Ո՞ւր են տանում բանկային համակարգում սկսված ակտիվ պրոցեսները
Հայաստանի բանկային համակարգում վերջին շրջանում մի տեսակ ակտիվ խմորումներ են ընթանում։ Հաճախ չի պատահում, որ իրար հետևից համակարգի երկու լավագույն բանկերը հայտարարեն ակտիվները վաճառելու մասին։
Սա որոշակի անհանգստություններ է առաջացրել հաճախորդների շրջանում։ Հատկապես որ, վաճառքը կապված չէ բանկերի գործունեության արդյունքների հետ և պայմանավորված չէ ֆինանսական խնդիրներով։ Երկուսն էլ աշխատում են բարձր շահութաբերությամբ և բանկային համակարգի լավագույններից ու առաջատարներից են։
Բայց դա չխանգարեց, որպեսզի բանկերի սեփականատերերը որոշեն դուրս գալ շուկայից։
Թե իրականում ի՞նչ կա թաքնված այս գործընթացների տակ, դեռ վաղ է ասել։ Բայց այն, ինչ տեղի է ունենում բանկային համակարգում, շատերի մոտ մտահոգությունների տեղիք է տվել։ Մարդիկ անկեղծ զարմանում են, թե ինչո՞ւ հանկարծ ֆինանսական շուկայում հաջողությամբ գործող և բարձր շահույթներ գեներացնող երկու խոշորագույն բանկերի սեփականատերերն իրար հետևից որոշեցին վաճառել իրենց ակտիվները։
Նախ՝ այդ մասին հայտնեց հայտնի միջազգային բանկերից մեկը՝ ի դեմս բրիտանական HSBC բանկի, որը Հայաստանում հանդես էր գալիս «HSBC բանկ-Հայաստան» անվանումով։ Բանկը դա պատճառաբանեց նրանով, որ ռազմավարական վերանայման արդյունքում որոշում է կայացվել կապիտալը վերաբաշխել ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններով։
Ուստի, նպատակահարմար չի գտնում շարունակել ներկայությունը Հայաստանում։
Հայաստանի ֆինանսական համակարգում գրեթե երեք տասնամյակ հաջողությամբ աշխատելուց հետո, HSBC-ի հեռանալն անակնկալ էր շատերի համար։
Բայց բանկային համակարգում սկսված խմորումները դրանով չավարտվեցին։
Հաշված օրեր հետո հայտարարվեց մեկ այլ՝ «Ամերիաբանկի» վաճառքի մասին։
Իհարկե, բանկի վաճառքի շուրջ խոսակցություններ վաղուց կային, բայց պաշտոնական հավաստում չկար։
HSBC Հայաստան բանկի գործարքից հետո, այս մեկն էլ հաստատվեց։ «Վրաստանի բանկի» սեփականատեր «Bank of Georgia Group PLC»-ն հայտարարեց Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Ամերիաբանկի» 100 տոկոս բաժնետոմասի գնման մասին։
«Bank of Georgia Group PLC»-ը Հայաստանի լավագույն և ակտիվներով մեծությամբ երկրորդ խոշոր բանկը պատրաստվում է գնել 303,6 մլն դոլարով։
Սա լա՞վ գին է «Ամերիաբանկի» համար, թե՞ ոչ, անշուշտ, սեփականատերերի որոշելիքն է։
Բայց փաստ է, որ վերջին երկու տարիներին «Ամերիան» աշխատել է բարձր շահութաբերությամբ։
Երկու տարում բանկի զուտ շահույթները կազմել են ավելի քան 90 մլրդ դրամ. 44 միլիարդ՝ 2022թ., և 46 միլիարդ՝ 2023թ.։ Այդ ցուցանիշով այն զիջել է միայն «Արդշինբանկին»։
Եթե այս գումարները վերածենք տարադրամի, կստացվի, որ վերջին երկու տարում «Ամերիաբանկը» ստացել է 225-230 մլն դոլարի զուտ շահույթ։
Հիշեցնենք, որ «Վրաստանի բանկի» սեփականատեր «Bank of Georgia Group PLC»-ը հայտարարել է «Ամերիան» 303,6 մլն դոլարով գնելու մասին։
