Աննա Հակոբյանի ընկերուհի Նաիրա Հովսեփյանի գլխին սև ամպեր են կուտակվել. դրանք կցրվեն «Կարեն Անդրեասյան փրոդաքշընում»

Կարծես թե հերթական բեմադրությունն է նախապատրաստվում «Կարեն Անդրեասյան փրոդաքշըն»-ում: Այս անգամ ուշադրության կենտրոնում է լինելու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, հիմա նաև Վճռաբեկ դատարանի դատավոր, դատական ակտերն ուշացնող դատավորներին քարկոծող, նրանց լիազորությունները դադարեցնելուն կողմ քվեարկող, «Ուշացած արդարադատություն» ֆիլմի դերակատարներից Նաիրա Հովսեփյանը:

168.amտեղեկություններով՝ այս անգամ ֆիլմի հերոսն ինքն էլ է ուշացած արդարադատություն իրականացրել, և քաղաքացիների դիմումներն այդ առիթով այնքան շատ են, որ բոլորը չեն կարողացել մերժել և դրանցից մեկին ընթացք են տվել, ու Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարգապահական վարույթ է հարուցել ուշացումներ չհանդուրժող դատավորի նկատմամբ:

Վարույթը ԲԴԽ դեռևս չի հասել: ԲԴԽ խոսնակի փոխանցմամբ՝ ԲԴԽ-ում այս պահի դրությամբ նման միջնորդություն չեն ստացել. Ստանալու դեպքում դրա մասին տեղեկություն կհրապարակվի ԲԴԽ պաշտոնական կայքի «Ժամանակացույց բաժնում»:

«Կարեն Անդրեասյան փրոդաքշընի» հանդիսատեսը կարող է ֆիլմի զարգացման մի քանի հնարավոր սցենար գուշակել՝ «Մինասյան, Անդրեասյան և գործընկերներ» ԲԴԽ-ի կողմից կայուն և առանց կոռուպցիոն դրսևորումների երաշխիքների առկայության պայմաններում:

Կարդացեք նաև

Օրինակ՝ Նաիրա Հովսեփյանը

  • ԲԴԽ անդամությունից հրաժարվելու պայմանով շարունակում է հաճախել Վճռաբեկ դատարան և ընկերություն անել Աննա Հակոբյանի հետ, կարծես թե ոչինչ էլ չի եղել
  • Շարունակում է ընկերություն անել Աննա Հակոբյանի հետ, և ոչինչ էլ չի լինում (այս տարբերակում երաշխիքի անհրաժեշտություն չկա)
  • Հրաժարական է տալիս Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնից` ԲԴԽ նախագահ դառնալու հեռանկարով (եթե Աննա Հակոբյանի հետ ընկերությունը շարունակվում է):

Ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Նաիրա Հովսեփյանն այլևս անվերապահորեն չի վայելում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի, իսկ դա նշանակում է՝ նաև Գրիգոր Մինասյանի բարձր հովանավորությունը:

Հիշեցնենք, որ 2022թ. դեկտեմբերին Նաիրա Հովսեփյանը կողմ էր քվեարկել դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը նույն դատական ակտերը ուշ տրամադրելու համար, այն ակտերի, որոնց ուշ տրամադրումը, սակայն, հետևանք կարծես թե չէր առաջացրել: Դրանից հետո բազմաթիվ փաստաբաններ տասնյակ օրինակներ բերեցին, թե Նաիրա Հովսեփյանը քանի գործով որքան է ուշացնում դատական ակտերի տրամադրումը: Աղմուկի համատեքստում ԱՆ-ն ուսումնասիրություն սկսեց, բայց բանը կարգապահական վարույթ հարուցելուն չհասավ: Ինչպես ասում են՝ այն, ինչ կարելի է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհուն, չէր կարելի դատավոր Աննա Փիլոսյանին:

Հ.Գ. Ի դեպ, հիշեցնենք՝ «Մինասյան, Անդրեասյան և գործընկերներ» ԲԴԽ-ի կողմից ներդրվեց նոր` «ժամանակավոր հրաժարականի» ինստիտուտը, որը ծառայում է  կարգապահական վարույթից խուսափելուն և դատավորների առաջխաղացման ցուցակի անցողիկ տեղերում հայտնվելուն:

Ըստ ԲԴԽ-ում ծվարած կոռուպցիոների՝ նորարարությունը կարծես թե չի հակասում օրենքին, սակայն գիտությանն անհայտ է մնացել, թե ինչպես է հնարավոր հարուցված կարգապահական վարույթի պայմաններում ընդունել դատավորի՝ ոչ առողջական պատճառներով  ներկայացված հրաժարականը և հետո քվեարկել նույն անձին դատավորների առաջխաղացման ցուցակ ընդգրկելու հարցը:  Այս մասով մամլո խոսնակները լռում են:

Տեսանյութեր

Լրահոս