ՀՀ նախագահը չի ստորագրել ԲԴԽ-ում ծվարած կոռուպցիոների թեթև ձեռքով դատավորների առաջխաղացման ցուցակ սողոսկած Սամվել Թադևոսյանի վերաբերյալ միջնորդությունը
Փետրվարի 13-ին 168.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ որոշում է ստորագրել, որտեղ մի ուշագրավ անուն կա:
Քաղաքացիական մասնագիտացմամբ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը գլխավորում էր ներկայումս գործազուրկ Սամվել Թադևոսյանը, նույն այն Սամվել Թադևոսյանը, ով նախապես, որպեսզի իր վերաբերյալ կարգապահական վարույթ չքննվի, աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել: Հենց նրա անունն էլ ուղարկվել էր ՀՀ նախագահին, որ վերջինս ստորագրի նրա՝ դատավոր դառնալու հրամանագիրը:
Հիշեցնենք՝ երբ 2023թ. հուլիսի 3-ին Կարեն Անդրեասյանի անվան Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) «Շոլցի» գործով դադարեցրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի լիազորությունները, որովհետև այդ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) վճիռ էր եկել, իսկ նշված դատավորները հռչակվել էին պատասխանատու, նրանցից մեկը շուստրիություն էր արել ու պլստացել: Խոսքն այդ գործով պատասխանատու հռչակված Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանի մասին էր, ով, մինչ ԲԴԽ-ում կքննվեր հարցը, հունիսի 13-ին պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել:
Փաստորեն ԲԴԽ-ում ինչ-որ ծվարած կոռուպցիոներ 8 ամիս առաջ կարգապահական պատասխանատվությունից խուսափելու համար աշխատանքից ազատված Սամվել Թադևոսյանին ընդգրկել է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում, որովհետև ստացվում է, որ ՄԻԵԴ-ից եկած վճռով, «Շոլցի» գործով առաջին ատյանի դատավոր, այդ գործով պատասխանատու հռչակված դատավոր Սամվել Թադևոսյանը դիմում գրեց, աշխատանքից ազատվեց, որ իր լիազորությունները ՄԻԵԴ-ից եկած վճռի հիմքով կարգապահական վարույթի արդյունքում չդադարեցվեն, ինչպես եղավ նրա գործընկերների դեպքում, ապա շատ հանգիստ, նախապես գծած սխեմայի վերջին կետով հայտնվեց դատավորների առաջխաղացման ցուցակում:
ԲԴԽ-ից Factor.am-ը խնդրել էր պարզաբանել Թադևոսյանի ընտրվելու հանգամանքը։
«Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորները, որոնք ունեն դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն: Ի թիվս այլ պահանջների՝ նախկին դատավորների դեպքում անհրաժեշտ է, որ նրանց լիազորությունները դադարեցված չլինեն կարգապահական խախտում թույլ տալու կամ լիազորությունները դադարած չլինեն նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: Պարոն Թադևոսյանի լիազորությունները չեն դադարեցվել վերոնշյալ հիմքերից որևէ մեկով։ Այսպիսով, Սամվել Թադևոսյանը համապատասխան պահանջները բավարարելով, դիմել է որպես նախկին դատավոր առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար և Բարձրագույն դատական խորհրդի կողմից 7 կողմ 3 դեմ ձայներով ընդգրկվել է»,- հայտնել էին ԲԴԽ-ից։
Այսինքն՝ ԲԴԽ-ից ասել էին՝ հա, դուք ճիշտ եք, ու ի՞նչ… Ինչ ուզում ենք, անում ենք, լավ ենք անում:
168.am-ի տեղեկություններով, սակայն, ԲԴԽ-ում ծվարած կոռուպցիոների ու շուստրի դատավորի պլանն առաջին փուլով ձախողվել է. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը չի ստորագրել Սամվել Թադևոսյանին դատավոր նշանակելու միջնորդությունը և դիմումը հետ է ուղարկել ԲԴԽ:
Բարձրագույն դատական խորհրդից, ի պատասխան մեր հարցին, թե ինչ հիմնավորմամբ է ՀՀ նախագահը հետ վերադարձրել ԲԴԽ միջնորդությունը, պատասխանեցին՝ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ դռնփակ նիստում քննարկվող հարցերն ու այլ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
«Եվ քանի որ Ձեր կողմից հնչած հարցը ևս դռնփակության կարգով է քննարկվում, հետևաբար՝ մանրամասներ հայտնել չենք կարող»,- ասաց ԲԴԽ խոսնակը:
Սամվել Թադևոսյանը, իհարկե, ԲԴԽ-ում կերդվի ու կդառնա դատավոր, որովհետև ԲԴԽ-ում ծվարած կոռուպցիոները վստահաբար կհոգա այդ մասին, սակայն առնվազն ՀՀ նախագահը չի հավատում ԲԴԽ «պարզաբանմանը»: