Ինչ կարելի է Աննա Հակոբյանի ընկերուհուն, չի կարելի ընդդիմադիր իրավապաշտպանի կնոջը
Փաստաբան Լուսինե Սահակյանը, նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին, արձագանքելով դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշմանը, որին կողմ էր քվեարկել նաև Խորհրդի անդամ Նաիրա Հովսեփյանը, գրառում էր կատարել՝ հրավիրելով ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությունը։
«Ասում են՝ ֆեյսբուքյան գրառումները կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսանում։ Եթե կարևոր չէ, թե գրառումն ով է կատարել և որ դատավորի վերաբերյալ, ապա ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությանն եմ ներկայացնում հաղորդում առ այն, որ դատավոր Նաիրա Հովսեփյանը բազմաթիվ գործերով ուշացնում է դատական ակտերի հրապարակումը, որով խախտում է կողմերի իրավունքները։
Մինչ իրական դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը Ն.Հովսեփյանի կողմ քվեարկելը մենք նշված խախտումը փորձում էինք մեկնաբանել դատարանների ծանրաբեռնվածությամբ և չէինք բարձրաձայնում։
Բայց պարզվում է դա լրջագույն խախտում է և նման խախտում թույլ տված դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Համենայնդեպս այդպես է կարծում նմանատիպ բազմաթիվ խախտումներ թույլ տված դատավորը։ Եվ ուրեմն ներկայացնում եմ դրանցից ընդամենը երկուսը։
1. Այսպես, ԵԴ/16183/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Արթուր Վանեցյանի ընդդեմ Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ-ի (1in.am) դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 18.02.2022 թվականը։ Մինչ օրս դատական ակտը չի տրամադրվել։
2. ԵԿԴ/1912/02/16 քաղաքացիական գործով ըստ իմ հայցի ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 24.09.2020 թվականը։ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ, ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՆՑ, մինչ օրս դատական ակտը ոչ միայն չի տրամադրվել, այլ նաև չի հրապարակվել»,- գրել էր Սահակյանը։
Նմանատիպ մի գրառում էլ փաստաբան Արսեն Բաբայանն էր կատարել:
Այդ ժամանակ 168.am-ը բանավոր հարցում էր կատարել Արդարադատության նախարարությանը՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք դատավորի կողմից կարգապահական ենթադրյալ խախտման թեման ուսումնասիրության առարկա է դարձել նախարարության կողմից:
Արդարադատության նախարարությունից մեզ պատասխանել էին, որ դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների և դրանց կապակցությամբ արդարադատության նախարարության կողմից իրականացվել են գործողություններ:
Ըստ այդմ՝ «28.12.2022 թվականի զեկուցագրերի հիման վրա արդարադատության նախարարին (այսուհետ՝ Նախարար) հայտնի է դարձել, որ՝
«www.aysor.am» լրատվական կայքում 27.12.2022 թվականին հրապարակվել է Արսեն Բաբայանի հայտարարությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի (այսուհետ՝ Դատավոր) կողմից թիվ ԵԴ/7402/02/19, թիվ ԵԴ/7515/02/19, թիվ ԵԴ/7275/02/19, թիվ ԵԴ/7319/02/19, թիվ ԵԴ/7483/02/19 և թիվ ԵԴ/9029/02/19 քաղաքացիական գործերով դատական ակտերը սահմանված ժամկետում չտրամադրելու վերաբերյալ,
«www.tert.am» լրատվական կայքում 27.12.2022 թվականին հրապարակվել է Լուսինե Սահակյանի հայտարարությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դատավորի կողմից թիվ ԵԴ/16183/02/20 և թիվ ԵԿԴ/1912/02/16 քաղաքացիական գործերով դատական ակտերը սահմանված ժամկետում չտրամադրելու վերաբերյալ:
Վերոգրյալի կապակցությամբ Նախարարի կողմից Վերահսկողական վարչությանը 28.12.2022 թվականին տրվել է հանձնարարական՝ նշված դատական գործերով իրականացնել Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առերևույթ առկայությունը պարզելուն ուղղված ուսումնասիրություն»,- ասել էին Նախարարությունից:
Հավելել էին նաև, որ նախարարի հանձնարարականի կատարումն ապահովելու համար, միաժամանակ հիմք ընդունելով այն, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսացող՝ զանգվածային լրատվության միջոցների հիշատակված հրապարակումները պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով կարող են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար կարգապահական վարույթ հարուցելու առերևույթ հիմք հանդիսանալ՝ Վերահսկողական վարչության կողմից համապատասխան գրություններով հրապարակումներ կատարած անձանց առաջարկվել է տրամադրել իրենց տրամադրության տակ գտնվող վկայակոչված քաղաքացիական գործերի վերաբերյալ բոլոր նյութերը:
«Հաշվի առնելով, որ քննարկվող դեպքում առկա է կարգապահական վարույթ հարուցելու առիթը՝ կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցի հրապարակումը, դրա կապակցությամբ կատարվող ուսումնասիրության արդյունքում Դատավորի արարքում կարգապահական խախտման առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու հիմքերի բացակայության և կարգապահական վարույթ հարուցելու ժամկետները պահպանված լինելու պայմաններում՝ Նախարարի կողմից կիրացվի Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասությունը»,- ասված էր ԱՆ պատասխանում:
Այս պատասխանից մոտ 1.5 ամիս անց փորձեցինք հասկանալ՝ արդյո՞ք, ի վերջո, հարուցվեց կարգապահական վարույթ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ, թե՞ այն, ինչ կարելի է Աննա Հակոբյանի ընկերուհուն, չի կարելի ընդդիմադիր իրավապաշտպանի կնոջը:
Մեր հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունից պատասխանեցին՝ «երբ նորություն լինի և օրենքով կաշկանդվածություն չենք ունենա`պատշաճ ընթացակարգով հանրությանը կտեղեկացնենք»:
168.am-ն, իհարկե, հետևողական կլինի և այս թեմայի շուրջ զարգացումները կպահի իր ուշադրության կենտրոնում, սակայն մինչ այդ մի հետաքրքիր փաստի մասին:
Պարզվում է՝ 2020թ. հունվարի 24-ի թիվ 12-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ և նախարարի 2020թ. մարտի 6-ի թիվ 30-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ-ին:
Այս մասին մեզ, ի պատասխան 168.am-ի հարցման, տեղեկացրել էին Դատական դեպարտամենտից:
ԲԴԽ-ն, դռնփակ նիստում քննության առնելով այդ միջնորդությունը, 2020թ. մայիսի 5-ի թիվ ԲԴԽ-9-Ո-Կ-4 որոշմամբ բավարարել է այն և դատավոր Նաիրա Հովսեփյանին ենթարկել հնարավոր կարգապահական տույժերից ամենաթույլին՝ հայտարարելով նախազգուշացում, և սա այն դեպքում, երբ վերջինս ոչ պակաս էական կարգապահական խախտում էր թույլ տվել:
Թե ինչպես էր Նաիրա Հովսեփյանը հասել պատժի ամենաթույլ տեսակին, թողնենք նրա հիշողության ծալքերին: