Հռչակագրի դրույթների ռևիզիան բացասական հետևանքներ է ունենալու. Աշոտ Ղուլյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ՀՀ անկախության հռչակագիրը պահպանելուն նվիրված քննարկման ընթացքում հայտարարեց, որ տևական ժամանակ է՝ փորձում է գտնել նախադեպ, թե աշխարհում կա 30 տարվա անկախ կենսագրություն ունեցող այնպիսի երկիր, որը «խիզախում» է վերանայել իր անկախության հիմքում դրված գաղափարները, այսինքն՝ հանել պետության հիմնաքարերը, բայց նման նախադեպ չի գտել։
«Այստեղ էլ մենք ունիկալ ենք՝ որպես երկիր ու ժողովուրդ, թեպետ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի համազգային ողբերգության՝ Արցախի հայաթափումից հետո կարծես թե այս բացառիկությունը դրսևորելու միջոցները սպառվել էին»,- ասաց Աշոտ Ղուլյանը։
Նա ընդգծեց, որ կան փաստաթղթեր, որոնք ընդունվել են հանրային լայն համաձայնությամբ, այսինքն՝ կոնսենսուսով, հիշեցնելով այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որի պայմաններում հայ ժողովուրդը կատարեց ճակատագրական իր ընտրությունը։
«1990 թվականի մայիսի ընտրությունները դարձան վերջինը Խորհրդային Հայաստանի տարեգրության մեջ։ Բայց առաջինը դարձան Հայաստանի անկախ Հանրապետության համար, նաև միակ համատեղը Հայաստանի և Արցախի տարածքում։ Այդ գումարման խորհրդարանին էր պատիվ ընձեռվել ընդունել ՀՀ անկախության հռչակագիրը։ Անկախության հռչակագիրն ընդունվել է համազգային կոնսենսուսով՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի համաձայնությամբ։ ՀՀ Սահմանադրությունը փոխելու իշխանությունների որոշումը մեծապես կախված է հռչակագրում անցանկալի ձևակերպումների ու ցանկությունների հետ։ Այստեղ առաջին հերթին խոսքը վերաբերում է Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու գաղափարի ամրագրման փաստին։ Հաջորդը վերաբերում է ՀՀ պատմական անցյալին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։
Անկախության հռչակագրի դրույթների ռևիզիան միայն ու միայն բացասական հետևանքներ է ունենալու մեր համազգային նպատակների ռազմավարության և իմիջային հեղինակության վրա»,- եզրափակեց Աշոտ Ղուլյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում