Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնում

Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

Քաղաքացի Կարեն Եղիազարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.

«Արդեն 7 ամսից ավել է` Նիկոլի պատճառով փակի տակ եք, ի՞նչ է Ձեր մեջ փոխվել այս 7 ամսում, հա’մ լավն ասեք, հա’մ վատը»։

Ա. Աշոտյանը պատասխանել է.

Կարդացեք նաև

«Իրականում արդեն 9 ամիս է, ինչ գտնվում եմ անազատության մեջ և պիտի խոստովանեմ, որ սա, իրոք, լրջագույն փորձություն է ցանկացած մարդու համար։

Անշուշտ, ամենամեծ խնդիրը ընտանիքից կտրված լինելու հանգամանքն է, որը հաղթահարում եմ` մտքով, սրտով, հոգով և աղոթքներով իմ զավակների, իմ տիկնոջ, իմ հարազատների կողքին լինելով։

Մեծ ռուս բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին, որը նույնպես քաղաքական բանտարկյալ էր սովետական տարիներին, գրում էր, որ բանտը դա ժամանակի ավելցուկն է տարածության պակասի պարագայում։ Ես սիրում եմ կոմպենսացնել ֆիզիկական տարածության սահմանափակումները ալտերնատիվ «տարածքներում»` հոգևոր, ստեղծարար, մշակութային, տեղեկատվական։

Ստեղծված պայմաններում կենցաղվարության որոշակի փոփոխությունները անխուսափելի են, բայց դրանք շատ երկրորդային են։ Մենթալ-հոգեբանական դաշտում ամենակարևորը դեպի Բարձրյալ ճանապարհի վերագտնում է սեփական անձի համապարփակ և ազնիվ վերլուծության միջոցով, որովհետև Տերը երբեք ունակություններից ավել փորձություն չի դնում մեր ուսերին:

Անարդար կալանավորումը գաղափարներից չհրաժարվելու համար նաև հատուկ է Հանրապետական կուսակցության պատմությանը, ում հիմնադիրները` Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Վազգեն Կարախանյանը և այլք, շատ ավելի դժվար ժամանակներում և դաժան պայմաններում են շարունակել իրենց պայքարը բռնապետական երկրի բանտերում։

Իսկ բացասական փոփոխություններից են, օրինակ, ֆիզիկական ակտիվության պակասը, նիկոտինի և կոֆեինի ավելացումը։ Իհարկե, շատ նեգատիվ է ազդում նաև հատկապես քաղաքական իմաստով` տեղեկատվական հոսքի պակասը և ուշացումը։

Առիթից օգտվելով` ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել հազարավոր մարդկանց, ում ուշադրությունը, սրտացավությունը և ազնվությունը օգնում են հաղթահարել բոլոր դժվարությունները թե ինձ, թե իմ ընտանիքին»։

Տեսանյութեր

Լրահոս