Բաժիններ՝

«Հանրային տրանսպորտի համակարգը չի փոխվել՝ դա «գազելի» ավտոբուս դառնալը չէ, ուղեվարձի բարձրացումն արդարացված չէ». Բաբկեն Պիպոյան

Մարտի 7-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանրային տրանսպորտի սակագները բարձրացնելու վերաբերյալ հանրային քննարկում, որին մասնակից փորձագետները բարձրաձայնեցին՝ տրամաբանական չէ հանրային տրանսպորտի ուղեվարձի գների բարձրացումը։

Հանրային տրանսպորտի սակագները բարձրացնելու վերաբերյալ որոշման նախագիծը Երևանի քաղաքապետը դրել էր շրջանառության մեջ, այնուհետև հանել՝ հայտարարելով, թե որոշակի քննարկումներ պետք է անեն։

168.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը, որ մասնակցել էր քննարկմանը, խոսելով ավագանու որոշման այս նախագծի մասին, ասաց՝ միանշանակ հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումն արդարացված չէ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այլ հարց է, որ իշխանությունների առաջարկներին պետք է հակադարձել հիմնավոր փաստարկներով ու ավելի լավ առաջարկներով։

«Սա այն դեպքն է, որ այդ ավելի լավ առաջարկն արված է վաղուց։ Իսկ առաջարկը հետևյալն է՝ հասկացեք, կարողանո՞ւմ եք անել, թե՞ չեք կարողանում անել այն, ինչը թղթի վրա գրված՝ ձեզ տվել են։ Եթե կարողանում եք, արագ կյանքի կոչեք, եթե չեք կարողանում՝ ներգրավեք մասնավորին։ Ինչո՞ւ, որովհետև երբ ասում ենք՝ հանրային տրանսպորտը բարեփոխվել է, դա «գազելի» ավտոբուս դառնալը չէ՝ տրանսպորտային համակարգը չի բարեփոխվել։ Տրանսպորտի բարեփոխումը երթուղիների բարեփոխումն է, երթուղային ցանցի, ենթակառուցվածքների բարեփոխումն է։ Հիմա մարդիկ կանգնում են կանգառում ու մոտավորապես են իմանում, թե երբ է տրանսպորտը գալիս, չգիտեն, տրանսպորտի գալուց հետո էլ կկարողանա՞ն նստել, թե՞ ոչ, ժամերով սպասում են տրանսպորտին, և այլն։ Այստեղից հետևություն՝ հանրային տրանսպորտի բարեփոխման մասին չի կարելի խոսել»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, մարդիկ կարծիք են հայտնում, խոսում են՝ առանց որևէ բան իմանալու, հետևաբար՝ առանց իմանալու՝ չպետք է կարծիք հայտնեն, առավելագույնը կարող են հարցեր տալ՝ ոլորտից տեղեկանալու համար։

«Հանրային տրանսպորտի գնի հետ կապված փոփոխությունը, որը քննարկում ենք, ուղիղ նշանակում է, որ մենք ասում ենք՝ դեռ երկար ժամանակ բարեփոխված տրանսպորտային համակարգ չենք ունենալու, որովհետև գինը կարող ենք սահմանել, երբ գիտենք ինքնարժեքը։ Հիմա ինչի՞ ինքնարժեքն են հաշվում՝ վատ աշխատող համակարգի՞։ Օրինակ, եթե մենք գիտենք, որ մեքենան վատ է աշխատում ու երեք անգամ շատ բենզին է ծախսում, ի՞նչ ենք անում՝ մեքենան վերանորոգո՞ւմ ենք, թե՞ շարունակում ենք շատ բենզին լցնել։

Այսինքն՝ մենք հիմա ունենք հանրային տրանսպորտի անարդյունավետ ցանց։ Հիմա իշխանությունների ջրաղացին ջուր են լցնում, երբ մտնում են նույն պոլեմիկայի մեջ: Մի բանի գինը, որ չգիտեն՝ ինչպես են թանկացնում կամ էժանացնում։ Հիմա հարց եմ տալիս՝ ինչո՞ւ պետք է համայնքային կազմակերպության տնօրենը ստանա բարձր աշխատավարձ, պահի երեք քարտուղարի, երկու խորհրդական, երկու խորհրդականի քարտուղարի, երեք տեղակալ՝ իրենց «կռեսլոներով», մի հատ էլ նրանց փողը համայնքը տա։ Այսինքն՝ համայնքային կազմակերպությունը կարող է կառավարել ու բերել օպտիմալ տրանսպորտային համակարգ, ուրեմն՝ թող կառավարի ու բերի օպտիմալը, եթե չի կարողանում, ուրեմն՝ հասկանան, որ սա իրենց խելքի բանը չէ»,- շեշտեց Բաբկեն Պիպոյանը։

Նա ընդգծեց՝ Երևան բերված տրանսպորտային շարժակազմերն օպտիմալ չեն օգտագործվում, ավելին՝ ծախսատար են։ Հետևաբար, իշխանությունները փոխանակ ասեն՝ եկեք այնպես անենք, որ ճիշտ շահագործվի, ասում են՝ եկեք հասկանանք, թե այդ գումարն ով է տալու։ Արդյունքում՝ տալիս է քաղաքացին։ Ստացվում է՝ իշխանությունը կանխում է ոչ թե խնդրի առաջացումը, այլ սպասում է, որ խնդիրը լինի ու մտածի՝ ինչպես այն լուծել։

«Հանրային կարծիք, որը կապված կլինի հանրային տրանսպորտի համակարգի փոփոխության հետ՝ չեմ տեսել, քանի որ քննարկել են միայն սակագինը։

Քաղաքային իշխանությունների առջև պետք է դնել ճիշտ պահանջներ և պահանջել, որպեսզի այն կատարեն։ Միայն դրանից հետո մտածել մնացած հարցերի շուրջ, այդ թվում՝ ինչպես են կատարելու իրական ցածր տրանսպորտային արժեքների գումարը։ Օրինակ, եթե հաշվարկում են, որ տրանսպորտի արժեքը կարող է լինել 130 դրամ, որքա՞ն պետք է քաղաքացին վճարի, որքա՞ն՝ համայնքը։ Բայց պետք է հաշվարկել ոչ թե իրենց սխալ կառավարած հանրային տրանսպորտի արժեքը, այլ այն ինքնարժեքը, որը կունենանք ճիշտ կառավարման արդյունքում»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը։

Տեսանյութեր

Լրահոս