«Ելքն իշխանափոխությունն է, սրանք եկել են՝ ջնջելու հայ ազգի հիշողությունն ու պատմությունը». Պատմաբան, բազմաթիվ դասագրքերի հեղինակ
Տևական ժամանակ է՝ քննարկվում է ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը՝ Հայոց պատմությունը Հայաստանի պատմություն դարձնելու վերաբերյալ։ Այս մասին սկզբում խոսեց Նիկոլ Փաշինյանը, թե գիտնականներ ու մանկավարժներ են դիմել ԿԳՄՍՆ-ին նման առաջարկով, սակայն որևէ գիտնականի կամ մանկավարժի անուն չտվեց, այնուհետև ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ դրեց նախագիծը։ Նախարարությունից ևս մինչ օրս որևէ գիտնականի անուն չեն նշել, թե ով է կոնկրետ նման առաջարկով հանդես եկել։
Երեկ ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կրկին որևէ մասնագետի անուն չնշեց, փոխարենը՝ հայտարարեց. «Մենք այսօր ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և ՀՀ դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմություն»։
Այս ամենին զուգահեռ՝ մասնագետները զգուշացնում են այն վտանգների մասին, որոնց կարող են հանգել Հայոց պատմությունն անվանափոխելով։ Որպես այդ վտանգներից մեկը՝ նրանք մատնանշում են այն, որ այդպիսով մոռանում են Արցախի ու պատմական Հայաստանի, սփյուռքի գաղթօջախների մասին, կենտրոնանալով միայն Հայաստանի պատմության վրա։
168.am-ի հետ զրույցում պատմաբան և դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանն ասաց՝ սա իշխանության հերթական քայլն է՝ պետական շահերին դավաճանելու, հայոց պատմնությունը մոռանալ տալու ճանապարհին։
«Նախ, ավանդույթի ուժով մեր բոլոր պատմիչներն իրենց պատմությունն անվանել են «Հայոց պատմություն», հաջորդը՝ երբ ասում ենք՝ Հայաստանի պատմություն, դա ասոցացվում է միայն այսօրվա պատմության հետ, ինչը կազմում է Նիկոլ Փաշինյանի ասած՝ 29.800 քկմ տարածքին վերաբերող պատմությունը։
Այսինքն՝ այս իշխանությունը նեղացնում է մեր պատմությունը, սահմանափակելով՝ հասնում այսօրվա տարածքին, դրանով կատարելով Ադրբեջանի պատվերը։
Նրանք այս ամենով մոռացության են տալիս Արցախի պատմությունը, նաև սփյուռքի ու գաղթօջախների պատմությունը, որովհետև, երբ ասում ենք՝ Հայոց պատմություն, նշանակում է՝ հայերի ու Հայաստանի պատմություն։ Իսկ երբ ասում ենք՝ Հայաստանի պատմություն, չենք կարող այնտեղ ներառել գաղթօջախների, սփյուռքի, Արցախի պատմությունը»,- նշեց պատմաբանը։
Նրա խոսքով՝ այս ամենը թույլ չտալու համար կա միայն մեկ ճանապարհ՝ իշխանափոխություն, հակառակ դեպքում իշխանությունները կիրականացնեն իրենց ծրագիրը, և արդյունքում հետագա սերունդներին նույնիսկ հնարավոր չի լինի փոխանցել Հայաստանի պատմությունը։
«Անձամբ այլ ճանապարհ չեմ տեսնում, քանի որ այս իշխանությունը հետևողականորեն, պարտվողական տրամաբանությամբ մեր երկիրը տանում է ենթարկելու թուրք-ադրբեջանական իշխանություններին։ Կրկնում եմ՝ ելքը իշխանափոխությունն է, սրանք եկել են՝ անելու այն քայլերը, որոնք թելադրվել են դրսից։ Նժդեհին սրանք ֆաշիստ էին անվանում, կամ որտե՞ղ եք տեսել, որ նախարարը հայտարարի, թե հայրենասիրությունը փուչիկ է, այս մարդն առհասարակ իրավունք ունի՞ առնչվելու կրթության ոլորտին։ Ասում են՝ մենք չգիտենք՝ ինչ է հայրենիքը՝ Ծովից ծով Հայաստա՞նը, թե՞ Երևանից Գառնի։ Հետևողականորեն սրանք Հայաստանը պատառ-պատառ թշնամուն հանձնելու ուղին են բռնել։ Ի՞նչ իմաստ կար հենց հիմա դնել ու քննարկել նման հարց, որը բոլորովին մեր շահերից չի բխում»,- հավելեց պատմաբանը։
Բազմաթիվ դասագրքերի հեղինակը պատմության մեջ չի հիշում որևէ դեպք, որ «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերը հանրակրթական դպրոցներ հասնեն սխալներով, խեղաթյուրված, ինչպես այսօր է։
«Խորհրդային ժամանակներում մեր պատմությունը կոչվում էր Հայ ժողովրդի պատմություն՝ թվագրվել է 1943 թվականին, իսկ դրանից հետո արդեն լույս են տեսել «Հայոց պատմություն» դասագրքերը։ Անգամ Խորհրդային Միության գաղափարախոսության շրջանում ես երբեք չեմ հանդիպել նման դասագրքի։ Այն գաղափարախոսությունը, որը դրված է այդ դասագրքի հիմքում, տանում է մեր պատմության ջնջմանը՝ հայ ազգի հիշողության ջնջմանը։ Հայոց պատմությունը մեր ժողովրդի կենսագրությունն է, իսկ այս իշխանությունն ուզում է ջնջել այդ կենսագրությունը։ Մեզ սրանք ասում են՝ հանեք Արցախը, գերբը, Արարատը և մոռացեք ամեն ինչ, սա այսօր այս իշխանության պետական քաղաքականություն է»,- շեշտեց պատմաբանը։
Շարունակելով միտքը՝ մեր զրուցակիցն ասաց՝ եթե այսպես շարունակվի, ապա հաջորդ սերունդներին Հայաստան փոխանցելը կլինի միայն երազանք։