Ինչպես տեսնում ենք, վաճառքի գինը շատ չի տարբերվում այն շահույթներից, որն «Ամերիաբանկը» ստացել է երկու տարվա տարվա ընթացքում։
Թեև հայտարարվեց, որ «Ամերիայի» վաճառքի շուրջ բանակցությունները վաղուց են սկսվել, շուրջ երկու տարի առաջ, այնուհանդերձ այն բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Մասնավորապես այն առումով, որ դա այն գինն է, որը վճարվել է բանկի ամենախոշոր սեփականատիրոջ՝ Ռուբեն Վարդանյանի ազատության դիմաց։ Ճիշտ է, այդ խոսակցությունները Ռ.Վարդանյանին մոտ կանգնած աղբյուրները հերքեցին՝ հայտարարելով, որ նա որևէ առնչություն չունի «Ամերիաբանկի» հնարավոր վաճառքի հետ, որ Ռուբեն Վարդանյանն անձամբ չի հանդիսանում «Ամերիաբանկի» բաժնետեր, և նրա՝ բանկում ունեցած 48,8 տոկոս բաժնեմասը հանձնված է կառավարման «Իմաստ գրուպ» ընկերությանը։
Իսկապես Ռուբեն Վարդանյանը վաղուց բանկի կառավարման հետ կապ չի ունեցել։ Ու որքան էլ նրա մասնակցությունն «Ամերիայում» վճռորոշ է եղել, այնուհանդերձ 48,8 տոկոսը բավարար չէր կարող լինել բանկի ապագայի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնելու համար։ Ենթադրվում է, որ դա եղել է բաժնետերերի կամ առնվազն նրանց կեսից ավելիի որոշումը։
Թե ինչպիսի՞ն է եղել ամենախոշոր մասնակցի վերաբերմունքն այս գործարքին, առայժմ հայտնի չէ։ Այդ մասին Ռուբեն Վարդանյանը կամ նրա լիազորված անձը որևէ դիրքորոշում չի հայտնել։ Թեև դա այլևս նշանակություն չունի բանկի վաճառքի գործում։
Գործարքը կողմերի միջև ամբողջությամբ համաձայնեցված է։ Բանակցություններն ավարտվել են, բայց կան որոշակի ընթացակարգային հարցեր։ Մասնավորապես այն դեռ պետք է հաստատվի վաճառող և գնող ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովների կողմից։ Այնուհետև արժանանա կարգավորող մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական բանկի հավանությանն ու հաստատմանը։
Կենտրոնական բանկի պարտավորությունների մեջ է մտնում ստուգել նաև «Ամերիաբանկը» ձեռք բերող բանկի, այդ թվում՝ բաժնետերերի կազմի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, որից հետո հաստատել կամ մերժել գործարքը։
Իհարկե, հավանականությունը քիչ է, որ գործարքը կմերժվի։ Նման դեպքերում, կողմերը գրեթե ամեն ինչ, այսպես ասած՝ մաքուր էջի հասցնելուց հետո են բացահայտում գործարքի մասին։
Չնայած «Ամերիաբանկի» հնարավոր վաճառքի պարագայում որոշակի մտահոգություններ կան՝ կապված այն տեղեկությունների հետո, որ «Վրաստանի բանկի» բաժնետերերի մեջ կարող են լինել ազգությամբ թուրքեր և ադրբեջանցիներ, ինչը ռիսկեր կստեղծի բանկի հաճախորդների տվյալների վերաբերյալ երրորդ կողմի հասանելիություն ստանալու առումով։
«Ամերիաբանկի» վաճառքի հետ կապված կան տարբեր գնահատականներ՝ և՛ դրական, և՛ բացասական։ Ամեն դեպքում՝ դեռ վաղ է միանշանակ ասել՝ այն ձեռքբերո՞ւմ, թե՞ կորուստ կլինի Հայաստանի բանկային համակարգի համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