Ուղտը «խոպանչիների» դռանն էլ չոքեց. Բա գիտեիք՝ ձեզ չեն հասնելո՞ւ

Անցնում են այն ժամանակները, երբ արտաքին հայտնի գործոնների արդյունքում պետական բյուջե օդից մեծ գումարներ էին մտնում, կառավարությունն էլ ներկայացնում էր, թե տնտեսությունն այնքան է զարգացրել, որ բյուջեն փողի որևէ խնդիր չունի։ Փողը երկնքից թափվում էր։

Բայց վերջին շրջանում արտաքին գործոնների ազդեցությունն այլևս նախկինը չէ, գնալով թուլանում է, պակասում են նաև այստեղից բյուջե մտնող գումարները։

Մինչ բյուջե մտնող գումարները պակասում են, կառավարության ախորժակն ավելի է բացվում։ Ու այն հագեցնելու համար տնտեսության ու քաղաքացիների կաշին են քերթում։

Որտեղ մի չնչին հնարավորություն են տեսնում՝ հարձակվում են, հարկեր են պահանջում, հարկային բեռ են դնում, տույժեր  ու տուգանքներ են սահմանում։

Կարդացեք նաև

Հերթն արտագնա աշխատանքի մեկնողներինն է՝ «խոպանչիներինը», ովքեր ամիսներով, տնից-տեղից կտրված, ռուսաստաններ են մեկնում՝ գումար աշխատելու, որպեսզի կարողանան կերակրել իրենց ընտանիքները։

Կառավարությունը որոշել է, որ դրսում աշխատած այդ գումարների մի մասը պետք է տան պետությանը։

Պետեկամուտների կոմիտեն արդեն սկսել է ծանուցագրեր ուղարկել այն քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի են մեկնել, դրսում գումարներ են աշխատել, բայց պետության փայը չեն տվել։ Պահանջում են սեղմ ժամկետում հարկայինին ներկայացնել եկամտային հարկի ու սոցիալական վճարի տարեկան հաշվարկ և վճարել առաջացած հարկերը։ Չվճարելու դեպքում, բնականաբար, անխուսափելի կլինի տուգանքը։

Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած բազմաթիվ քաղաքացիներ արդեն հասցրել են այդպիսի ծանուցումներ ստանալ՝ պետությանը հարյուր-հազարների հասնող պարտքեր ունենալու ու դրանք վճարելու պահանջով։

Խոսքն այն քաղաքացիների մասին է, ովքեր դրսում օրինական աշխատել են, գրանցված աշխատողներ են եղել ու տեղում վճարել են իրենց հարկերը։ Տեղում վճարել են, բայց պիտի վճարեն նաև Հայաստանում։

Իշխանության գալուց կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստորագրել, իսկ երեք տարի առաջ վավերացրել է մի արձանագրություն, որի շրջանակներում էլ պարտավորեցնում է «խոպանչիներին» դրսում վաստակած գումարներից վճարել եկամտային հարկ ու սոցիալական վճար։ Չնայած այս մարդիկ արտերկրում օրինական գրանցված աշխատել են, վճարել իրենց հարկերը, մի բան էլ պիտի վճարեն այստեղ։

Խնդիրն այն է, որ Ռուսաստանում եկամտային հարկն անհամեմատ ավելի ցածր է, քան Հայաստանում։ Ռուսաստանում 13 տոկոս է, Հայաստանում անցած տարվանից դարձել է 20 տոկոս։ Մինչ այդ՝ ավելի բարձր էր։

Ռուսաստանում ու Հայաստանում գործող եկամտային հարկի տոկոսադրույքի այս տարբերության չափով «խոպանչիներն» իրենց եկամուտներից պարտադրված են լինելու վճարել Հայաստանում, որովհետև 2020թ. փետրվարին Հայաստանի ժողովրդական իշխանությունները, հավանաբար ժողովրդի սիրուց դրդված՝ վավերացրել են մի փաստաթուղթ, ինչն արտագնա աշխատանքի մեկնողներին դնում է նման պարտադրանքի տակ։ Այդ գումարներն են, որ հիմա պահանջում են հարկային մարմինները. արդեն սկսել են ահաբեկել այն քաղաքացիներն, ովքեր դրսում աշխատել ու գումարներ են վաստակել՝ իրենց ընտանիքներին կերակրելու համար, իսկ պետության հասանելիքը չեն տվել։

