խոսափողներից, 168.am-ը Գինու ազգային կենտրոնի նախագահից նաև հետաքրքրվեց՝ այս պահին կոնկրետ գինու համար ՌԴ-ին այլընտրանքային շուկաներ կա՞ն, և որքանո՞վ է հնարավոր դիվերսիֆիկացիան՝ տնտեսական խորը կախվածության պայմաններում:

Ի պատասխան՝ նա նկատեց. «Ռուսական շուկան մեզ համար միշտ եղել է պատուհաս, որովհետև այն ստիպել է գնալ դեպի անորակ ու էժան սեգմենտ, որովհետև այդ սեգմենտում շատ փող կա, հնարավոր են շատ մախինացիաներ, որոնք թեև թույլատրվում են օրենքով, բայց ցանկալի չէ դրան գնալ:

Ռուսական շուկան երբեք մոտիվացիա չի ունեցել մեզ զարգացնելու՝ այն, ինչ հիմա նկատում ենք եվրոպական ու ամերիկյան շուկաներում, որոնք ստիպում են՝ ավելի լավանանք ու թանկանանք»:

Հարցին, թե պատերազմից հետո վրացական գինու համար փակվեց ռուսական շուկան, ինչո՞ւ Վրաստանը չկարողացավ նույն չափաբաժնով արտահանում անել Եվրոպա, Ավագ Հարությունյանը պատասխանեց հակադարձմամբ, որ՝ իրականում վրացիները շատ լավ են աշխատել:

«Վրացական պետական քաղաքականությունը միտված էր ռեալ դիվերսիֆիկացիային, ինչին մեզ մոտ միտված չեն. միայն բառերով ենք ասում: Վրաստանը տարեկան 5 միլիոն դոլարի չափ դրամաշնորհներ է ստանում վրացական գինին առաջ մղելու համար, և իրենք հասան նրան, որ չինական շուկայում ազատված են շատ հարկերից: Այդ էմբարգոն ստիպեց վրացիներին գնալ դիվերսիֆիկացիայի:

ՀՀ դեպքում ռուսական շուկայից դուրս գալը կազդի միայն էժան գինու վրա. էժան գինու համար մի քիչ շոկային կլինի, բայց երկարաժամկետ կտրվածքով՝ կշահենք»:

Այլ շուկաներում ադապտացիան, ըստ մասնագետի, կտևի 10-12 տարի:

«Հայ տարին ինչ էին, որ վայ տարին ինչ լինեին,- 168.am-ի հետ զրույցում շուկաների դիվերսիֆիկացիայի մասին իշխանությունների և տարբեր մասնագետների խոսույթին այսպես արձագանքեց Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը, ապա ցավով արձանագրեց, – ՀՀ-ում այսօր արդեն խաղողագործությունը վտանգված է, ֆիլոքսերա վնասատուն վխտում է, մարդիկ հարյուրավոր հեկտարներով այգիները քանդել են. ինչի՞ մասին է խոսքը:

Գինեգործության հիմնադրամը, փոխանակ զբաղվեր այգիների հաշվարկմամբ, ցուցահանդեսներ է կազմակերպում. քանի տարի բյուջեի փողերը գնում են, ու որևէ հրապարակում չկա, թե որտեղ՝ ինչ են արել:

Խաղողը 90 դրամով են գնել այգետերերից, տեղեր կան՝ մարդկանց գումարները մինչ օրս չեն վճարել՝ էլ ի՞նչ խաղողագործության զարգացման մասին է խոսքը: Խաղողագործի ու գինեգործի վիճակը գնացեք-նայեք, տեսեք՝ այգիներում ոռոգման ջուր կա՞:

Կամ՝ ռուսական 150 միլիոնանոց շուկան ո՞վ պետք է դիվերսիֆիկացնի, ո՞ւր պետք է տանեն այդ գինին»:

Աշոտ Հարությունյանն առավել կարևորեց անվտանգային բաղադրիչը՝ նկատելով, որ այսօր մեր լինել-չլինելն են կապում դիվերսիֆիկացիայի հետ:

«Տարեկան մինչև 500 հազար տոննա ցորեն է գալիս Հայաստան ՌԴ-ից, որ ցամաք հացի խնդիր լուծենք, սա՝ հեչ, գինու դիվերսիֆիկացիայի մասին մտածելը՝ մե՞ջ»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս