Թոշակառուի համար տրանսպորտի սակագինը 150 դրամ է. Ինչո՞ւ է իշխանական պատգամավորը խոսում 80-90 դրամի մասին. Բաբկեն Պիպոյան
Այսօր խորհրդարանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը հայտարարեց, թե չի հասկանում այն «վայնասունը», որը կապված է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման հետ։
«Էն, ինչը մեր հալալ քրտինքով ենք ձեռք բերում, խոսքը դրա մասին է, տեղյակ ենք պահում՝ ունենք այն, ինչ ունենք, ոչ թե գողանանք, այլ ծագման գույք ունենանք, և այլն։ Սիրելի հայրենակիցներ, մեզ մոտ միայն հալալ քրտինքով վաստակած գումարներ են։
Ցանկացած լավ օրենք վայնասուն է բարձրացնում, ուղիղ համեմատականով ասեմ՝ հանրային տրանսպորտի ուղեվարձի մասին է։ Ի՞նչ տեղի ունեցավ, այսօր քաղաքացիներն ինձ մոտենում, ասում են՝ «ախպեր, բա ասում էին՝ թանկանո՞ւմ է, այս փաթեթներով էժանանում է, 90 դրամ, 80 քանի դրամ»։
Երբ մեր քաղաքացիները ծանոթացել են այդ փաթեթներին, ակնհայտ տեսանելի է դարձել, որ ամեն ինչ արվում է ՀՀ քաղաքացու համար»,- նշեց իշխանական պատգամավորը։
Թե ի՞նչ հաշվարկների արդյունքում է պատգամավորը հայտարարում 80-90 դրամի մասին՝ հայտնի չէ, նա այդ մասին որևէ խոսք չասաց։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանին հետաքրքրում է, թե, օրինակ, իշխանական պատգամավորն ինչ-որ հաշվարկներ արե՞լ է՝ հասկանալու համար, թե հանրային տրանսպորտի սակագինը որքան է բարձրանալու։
«Օրինակ, 10 ուղևորություն փաթեթի գինը 2200 դրամ է, իսկ թոշակառուի համար կզեղչվի 30 տոկոսով, այսինքն՝ 150 դրամից մի քիչ ավելի։ Հիմա ինչ-որ մեկը թող բացատրի, թե այդ ո՞ր փաթեթի դեպքում է դառնալու 80 դրամ։ Ամսական քանի անգամ տատիկներն ու պապիկները պետք է նստեն ավտոբուս, որ սակագինը դառնա 80 դրամ։ Եթե նման բան չկա, ապա ինչո՞ւ է պատգամավորն այդպես խոսում»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Բաբկեն Պիպոյանը։
Նշենք, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը տրանսպորտի նոր սակագներ է ներկայացրել և այդ մասին գրառում է կատարել՝ նշելով, որ միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ արձագանքներն ու առաջարկությունները ուշադիր ուսումնասիրել է, և առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։ Նա նաև հրապարակել է, թե ինչ փոփոխություններ են նախատեսելու։