Բայց սա դեռ սկիզբն է։ Այս փուլում կարողանում են նույնականացնել միայն նրանց, ովքեր օրինական գրանցված են եղել դրսում, ու էլեկտրոնային հարթակում երևում է, թե ինչքան հարկ են վճարել։

Հաջորդ փուլում դա պարտադրելու են բոլոր նրանց, ովքեր դրսում արտագնա աշխատանք են կատարել ու եկամուտ ստացել։ Կապ չունի՝ օրինական գրանցված են եղել, այնտեղ հարկերը վճարել են, թե ոչ։ Եթե չեն վճարել, այստեղ ավելի շատ կվճարեն՝ դրսում ստացած եկամուտների 20 տոկոսը ստիպված կլինեն տալ կառավարությանը, որպեսզի իրենց ավելի շատ պարգևավճար բաժանեն ու ճոխ ծախսեր անեն։

Մարդիկ դրսում մի քանի կոպեկ փող են աշխատում, որ ընտանիք պահեն, այդ գումարներով հազիվ ծայրը ծայրին հասցնում են՝ իշխանություններն ուզում են դա էլ խլել։ Ու խլելու են՝ կասկած չունենանք։

Ժամանակին, երբ զգուշացնում էին, լսող չկա, կարծում էին՝ իրենց չեն հասնելու։ Հիմա պատրաստվեք կառավարության հետ կիսել չարքաշ աշխատանքով վաստակած ձեր գումարները։

Դրա համար էին եկամուտների համընդհանուր հայտարարագրում մտցնում։ Այն արդեն ուժի մեջ է։

Ոչ բոլորի համար, բայց սկսել է գործել։ Արդեն այս տարի հասարակության որոշ խմբեր պարտավոր են մինչև մայիս եկամուտների հայտարարագիր ներկայացնել։

Այդ խմբերից մեկն էլ նրանք են, ովքեր 2023թ. ընթացքում եկամուտներ են ստացել դրսի աղբյուրներից։

Այդպիսիք են նաև և առաջին հերթին արտագնա աշխատանքի մեկնողները, որոնց քանակը Հայաստանում հասնում է տասնյակ, եթե ոչ՝ հարյուր-հազարների։

Նորություն չէ, որ նրանց փոքր մասն է դրսում օրինական գրանցված աշխատանք կատարում։ Մյուսներն աշխատում են առանց գրանցվելու, առանց գրանցվելու էլ եկամուտներ են ստանում, որը ոչ մի տեղ չի երևում։ Եկամուտների համատարած հայտարարագրի ներդրումից հետո, այս մարդիկ պարտավոր են պետությանը հայտնել, թե ինչքան եկամուտ են ստացել դրսում, որպեսզի հետո այդ գումարներից վճարեն նաև իրենց հարկերը։

Այն, ինչ Պետեկամուտների կոմիտեն հիմա անում է դրսում օրինական գրանցում ստացած քաղաքացիների հետ, դրանով արտագնա աշխատանքի մեկնողներին նախապատրաստում է այս շատ ավելի մեծ միջոցառմանը՝ եկամուտների համատարած հայտարարագրման, որը ենթադրում է հարկերի վճարում՝ դրսում աշխատած գումարների դիմաց։ Ու որքան էլ մարդիկ գլուխ են կոտրում հասկանալու համար, թե ինչո՞ւ պիտի դրսում իրենց աշխատած գումարներից, որոնց հետո իշխանությունները ոչ մի կապ չունեն, հարկ վճարեն պետությանը, իշխանություններն արդեն նրանց փոխարեն որոշել են։

Որոշել են, որ դրսում աշխատած գումարները Հայաստանում պետք է հարկվեն։ Կապ չունի, որ կառավարությունը կամ պետությունը որևէ առնչություն չունի այդ գումարների հետ, և մարդիկ ամիսներով տուն ու տեղ թողած, հազար ու մի փորձության միջով անցնելուց, դժվարություններ հաղթահարելուց հետո, մի քիչ փող են կարողացել վաստակել, որպեսզի հոգան իրենց ընտանիքի կարիքները, ու հիմա կանգնելու են այսպիսի խնդիրների առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս