Երեկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննության հերթական նիստն էր: Դատավորը հերթական անգամ մեղադրվում է դատական ակտը կողմին չափազանց ուշ տրամադրելու մեջ, տվյալ դեպքում՝ 1.5 տարի, ինչը կողմի համար հետևանք է առաջացրել:
Կարծես թե հերթական բեմադրությունն է նախապատրաստվում «Կարեն Անդրեասյան փրոդաքշըն»-ում: Այս անգամ ուշադրության կենտրոնում է լինելու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, հիմա նաև Վճռաբեկ դատարանի դատավոր, դատական ակտերն ուշացնող դատավորներին քարկոծող, նրանց լիազորությունները դադարեցնելուն կողմ քվեարկող, «Ուշացած արդարադատություն» ֆիլմի դերակատարներից Նաիրա Հովսեփյանը:
««Ինչո՞ւ ես» հարցի պատասխանը ես խուսափում եմ բարձրաձայնել: Իմ ընտանիքը ենթադրում էր, որ ընտրությունը պիտի կանգնի հենց ինձ վրա, և իմ լիազորությունների դադարեցումը ոչ այնքան պայմանավորված էր որոշումների տրամադրման ուշացմամբ, որքան իմ ընտանիքի կազմի կոնկրետ անձով (իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան՝ Աննա Փիլոսյանի ամուսինը.- Գ.Ս.)»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Աննա Փիլոսյանը, ում լիազորությունները դադարեցվել են նախորդ տարեվերջին: