Իշխանությունը մանևրում է երկու աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, մի օր իր առջև պահանջ է դրվելու՝ կա՛մ-կա՛մ. Գրիգոր Բալասանյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ կանոնդադրության 11-րդ հոդվածում նշված է՝ եթե որևէ պետություն ցանկանում է դուրս գալ կազմակերպությունից, ապա դրա մասին տեղեկացնում է 6 ամիս առաջ։ Իսկ 6 ամիս անց եթե դիմումը հետ չի վերցնում, ապա համարվում է ՀԱՊԿ-ից դուրս եկած։ Սակայն հարաբերությունների սառեցման վերաբերյալ կանոնադրությունում որևէ կետ չկա։

«Իրավական առումով նման ընթացակարգ չկա՝ անդամակցությունը սառեցնելու. կա՛մ կազմակերպության անդամ է, կա՛մ ոչ։ Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանի՝ Մուրի և Շոլցի հետ հանդիպումից հետո, պահանջ է դրվել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը շատ լավ հասկանալով դրա աղետալի հետևանքները, միջանկյալ հայտարարություններ է անում, որ ո՛չ Արևմուտքին նեղացնի, ո՛չ էլ ռուսների ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները վերջնական փչացնի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգոր Բալասանյանը։

Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ՀԱՊԿ-ի հետ անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ, իրավիճակից բխող քայլ էր՝ ժամանակ շահելու համար։ Սակայն հայտնի չէ, թե այդ ժամանակը որքան է տրվելու Հայաստանին։

«Եթե ՀՀ իշխանությունն անընդհատ փորձի այսպես մանևրել երկու աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, հստակ պետք է հասկանա, որ մի օր իր առջև պահանջ է դրվելու՝ կա՛մ-կա՛մ։ Հետևաբար՝ ժամանակ կարելի է շահել, եթե կա պլան Բ, բայց եթե այն չունեն, ապա ժամանակ շահելը ոչինչ չի տալու, հակառակը՝ հարաբերութուններն ավելի է լարելու երկու աշխարհաքաղաքական կենտրոնների միջև»,- նշեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ այս պահին Հայաստանը, Ռուսաստանից բացի, որևէ այլ պետության հետ չունի դաշնակցային հարաբերություններ։ Գործընկերությունը, իրար ժպտալը, հայերեն բարևելը եվրոպացիների կողմից, դեռ չի նշանակում, որ նրանք Հայաստանի դաշնակիցներն են։ Անգամ համագործակցության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ուկրաինան, ում ՆԱՏՕ-ն զենք է մատակարարում արդեն երկու տարի, չի հայտարարում, որ Ուկրաինան իր դաշնակիցն է։

«ՀՀ իշխանությունը հարաբերությունները խզում է մի դաշնակցի հետ, բայց մյուս կողմից՝ Արևմուտքից որևէ կարգավիճակ չի ստանում անգամ։ Հետևաբար, ոչինչ չստանալով՝ մեր պոտենցիալ թշնամիներին տալիս են մեսիջ, որ այլևս անպաշտպան է Հայաստանը՝ ինչ ուզեն, կարող են անել։ Սա վտանգավոր է, լավ կլինի սրա մասին մտածեն, այլ ոչ թե հարաբերությունները չափեն Ֆրանսիայի Պաշտպանության նախարարի հետ ողջագուրման դեցիբելով կամ Ֆրանսիայի նախագահի հայանպաստ հայտարարություններով, որովհետև դա Հայաստանին ոչինչ չի տալու»,- շեշտեց Գրիգոր Բալասանյանը։

Վերջերս իշխանական պատգամավորներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե «Հայաստանը ոչ թե Ռուսաստանի դաշնակիցն է եղել, այլ ճորտը, հետևաբար՝ հիմա Հայաստանին պետք է դուրս բերեն այդ կարգավիճակից»: Գրիգոր Բալասանյանն այս հայտարարության հեղինակ պատգամավորին նախ հարց տվեց, թե ի՞նչ է նշանակում ճորտ, ապա նկատեց, թե ով իրեն պատկերացրել է ճորտ՝ հայ-ռուսական դաշինքի շրջանակներում, տվյալ մարդու խնդիրն է, քանի որ, եթե մարդն իրեն արդեն ճորտ է համարում, կա՛մ մոտեցման խնդիր է, կա՛մ կարծիք։

«Միջպետական հարաբերություններում, հատկապես՝ ռազմաքաղաքական, կա մեկ պետություն, որի շուրջ կառուցվում է այդ ռազմաքաղաքական դաշինքը։ Նույն ՆԱՏՕ-ի պարագայում դա Միացյալ Նահանգներն է, ՀԱՊԿ-ի պարագայում՝ Ռուսաստանը։ Բոլոր պետությունները, որոնք անդամակցում են այդ կազմակերպություններին, իրենք այլընտրանք չունեն, քան հաշվի առնելու իրենց կազմակերպության հիմնադրի կարծիքը, իսկ եթե իրենք այդ հարաբերությունները համարում են ճորտի ու տիրոջ հարաբերություն՝ սա իրենց անձնական խնդիրն է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Խոսելով Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցի մասին և այդ համատեքստում դիտարկելով այն հայտարարությունները, որ Հայաստանի իշխանությունը գուցե Ուկրաինային արտոնել է դառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների միջնորդ, Գրիգոր Բալասանյանը հարց ուղղեց, թե որ Ուկրաինային, որը 2020 թվականի նոյեմբերի 10-ին ողջ երկրում վրաններ էր տեղադրել ու շնորհավորո՞ւմ էր Ադրբեջանին։

«Մի ժողովրդական խոսքը կա՝ մեկը լինի՝ Ուկրաինայի համար միջնորդ լինի, այն էլ այն դեպքում, երբ անկախությունից ի վեր Ուկրաինան ընդգծված պրոադրբեջանական քաղաքականություն է վարում։ Մարդիկ պետք է պատմություն սովորեն, նրանք խոսում են որոշ ինստրուկտորների կողմից ծաղկաձորյան հանգստյան տներում իրենց տված լեկցիաների հիման վրա ու Ռուսաստանի մասին կարծիք են կազմում 1-2 օրվա ընթացքում եղած սեմինարների ժամանակ»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։

Տեսանյութեր

Լրահոս