Մարդկանց մոտ հարց է առաջանում՝ իսկ գուցե ՌԴ-ն պատրաստվում է ձեռքը հանե՞լ ՀՀ վրայից. Մաթևոսյան
Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնն այսօր կազմակերպել էր «Հայաստանը՝ խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղան-քննարկումը:
168.am-ը քննարկմանը ներկա քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են օբյեկտիվ ռուսական կողմի արձագանքները ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը՝ հաշվի առնելով, որ ՀՀ կողմից էլ բազմիցս օբյեկտիվ քննադատություններ են հնչել ռուսական կողմի չեզոքության և շատ հարցերում՝ բացակայության մասին:
«Օբյեկտիվ լինենք. այստեղ ելույթ ունեցող անձինք չենք կարող ներկայացնել պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, քանի որ փորձագիտական մակարդակով քննարկում էր:
Բայց ֆիքսենք՝ մինչ այս պահն էլ ՌԴ փորձագիտական շրջանակներում Հայաստանը դիտարկվում է՝ որպես բարեկամ պետություն, հայ ժողովուրդը՝ որպես բարեկամ ժողովուրդ, և ցանկություն չկա եղած խնդիրներն էլ ավելի սրել,- ի պատասխան՝ նշեց Բենիամին Մաթևոսյանը և հավելեց,- Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կա իշխանությունների կողմից միակողմանի քարոզչություն՝ «ամեն ինչում Պուտինն է մեղավոր» թեզով: Սրան արձագանք չկա, ինչն օբյեկտիվ հարցեր է առաջացնում. իսկ եթե ռուսական կողմը ոչ մի արձագանք չի տալիս ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ իրենց հասցեին հնչող քննադատությանը, միգուցե իսկապես պատրաստվում են ձեռքը հանե՞լ ՀՀ վրայից ու ընդհանրապես դուրս գալ տարածաշրջանից»:
Մանրամասները՝ տեսանյութում