Բաժիններ՝

«Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մեքենան գազով լիցքավորողը գիտի, որ թերի են լիցքավորում, բենզին լցնողը գիտի, որ թերլցում է լինելու, մտնում են խանութ, տեսնում, որ համատարած թանկ է ամեն բան, բայց եկամուտները նույնն են»

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության օրն է։ Երեկ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանը և հայտարարել, թե «սպառողների իրավունքների պաշտպանությունը Կառավարության, օրենսդիր իշխանության և պետական մարմինների ուշադրության կենտրոնում է»:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը և իրականությունն իրար հետ կապ չունեն: Որպես ասածի ապացույց՝ Բաբկեն Պիպոյանը մատնանշեց պետական և համայնքային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններն ու դրանց որակը։

«Մայրաքաղաքում հանրային տրանսպորտը համայնքային է, և մենք՝ որպես սպառողներ, օգտվում ենք այդ տրանսպորտից։ Ժամանակին, եթե մենք կարող էինք բիզնեսին ներկայացնել պահանջներ, և պետությունը պետք է հսկեր այդ բիզնեսին, այս դեպքում պետությունն ինքն իրեն պետք է հսկի։ Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մեկ շաբաթում 10 տարբեր ինքնարժեքներ են ասում հանրային տրանսպորտի հետ կապված, սպառողները երթևեկում են ոչ պատշաճ քանակությամբ և ոչ պատշաճ կահավորված շարժակազմերով, գերծանրաբեռնված։

Ավելին՝ մաշվող համակարգով, ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև սելֆիի համար ֆուտբոլի ակումբը կարող է 11 հոգով նստել մեկ մեքենա՝ զուտ սելֆի անելու համար, նկարվի, հետո ասի՝ տեսեք, մենք 11 հոգով տեղավորվել ենք։ Բայց եթե այդ մեքենան մշտապես այդպես շահագործվի, բնականաբար, ավելի շուտ դուրս կգա շարքից, քան նախատեսված էր։ Այդ կերպ նաև տրանսպորտային համակարգն է մաշվում, երբ աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով։ Սա պետության կողմից սպառողներին մատուցվող ծառայությունն է, ինչը կարող ենք «դրական» գնահատել», 168.am-ի հետ զրույցում նշեց Բաբկեն Պիպոյանը։

Կարդացեք նաև

Այդ համատեքստում նա անդրադարձավ նաև, այսպես կոչված՝ «գալչկաների» համար կատարված աշխատանքներին, շեշտելով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է որոշում, որ եթե հոսանքի անջատումները մայրաքաղաքում գերազանցում են՝ 10 անգամը, իսկ մարզերում՝ 15-ը, ապա սպառողին տրվում է փոխհատուցում։ Ժամանակին, երբ միջազգային կառույցներին հաշվետվություն տալուց ասում էին՝ արդյոք Հայաստանում կա՞ փոխհատուցման համակարգ, պատասխանը բացասական էր լինում, հիմա արդեն դրական են պատասխանում այդ հարցին։

«Թվում է, թե լավ բան է տեղի ունեցել, որովհետև նախկինում չունեինք փոխհատուցման համակարգ, հիմա ունենք։ Բայց իրականում ի՞նչ է տեղի ունենում՝ փաստացի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուղղակիորեն լեգիտիմացնում է ամսվա մեջ 10 անգամ հոսանքի անջատումները, ինչն աննորմալ երևույթ է, որոշ երկրներում նույնիսկ տարվա մեջ 10 անգամ անջատումներն են աննորմալ։

Հիմա անդրադառնանք անվտանգության ոլորտին՝ ունեցել ենք Սուրմալուի պայթյուն, ունեցել ենք օղուց մահվան դեպքեր, և այլն, մինչ օրս այդ դեպքերը լիարժեք բացահայտված չեն, ու չկա քաղաքական պատասխանատվություն, ահա այսպես են պաշտպանում սպառողների իրավունքները»,- նշեց մեր զրուցակիցը։

Բաբկեն Պիպոյանն ասաց, որ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում միակ դրական տեղաշարժը, որը նկատել է, զեղչերի հետ է կապված։ «Առևտրի և ծառայությունների» մասին օրենքով զեղչերի ոլորտը կարգավորվեց, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ դրանից հետո մոնիթորինգ անցկացրեց, ինչը ևս ունեցավ դրական ազդեցություն, այսինքն՝ հսկողություն իրականացրեց։

«Մյուս բոլոր ոլորտներում կենացներն ավելի շատ են, քան բովանդակությունը։ Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որ հանրային տրանսպորտի սպասող սպառողը տրանսպորտ չի կարողանում նստել, մեքենան գազ լիցքավորողը գիտի, որ թերի են լիցքավորում, բենզին լցնողը գիտի, որ թերլցում է լինելու, մտնում են խանութ, տեսնում են, որ համատարած թանկ է ամեն բան, բայց եկամուտները նույնն են։ Եվ այս պայմաններում խոսել սպառողների իրավունքների պաշտպանության մասին, մեղմ ասած, ազնիվ չէ։

Աշխարհում ընդունված է, որ սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված օրերը ոչ թե միմյանց ծափ տալու համար են, այլ խնդիրը վեր հանելու և դրանց լուծումները գտնելու մասին է»,- հավելեց նա։

Բաբկեն Պիպոյանը նաև հիշեցրեց Առողջապահության նախարարության կողմից հրապարակված վերջին հայտարարությունը, որը, նրա բնորոշմամբ՝ «դեգեներատություն» էր, քանի որ նույն հայտարարության մեջ նախարարությունը նշում է, որ նշված դեղերն անվտանգ են, որակի հետ կապված խնդիրներ չունեն, այն դեպքում, որ տեսչական մարմինն ասում է՝ խուսափեք դրանց օգտագործումից ու չի հերքում իր ասածը։

«Հիմա, երբ դու քո կառավարման համակարգում ունես այդ պատկերը, առաջին բանը, որ պետք է անես, այդ խնդիրներին ուղիղ նայելն է ու լուծելը։

Կա սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպություն, որի անդամ է նաև մեր կազմակերպությունը, ամեն տարվա համար մշակում է մի կարգախոս, որով պետք է առաջնորդվենք, և սահմանում է առաջնահերթություններ։ Նախորդ տարվա կարգախոսն էր՝ «Արդար և պատասխանատու արհեստական բանականություն սպառողի համար»։ Բայց Հայաստանում մենք դեռ խոսում ենք իրար գլխի տրանսպորտում չնստելու, բայց տեղ հասնելու մասին։ Այս տարվա կարգախոսն է՝ «Արդար վերափոխում դեպի կայուն պատկեր», սրա բովանդակությունը եթե քննարկենք, ապա սա սոցիալական, բնապահպանական փոփոխությունների գործընթացն է, որտեղ պետք է իրականացվեն քայլեր, որտեղ մարդկանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն։ Այս օրինակը բերեցի նրա համար, որպեսզի պարզ լինի՝ սպառողների իրավունքների պաշտպանության հարցում աշխարհը որտեղ է, մենք՝ որտեղ»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։

Չնայած այս ամենին, Բաբկեն Պիպոյանը վստահ է՝ սպառողների պաշտպանության ոլորտում եղած խնդիրների մասին մշտապես պետք է բարձրաձայնել, լինել հետևողական, որպեսզի դրանք ստանան իրենց լուծումները։

 

Տեսանյութեր

Լրահոս