Ի գիտություն «Փաստերի ստուգման հարթակի»՝ բիզնեսը ոչ միայն կորցնում է վստահությունը. ակտիվացել է նաև կապիտալի արտահոսքը

168.am-ը 14.02.2024թ. հրապարակել էր հոդված՝ «Բիզնեսը կորցնում է վստահությունը» վերնագրով, որտեղ անդրադարձ էր կատարվել Հայաստանից հեղինակավոր HSBC բանկի հեռանալու շարժառիթներին, բիզնես ու ներդրումային միջավայրի վրա դրա հնարավոր հետևանքներին, Հայաստանի ներդրումային գրավչությանն ու վերջին տարիներին ի հայտ եկած ռիսկերին։

Արձանագրել էինք, որ անկախ նրանից, թե  ինչո՞վ է պայմանավորված Հայաստանից հեղինակավոր միջազգային բանկի դուրս գալը, դա բոլորովին էլ լավ բանի մասին չի խոսում, որ գրեթե 28 տարի Հայաստանում բարեհաջող գործելուց հետո բանկի հեռանալը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Նշել էինք, որ միջազգային հեղինակավոր բանկի հեռանալը թուլացնում է Հայաստանի տնտեսության նկատմամբ օտարերկրյա ներդրողների վստահությունը։ Հատկապես, որ այդ վստահությունը բոլորովին էլ բարձր չէ։

Հոդվածին շտապել է արձագանքել, այսպես կոչված՝ «Փաստերի ստուգման հարթակը» («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի), համարելով, որ «հոդվածի վերնագիրը և դրանում տեղ գտած պնդումները չեն արտահայտում «HSBC Հայաստան» բանկի վաճառքի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը և մանիպուլյատիվ բնույթ են կրում՝ ներկայացնելով ավելի շատ հեղինակի կարծիքը, քան իրական փաստերի վերլուծությունը»։

Կարդացեք նաև

«Փաստերի ստուգման հարթակը» զարմացած է, որ հոդվածում փորձագետի կարծիք կամ գնահատական տեղ չի գտել, որ գործարքի պաշտոնական պատճառաբանությունները ներկայացվել են որպես պատրվակ՝ բիզնեսը Հայաստանից հանելու համար:

Նախ ասենք, որ հեղինակի կարծիքն արդեն իսկ փորձագիտական կարծիք է կամ գնահատական և բոլորովին էլ պարտադիր չէ, որպեսզի այլ փորձագիտական կարծիքներ լինեն։

Ինչ վերաբերում է բանկի պաշտոնական պատճառաբանությանը, ապա նաիվ պետք է լինել՝ մտածելու, որ հեղինակավոր բանկը Հայաստանից դուրս գալը պետք է պաշտոնապես պատճառաբաներ բիզնեսի վստահության կորստով, որքան էլ ցանկացած ներդրողի համար Հայաստանում վստահության կորստի բազմաթիվ հիմնավոր պատճառներ կան՝ սկսած քաղաքական ու տնտեսական իրավիճակից, վերջացրած անվտանգային խնդիրներով ու ներդրումների պաշտպանվածությամբ։

Միայն այն, որ ներդրողը Հայաստանում կարող է բախվել այլ երկրի ուղղակի ռազմական ներգործության հետ, իսկ կառավարությունն ի վիճակի չլինի նրան պաշտպանել, ապահովել կատարված ներդրումների անվտանգությունը, բավական է՝ ներդրողների շրջանում երկրի ներդրումային միջավայրի նկատմամբ վստահության լրջագույն կորստի համար։

Ի գիտություն «Փաստերի ստուգման հարթակի»՝ սրանում երկրորդ կարծիք լինել պարզապես չի կարող, որքան էլ փորձ արվի Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ։

Եվ ընդհանրապես տպավորություն է, որ «Փաստերի ստուգման հարթակն» իրեն իրավունք է վերապահել գնահատականներ հնչեցնել՝ առանց ընկալելու թեմայի բովանդակությունը։

Խոսքը ոչ այնքան մեկ առանձին վերցրած ներդրողի, որքան Հայաստանի ներդրումային ընդհանուր միջավայրի մասին է, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան՝ ներդրումների անվտանգության ու պաշտպանվածության հետ կապված։

Հազիվ թե կարելի է կասկածել, որ Հայաստանում ներդրումների ռիսկայնությունը չափազանց բարձր է։ Ավելի է բարձրացել հատկապես վերջին տարիներին։ Օրինակները բազմաթիվ են։ Նաև այնպիսի, երբ խոշոր ներդրողներն են բախվել անհաղթահարելի խոչընդոտների հետ՝ նույնիսկ հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ներդրումներ անելուց հետո։ Վկա՝ միջազգային դատարաններում ընդդեմ Հայաստանի քննվող գործերը։

Այս բոլորն ի վնաս Հայաստանի ներդրումային միջավայրի է, որը հանգեցնում է ներդրողների շրջանում վստահության կորստի։ Դրա վկայություններից է նաև այն, որ ակտիվացել է բիզնես և ոչ բիզնես կապիտալի արտահոսքը Հայաստանից։

Հ.Գ. Որպես կանոն՝ սովորաբար չենք անդրադառնում այս կայքի հրապարակումներին. սակայն մտահոգիչ է այն, որ միջազգային հսկայական դրամաշնորհներով գործունեություն ծավալող այս հարթակը ոչ մասնագիտական վերլուծություններ է անում՝ թիրախավորելով մեդիաներին, և դոնորներին ներկայացնում՝ որպես «արված կարևոր աշխատանք»:

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս