Փաշինյանը գտել է իր «ուղիղ դավաճանության» պատասխանատվության կրողին

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց վերլուծությունը ցույց է տվել, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողությունները սկսել սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով:

«Այս մտադրությունն ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում»,- շեշտել է Փաշինյանը:

Այն մասին, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, այս ընթացքում բազմիցս զգուշացվել է, պարզապես սկզբնական շրջանում իշխանությունները կամ դա չէին նկատում, կամ փորձում էին թաքցնել հանրությունից:

Այսօր էլ թեև հրապարակավ Նիկոլ Փաշինյանն ընդունում է այս իրողությունը, սակայն գործնականում ճիշտ հակառակ քայլերն է անում ու բանակին թույլ չի տալիս գործել ըստ անվտանգային իրողության, ընդ որում, օրենքի սահմաններում: 168.am-ն այս մասին մեկ անգամ չէ, որ գրել է։ 

Կարդացեք նաև

Բայց ամեն օր նոր փաստեր են ի հայտ գալիս, որոնք արժանի են ուշադրության և հաստատում են, որ Նիկոլ Փաշինյանը գործում է օրենքից դուրս, և նրա նպատակը բնավ էլ ՀՀ-ի և հայկական բանակի անվտանգությունը չէ, որ նա գործում է միայն թուրք-ադրբեջանական շահերից ելնելով՝ լեգիտիմ հիմքեր տալուց՝ մինչև հայկական բանակի համար ոչ լեգիտիմ խնդիրներ հորինելով:

 Եվ այսպես՝

Առաջին, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է, թե որոնք են ՀՀ վարչապետի լիազորությունները, մասնավորապես, նա «պարտավոր է իրականացնել սպառնալից իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ»:

Օրենքում նշվում է նաև, որ «Հայաստանի Հանրապետությանն սպառնացող անմիջական վտանգի և (կամ) զինված հարձակման դեպքում պետք է քննարկվի «պետությունն անհրաժեշտ պատրաստականության աստիճանների բերելու, ռազմական դրություն կամ պատերազմ հայտարարելու, զինված ուժերի կիրառման պլանը գործողության դնելու, ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու նպատակահարմարության հետ կապված հարցերը», և այլն:

Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը. բանակի համար սահմանում է լեգիտիմ և ոչ լեգիտիմ խնդիրներ, և արգելում թշնամու սադրանքին պատասխանել կամ այն կանխել:

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը ԶՈՒ խնդիրների մասին է, մասնավորապես, դրանք են՝

– Հայաստանի Հանրապետության վրա հնարավոր զինված հարձակման կանխումը, կասեցումը, լարվածության օջախի չեզոքացումըռազմական գործողությունների իրականացումը, հրադադարի կամ հաշտության պարտադրումը` զինված ուժերի մասնակի կամ լրիվ ծավալմամբ:

Ստացվում է՝ երկրի ղեկավարը և իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած անձը ՀՀ զինված ուժերին պարտադրել և պարտադրում է խախտել օրենքի պահանջը: Բայց այս հարցում ևս, հատկապես Ներքին Հանդի դեպքի համատեքստում, երբ հայկական կողմը 4 զոհ ունեցավ, Փաշինյանն իրեն փորձում է ապահովագրել: Մասնավորապես, դեպքի օրը՝ փետրվարի 13-ին, նախ, ինչպես 168.amգրել էր Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը» «պադստավկա» արեց Սուրեն Պապիկյանին, այնուհետև Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է. 

«Ադրբեջանական մամուլը երեկ երեկոյան տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ այսօրվա միջադեպի հատվածում Հայաստանի դիրքապահը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Դրանից անմիջապես հետո Հայաստանի Ռազմական ոստիկանությունը հայտարարեց, որ այդ տեղեկությունների հիման վրա հետաքննություն է սկսվել, որովհետև ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների:

Եվ դա շատ հստակ ուղերձ էր Հայաստանի կողմից, և Ռազմական ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ հստակ ասվում էր, որ եթե այդ փաստն ապացուցվի, դա կնշանակի հրամանի խախտում՝ դրանից բխող իրավական հետևանքներով»:Այսինքն, հարցը ինչ լուծում էլ ստանա, պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանը դրեց ՀՀ պաշտպանության նախարարության վրա՝ ի դեմս Սուրեն Պապիկյանի: Այսինքն, կամ ադրբեջանական սադրանքի «պատճառ» դարձած հայ դիրքապահին պիտի դատապարտի ՊՆ-ն, կամ՝ ինչ-որ պահի Փաշինյանը կհիշի իր 2021 թվականի նոյեմբերի 17-ի խոսքը՝ «Ի բնե հնարավոր չէ այդպիսի բան, որ ՀՀ-ի սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման, դա կլինի ուղիղ պետական դավաճանություն»:

Եվ ոչինչ, որ 2023 թվականի դեկտեմբերին Պետրոս Ղազարյանի մոտ Փաշինյանը խոստովանական ցուցմունք էր տվել, որ 2021թ. մայիսին բանակին չկռվելու քաղաքական հրաման է տրվել:

Նա, մասնավորապես, ասել էր. «Ընդ որում, ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել էլի Սոթք-Խոզնավարի դեպքերի վրա։ Ես այդ ժամանակ հրաժարական եմ տվել, Ազգային ժողովը լուծարվել է, և հունիսի 20-ին նշանակվել են ընտրություններ, այսինքն` իմ հրաժարականը, եթե չեմ սխալվում, ուժի մեջ է մտել մայիսի 10-ին կամ 11-ին։ Դրանից հետո կամ այդ օրերին Հայաստան է այցելել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, Երևանից մեկնել է Բաքու, Բաքվից մեկնել է Մոսկվա։ Ուղղակի ժամանակագրությունն եմ ասում` ոչ մի բան նկատի չունենալով։ Եվ տեղի է ունեցել Սոթք-Խոզնավարը։ Մեծ էր հավանականությունը, որ Հայաստանի կառավարությունն, ասենք, այլ ռեակցիա կտար, ինչի բերումով Հայաստանում ընտրություններ տեղի չէին ունենա, ինչը փաստացի կնշանակեր Հայաստանի Հանրապետության լուծարում։ Մենք հասկանում ենք, չէ՞, դրա քաղաքական հետևանքները։ Այն ժամանակ մեզ շատ մեղադրեցին, թե մենք այն չենք անում, այն չենք անում, բայց մենք հասկանում էինք, որ Հայաստանի Հանրապետության լուծարման խնդիր է դրված։ Զրո արձագանք ՀԱՊԿ-ից և զրո արձագանք Ռուսաստանից։ Ընդ որում, այն ժամանակ էլ մեր ընդդիմությունն ասում էր` լավ չեք դիմել, այս հոդվածի փոխարեն՝ դիմել են ուրիշ հոդվածով, դրա համար էլ ռեակցիա չի եղել։ Եվ կա ուրիշ մեղադրանք, թե Հայաստանի բանակը չի կռվել, ինչի՞ պիտի ՀԱՊԿ-ը կռվի։ Դրանից հետո տեղի ունեցան 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Այդ ժամանակ Հայաստանի բանակը կռվեց»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ 2021 թվականի մայիսյան ադրբեջանական առաջխաղացումների ժամանակ բանակը չի դիմադրել, չի կռվել: Իսկ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ Արտակ Դավթյանը:

Ի դեպ, 2021 թվականի մայիսին տեղի ունեցած ադրբեջանական առաջխաղացումների գործով կա քրեական գործ, որով անցնում է գեներալ Արայիկ Հարությունյանը, ով այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:

Հավելենք, որ 2023 թվականի ապրիլին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս լրագրողների հետ զրույցում հաստատել էր փաստը, որ ինչ-որ ժամանակ զորքը չի կրակել:

«…Առաջ իրենք կրակում էին, մենք չէինք կրակում, իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը։ Եթե առաջ մենք ավելի շատ զոհ էինք տալիս, հիմա այդպես չէ»,- 2023 թվականի ապրիլի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր իշխանական պատգամավորը, ով ավելի ուշ «Ֆակտորի» հետ զրույցում սրբագրել էր իր խոսքերը, ինչո՞ւ չէ՝ բառախաղի դիմել՝ ասելով, որ նկատի է ունեցել հոգեբանական գործոնները։

«Ով ասեց՝ հրամանով չէին կրակել, հոգեբանական բարդույթ ունեինք, որը հաղթահարված է: Դա կոչվում է հետպատերազմյան բարդույթ, այսինքն՝ կաշկանդված էին, շփոթված՝ զինվորից մինչև հրամանատար: Այսօր պատկերը լրիվ այլ է»,– պարզաբանել էր Քոչարյանը:

Հիմա, փաստորեն, նորից չկրակելու հրաման կա, հետաքրքիր է՝ հիմա ըստ Քոչարյանի՝ պատճառը «ուղիղ դավաճանությո՞ւնն» է, զորքի բարոյահոգեբանական վիճա՞կը, թե՞ Փաշինյանի՝ տապալված խաղաղության օրակարգը չթաղելու ցանկությունը:

Ինչ վերաբերում է բանակին, ապա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրք-օրենքով «ոչ ոք իրավասու չէ սահմանափակել զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, որ սահմանված են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենսդրությամբ»: Իսկ թե որոնք են ԶՈՒ խնդիրները «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով: Այսինքն, զինված ուժերը չպետք է ենթարկվեն օրենքից և Սահմանադրությունից դուրս ոչ լեգիտիմ պահանջներին, և զոհեր տան թշնամու դիպուկահար կրակոցից, թեպետ առաջին օրն Ադրբեջանը քարոզչական ֆոնը ստեղծել էր, և համապատասխան հրաման պիտի լիներ: Այսինքն, հայկական կողմը պետք է համարժեք փորձի պատրաստվել թշնամու դիպուկահարային պատերազմին, ինչպես նախկին իշխանությունների օրոք էր արվում, ոչ թե Հայաստանի համար վտանգավոր թեզեր առաջ քաշվի:

Ի դեպ, թեպետ Ներքին Հանդում մեր զոհերը դիպուկահար կրակոցից են եղել, բայց Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԹՍ-ներ են կիրառվել, թե ինչու սա արվեց, կարող ենք միայն ենթադրություններ անել, բայց փաստ է, որ հաջորդ օրն Ադրբեջանը հայկական կողմին այլ ուղղությամբ հետախուզական ԱԹՍ-ներ կիրառելու մեջ մեղադրեց՝ առանց ապացույցի, իհարկե:

Երկրորդ, Շարունակենք միտքը, որ Նիկոլ Փաշինյանը չի գործում անվտանգային աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների համատեքստում, այլ պահի թելադրանքով, որից, թերևս, միայն ինքն է շահում, համենայնդեպս, բանակը չի շահում:

Ավելին, Նիկոլ Փաշինյանի գործողություններն ու որոշումները չի կարելի դիտարկել զուտ ռուսամետության կամ արևմտամետության, կամ հակառակի կոնտեքստում, որովհետև Փաշինյանը, ըստ պահի նպատակահարմարության է գործում և հանուն սեփական իշխանության պահպանման: Այսինքն, բանակը դրանից չի շահում, ոչ էլ ունենում ենք նոր որակի բանակ:

Բերենք թարմ օրինակ. 168.amգրել էր, որ փետրվարի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, և, որ այս պաշտոնը թափուր էր մոտ մեկ տարի՝ 2023 թվականի մարտի 14-ից, երբ դրանից ազատել էին գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանին: Մենք նշել էինք, որ այս որոշումը տեղի ունեցավ, երբ Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցության հարթությունում սկսեց «սառույցը հալվել» և ռուսական կողմը սկսեց կատարել սպառազինության մատակարարումների իր պարտավորությունները: Սրան զուգահեռ՝ ՀՀ կառավարությունը որոշեց, որ պիտի կրճատվի ՆԱՏՕում ՀՀ առաքելությունում ՀՀ ռազմական ներկայացուցչի հաստիքը, որը տևական ժամանակ թափուր էր, այսինքն, ՀՀ պաշտպանության նախարարություն-ՆԱՏՕ պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակներում տվյալ հաստիքի հետագա պահպանումը այլևս նպատակահարմար չէ: Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար է համարել նրա փոխարեն պաշտպանության հարցերով կցորդ ունենալը: Այս որոշումից օրեր առաջ բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր.

«…Նախկինում ունեինք Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, հիմա վերաֆորմատավորվում է այդ ծրագիրը՝ կրկին համագործակցության որոշակի ձևաչափի…»:

Թե այս վերաֆորմատավորումը դեռ էլ ինչեր է ենթադրում, ժամանակը ցույց կտա:

Հիշեցնենք, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկսվել են դեռևս 1992թ.-ին, երբ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին (որը 1997թ.-ին վերանվանվեց Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի` ԵԱԳԾ):
Համագործակցությունն ավելի ընդլայնվեց ու խորացավ, երբ Հայաստանը 1994թ.-ին միացավ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին:

2002թ.-ին ԳհԽ-ի Պլանավորման և վերլուծության գործընթացին Հայաստանի մասնակցությունը և 2004թ.-ին KFOR-ում հայկական ուժերի առաջին անգամ ներգրավումը ավելի խորացրեցին հարաբերությունները: 2005թ. վերջին ՆԱՏՕ-ն և Հայաստանը համաձայնության եկան երկրի առաջին անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) վերաբերյալ:

Նախկին իշխանությունները կարևորել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը՝ այն չդիտարկելով ընդդեմ ՀԱՊԿ-ի գործողություն, այսինքն, փորձել են վարել փոխլրացնող քաղաքականություն:

Իսկ 168.am-ի հետ հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ով երկար տարիներ ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչն է եղել, նշել էր.

«ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցչի իմ մոտ 10 տարվա ռազմադիվանագիտական ծառայության ընթացքում ձեռք բերված փորձը նպաստել է ՀՀ-ՆԱՏՕ փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ինչպես նաև ՆԱՏՕ անդամ երկրների` մեզ համար առնվազն մարտավարական մակարդակում «մարսելի» փոխգործակցության չափանիշների ընդօրինակմանը:

Հերթական անգամ պնդում եմ, որ ռազմական, մասնավորապես` մարտական պատրաստության ուղղությամբ, և ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է հրատապ «տասնապատկվի»: Իսկ թե ում հետ, դա արդեն պետք է լինի իշխանությունների քաղաքական ուղղորդումը: Պարզ ասած, եթե դաշնակիցը ՌԴ-ն է, ապա համագործակցությունը պետք է «տասնապատկվի» ՌԴ ԶՈՒ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում: Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ապա համապատասխանաբար իրենց հետ պետք է «տասնապատկվի» համագործակցությունը: Եթե դա Իրանը, Հնդկաստանը կամ Չինաստանն են, ապա պետք է սկսել 0-ից և համապատասխան համագործակցություն ծավալել: Իսկ ստեղծված պայմաններում «կոմպլեմենտար» համագործակցությունը ռազմական ոլորտում խիստ վտանգավոր է:

Արդյո՞ք երեք տարբերակներով նշված երկրները կամ կազմակերպությունները սպասում են մեզ, չեմ կարող պատասխանել իշխանությունների փոխարեն` ամբողջական տեղեկատվության բացակայության պատճառով: Համագործակցության ընտրվելիք ուղղության հետ կապված ռիսկերը կարող են գնահատվել միայն ու միայն ամբողջական և համապարփակ վերլուծության հիման վրա, որը, ի դեպ, համապատասխան գերատեսչությունների օրենսդրությամբ սահմանված լիազորությունն է, ինչպես նաև ԱԽ կողմից սահմանվելիք պաշտպանության ոլորտի քաղաքականության շրջանակներում»:

Մենք արդեն նշեցինք, որ Նիկոլ Փաշինյանը հեռու է սառը հաշվարկներից և ռիսկերի կառավարումից: Իսկ եթե ավելի հեռուն գնանք, ապա եթե կա սառը հաշվարկ, ապա դրանք միայն սեփական անձի պաշտպանությանն են ուղղված, իսկ պետությունը շարունակում է հեռու մնալ ռազմական ռելսերից:

Տեսանյութեր

Լրահոս