
Միայն Հ1-ը հերիք է, որ քաղաքացու գլուխը լվան ստերով. ընդդիմությունը պիտի գտնի առավել արդյունավետ ձևեր՝ մարզաբնակ քաղաքացիներին ոտքի հանելու համար. Աշոտյան

Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:
Քաղաքացի Գեղամ Հովհաննիսյանը հարցրել է.
«Արմեն Աշոտյան ջան, պայքարի վերսկսման դեպքում, եթե մարզերում չլինեն ակցիաներ, դա կարո՞ղ է նպաստել պայքարի ձախողմանը»։
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Ակնհայտ է, որ մայրաքաղաքը վաղուց է դեմ Փաշինյանին (Երևանի վերջին ընտրությունները դրա ապացույցն են)։
Բազմաթիվ այլ քաղաքներում ևս ժողովուրդն իր վստահությունից անվերադարձ զրկել է ՔՊ-ի թիմին։ Հիմա ևս, ըստ ծագող բազմաթիվ խնդիրների, տարբեր մարզեր կամ բնակավայրեր դեմ են ելնում Փաշինյանի որոշումներին և ձախողումներին։ Պարզապես պետք է հաշվի առնել հետևյալ երկու հանգամանքները։
Առաջինը, մարզաբնակ մեր հայրենակիցները տեղեկատվության պակաս են ունենում (տարբեր պատճառներով) և ավելի խոցելի են իշխանական սանձարձակ և կեղծ պրոպագանդայի համար։ Միայն Հ1-ը հերիք է, որ քաղաքացու գլուխը լվան ստերով, մանիպուլյացիաներով և կեղծարարությամբ։ Երկրորդը, մարզաբնակները, ցավոք, ավելի շատ են կախված իշխանություններից, ռեպրեսիվ վարչական ռեսուրսն այդտեղ ավելի անպատիժ և լկտի է գործում։
Ընդդիմությունը պիտի հաշվի առնի այս հանգամանքները և գտնի առավել արդյունավետ ձևեր մարզաբնակ ՀՀ քաղաքացիներին ոտքի հանելու համար»: